«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռուսաստանաբնակ նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է, որը հայտնի է որպես TATEV: Նա օրերս «Գրան պրի»-ով է վերադարձել Սաուդյան Արաբիայում մարտի 9-19-ն անցկացված King Abdulaziz Camel Festival «World Folk Vision» անունը կրող փառատոնից: Պարոն Թադեւոսյանն անդրադարձել է փառատոնում Հայաստանի գրանցած հաջողությանը, ինչպես նաեւ, որպես Նկարիչների միության վարչության անդամ, անդրադարձել է միության ներկայիս գործունեությանը:
-Պարո՛ն Թադեւոսյան, խնդրում եմ, նախ, պատմեք՝ ինչպես որոշեցիք մասնակցել «World Folk Vision» փառատոնին, ինչով է այն առանձնանում, եւ որքանով էր կարեւոր Հայաստանի հաղթանակը:
-Ինձ համար՝ թե՛ որպես ստեղծագործողի, թե՛ որպես հայի, դա անմոռանալի երեւույթ էր: Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում մեր ազգակից մեծ բարերար Լիլիթ Կարապետյանից եւ մշակույթային ծրագրեր կազմակերպող Անետա Մարտիրոսյանից ստացա առաջարկ մասնակցելու էթնոմշակույթներ ներկայացնող հսկայական այդ փառատոնին, որն այս տարի անցկացվում էր Սաուդյան Արաբիայում: Այս միջոցառումն իր մասշտաբներով կարելի էր համեմատել միայն Օլիմպիական խաղերի հետ: Էթնոփառատոնին մասնակցում էր 100-ից ավել երկիր: Լիլիթ Կարապետյանն առաջարկեց ինձ ներկայանալ իմ նոր` «Նռների 39 դիմանկար» նախագծով: Եվ նա հարցրեց իմ տեսակետն այն մասին, թե հայրենիքից էլ ում կարելի է ընդգրկել փառատոնին մասնակցելու համար: Ես առաջարկեցի, որ «Տերյան» մշակութային կենտրոնը մասնակցի, վերջինս իր հերթին ներկայացրեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, «Մեգերյան Կարպետ»-ին: Թիմին միացան նաեւ մոսկվաբնակ խոստումնալից, հրաշալի երիտասարդ դուդուկահար Հարություն Խաչատրյանն ու դհոլահար Մարիա Սիվցովա-Մարտիրոսյանը: Այսպիսով՝ ձեւավորվեց մեր թիմը:
-Ինչպիսի՞ն էին էմոցիաները, երբ հաղթանակը մերն էր:
-Երբ երկրիդ դրոշը ձեռքումդ բարձրանում ես բեմ եւ ստանում ես մրցանակ, հասկանում ես, թե որքան կարեւոր է հայ մշակույթը ներկայացնելը: Ասեմ, որ 100 երկրից եզրափակիչ փուլ անցավ 16-ը, եւ այն, որ մենք այդ ցանկում էինք, արդեն իսկ մեծ ցուցանիշ էր: Եզրափակիչ փուլում մենք ներկայացրինք մի արտպրոեկտ, որի շրջանակում հնչում էր «Արցախ» ստեղծագործությունը՝ դուդուկի, դհոլի երաժշտության ներքո, ցուցադրվում էր սլայդշոու՝ իմ «Նռների 39 դիմանկար»-ը, ինչպես նաեւ 9 րոպեի ընթացքում ես մեծ կտավի վրա պատկերում էի մեր հայրենիքը: Հետո այդ նկարը նվիրեցինք փառատոնի նախագահին:
-Պարո՛ն Թադեւոսյան, քանի որ Դուք նաեւ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ եք, հետաքրքիր է, ի՞նչ կարծիքի եք, թավշա հեղափոխությունը միություն մուտք գործե՞լ է: Նախկինում նկարիչները շատ էին դժգոհում այն բանի համար, որ միության տարածքներն էին վաճառվել, որ ցուցահանդեսները կազմակերպվում էին միայն միության նախագահի եւ նրա յուրայինների նկարները ցուցադրելու համար եւ այլն…
-Կարող եմ ասել, որ միությունում իսկապես տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Իհարկե, դեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց մենք վստահ ենք, որ ամեն գործընթաց այժմ ազնիվ կերպով է անցկացվում: Բոլոր հարցերը քննարկում ենք կոլեկտիվով: Հիմա աուդիտ է ընթանում, զբաղվում ենք սեփականության վերադարձով, որոշ դեպքերում պայմանագրեր են չեղյալ համարվում, այնպես որ, իրավիճակն առավել քան հուսադրող է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԿԻՆԸ ՍԵՔՍՈՒԱԼ Է, ԵՐԲ ԱՆԿԵՂԾ Է»
«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի առթիվ զուտ կանացի թեմաներով զրուցել է Երեւանի պետական կամերային թատրոնից «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի դերասանուհի Անի Լուպեի հետ:
-Անի՛, կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար:
