ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վարորդների համար բալային համակարգի ներդնումը բավականին զսպող մեխանիզմ է լինելու: Ըստ պատգամավորի` վարորդին վարորդական իրավունքից զրկելով` Հայաստանում լուծելի կլինի երթեւեկության կանոնների խախտումների կանոնակարգման հարցը:

-Պարո՛ն Խաչատրյան, ամիսներ առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ է մշակել, այսինքն` բալային համակարգ է ներդնելու: Նշվում էր, թե բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություններ կլինեն, ու նրանք ավելի օրինապահ կդառնան: Ի՞նչ փուլում է գտնվում նախագիծը:
-Նախագիծը դրված էր հանրային քննարկման, ներկայումս արդեն նախագիծը գտնվում է կառավարությունում, այն պետք է հաստատի կառավարությունը, որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Որպես փաստաթուղթ՝ կարող եմ ասել, որ այն պատրաստ վիճակում է: Մենք հանրային քննարկումներ, լսումներ ենք արել, բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտել են իրենց դիրքորոշումները, առաջարկությունները, դիտողությունները, առարկությունները. մենք բոլոր փուլերը մանրամասն անցել ենք:
-Արդյոք ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը, որքանո՞վ է իրատեսական Հայաստանում ներդնել բալային համակարգը:
-Իհարկե, ուսումնասիրվել է միջազգային փորձը, այս փաստաթղթի հիմքում դրված է միջազգային փորձը, սա առաջին անգամ Հայաստանում չէ, որ կիրառվելու է: Զարգացած երկրներում տասնամյակներ առաջ է կիրառվել տուգանային միավորների ինստիտուտը, ինչը բավականին դրական արդյունքներ է տվել, եւ այդ ամենը, իհարկե, համապատասխանեցնելով մեր պայմաններին:
-Վարորդների շրջանում քննարկվող եւ նրանց հուզող հարցերից մեկը վերաբերում է «հանդիպակացի» ու «խմածության» համար քրեական հոդված սահմանելուն եւ ոչ թե բալային համակարգի միջոցով վարորդին «պատժելուն»: Ի՞նչ լուծում է տրվել այս հարցերին:
-Այդ դեպքերում բավականին մեծ տուգանային միավորներ են կիրառվելու, որը թույլ կտա նույն արարքը կրկնելու դեպքում վարորդի նկատմամբ կիրառել տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Այսինքն` տուգանային միավորը լրացուցիչ տույժի տեսակ է այս պայմաններում, ու միայն տուգանքով չենք բավարարվում: Տուգանային միավորների ինստիտուտի հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ, կարելի է ասել, երկու տույժի տեսակ է կիրառվելու` տուգանային միավոր եւ գումարած տուգանք: Իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների մասով ՀՀ քրեական օրենսգրքում կա համապատասխան նորմ, ըստ որի` եթե երթեւեկության մասնակիցը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչի արդյունքում քաղաքացուն պատճառվել է միջին, ծանր աստիճանի մարմնական վնասվածք կամ երկու կամ ավելի անձանց մահ է պատճառել, այս բոլոր դեպքերը քրեականացված են: Նշվածի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Նման դեպքերում բալային համակարգը չի կիրառվելու, այլ կլինի քրեական պատասխանատվություն. այս դեպքերը վարչական պատասխանատվությունից դուրս են:
-Դուք, շատ լավ տեղյակ լինելով ՀՀ երթեւեկության խնդիրներին, ի՞նչ եք կարծում, արդյոք բալային համակարգի ներդրմամբ լուծվելո՞ւ են բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են:
-Ես վստահ եմ, որ դրական ներգործություն է ունենալու այս համակարգի կիրառումը երթեւեկության ոլորտում. նախ` միջազգային փորձը կա, իսկ երկրորդն էլ` այս համակարգի կիրառման հետեւանքով, այսպես ասած, չարամիտ իրավախախտում կատարողները արդեն վտանգի տակ են դնում իրենց վարորդական իրավունքը: Այսինքն` վարորդը միայն տուգանք վճարելով չի սահմանափակվում, այլ կա այս վտանգը, ինչը վարորդին կստիպի նման խախտումներ թույլ չտալ: Գաղտնիք չէ, որ այսօր կան վարորդներ, որոնք բազմաթիվ խախտումներ են կատարում, վճարում են դրանց համար ու այլեւս որեւէ խնդրի առաջ չեն կանգնում: Բայց նրանք բարձրացնում են վտանգավորության աստիճանը. ահա, այս տուգանային միավորների թիրախը, կարելի է ասել, այս վարորդներն են: Եթե վիճակագրությամբ ասենք, ՀՀ-ում վարորդների մոտ 80 տոկոսը տարվա մեջ թույլ է տալիս մոտ 5 խախտում, այսինքն` նման վարորդները վտանգ չեն ներկայացնում մեր երթեւեկության համար, բայց, կարելի է ասել, 1 տոկոս վարորդներ կան, որոնք թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ. թիրախը լինելու են հենց այդ վարորդները: Կարծում եմ` սա լուրջ զսպող մեխանիզմ է: Այս դեպքում կլինի նաեւ սոցիալական բեռի թեթեւացում, կլուծվի անվտանգության հարցը:
-Իսկ ե՞րբ Հայաստանում կկիրառվի բալային համակարգը:
-Ըստ իս` ուժի մեջ կմտնի 2020 թվականին, այսինքն` այդ ժամանակ արդեն կիրառության մեջ կլինի օրենքը: Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ համակարգը կիրառելու համար անհրաժեշտ է լուրջ ծրագրատեխնիկական հնարավորություններ ստեղծել, որը բավականին մեծ աշխատանք է: Թեեւ ասեմ, որ ՃՈ-ն այդ ծրագրատեխնիկական հնարավորությունները ստեղծելու աշխատանքներն արդեն անում է, արդեն մի քանի ամիս է` բավականին աշխատանք կատարված է:
Հ.Գ Արմեն Խաչատրյանը վերջում հավելեց, որ այս ամենին զուգահեռ պետք է լուծվի նաեւ հանրային տրանսպորտի հարցը, որպեսզի Երեւանում թեթեւանա երթեւեկությունը, ինչը կնպաստի նաեւ վթարների քանակի