-Իհարկե, դժվար է, բայց նաեւ հաճելի: Կինը կարող է մայր դառնալ, իսկ դրանից ավելի հաճելի, հրաշալի բան չկա աշխարհում:
-Ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:
-Քանի որ ծաղիկներ շատ եմ սիրում, հատկապես՝ դաշտային ծաղիկներ, օրինակ՝ երիցուկների հրաշք փնջից լավ նվեր ինձ համար չի կարող լինել:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Անկեղծ է, երբ դատարկ չէ:
-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը:
-Այնքան շատ են, բայց ես գերադասում եմ առողջ լինել, մնացածին ինքս կհասնեմ, ցանկություններս ինքս կիրականացնեմ:
-Հայաստանում կանայք քաղաքականության ոլորտում ի՞նչ հեռանկարներ ունեն` ըստ Ձեզ:
-Շատ մեծ եւ հուսադրող: Առհասարակ, կանանց ուղեղն ավելի ճկուն է, կանայք ավելի հեռատես են, կողմնորոշվող, քան տղամարդիկ:
-Բեմի կին լինելու հետաքրքրությունը ո՞րն է:
-Դա այնքանով է հետաքրքիր, որ մարմնավորում ես տարբեր կանանց, ծանոթանում ես նրանց բնավորություններին եւ ճանաչում կանանց տեսակները: Ամեն կնոջ դեր խաղալն էլ օգնում է:
-Եթե ընտրեք, ապա օծանելի՞ք, թե՞ զարդեր:
-Օծանելիք:
-Սովորաբար նախապատվությունը տալիս եք բանականությա՞նը, թե՞ ինտուիցիային:
-Թե՛ մեկին, թե՛ մյուսին, բայց ինտուիցիային ավելի մեծ տեղ եմ տալիս: Երբ անտեսում եմ ինտուիցիաս, հետո անպայման զղջում եմ:
-Եվ վերջում ավանդական հարցը՝ ի՞նչ են ուզում կանայք:
-Ամեն կին մի բան է ուզում, բայց նրանք բոլորն էլ ուշադրության կարիք ունեն: Պարզապես ուշադրությունը, հարգանքը չեն պահանջում. դրանք սիրո հետ ինքնաբերաբար տրվում են կնոջը:
Զրուցեց Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է մեր հավաքականի հերթական պարտությունից: Մեր ընտրանու գլխավոր մարզչի խոսքերով` հավաքականում ամեն ինչ նույնն է, եւ առաջնային նպատակը կրկին մնում է ազգին ուրախացնելը: Արմեն Գյուլբուդաղյանցը նշել է, որ մյուս խաղում ամեն ինչ կանեն հաղթանակ տոնելու համար: Նա նաեւ անդրադարձել է առանձին ֆուտբոլիստների խաղին եւ նշել, որ գոհ է Պետրոս Ավետիսյանի խաղից. «Նա մեծ պոտենցիալ ունի, նա դեռ իր խոսքը կասի»: Գյուլբուդաղյանցը խոսել է Սարկիսովին հավաքական չհրավիրելու մասին եւ ասել, որ նա հիմնականում խաղում է եզրերում, իսկ եզրերում խաղալու համար հավաքականում կան այլ ֆուտբոլիստներ:
12.900 ԵՐԿՐՊԱԳՈՒ
Գիտենք, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի ընտրանուն: Այդ հանդիպմանը անշլագ էր Հանրապետական մարզադաշտում: Ներկա էր 12.900 հանդիսական: Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը տեղավորում է 14.403 հանդիսատես:
ՀԱՅՏՆԻ Է
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում եւ պատրաստվում ապրիլի 1-ից 7-ը Անապայում կայանալիք մրցաշարին: Արդեն հայտնի է մեր կազմը` Ռուդոլֆ Գարբոյան, Արթուր Ղազարյան, Ռուսլան Ասլիկյան, Արթուր Շախպազյան, Ռաֆայել Հակոբյան, Արարատ Հարությունյան, Արսեն Գրիգորյան, Ռաֆայել Հովհաննիսյան:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մարզական լրագրող Ռաֆայել Հենզելը, որը ողջ էր մնացել 2016 թվականին «Շապեկոենսեի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռի կործանումից հետո, մահացել է 45 տարեկան հասակում: Reuters-ի փոխանցմամբ` Հենզելի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, երբ վերջինս ֆուտբոլ է խաղացել: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ
Մամուլում շրջանառվում են խոսակցություններ, որ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնցիները Մխիթարյանի հարցով բաց են բանակցությունների համար, եւ հիմնական պատճառն այն է, որ անգլիական ակումբը ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, եւ թիմի ճամբարում համոզված են, որ Հայաստանի հավաքականի ավագի վաճառքից կկարողանան կլորիկ գումար աշխատել:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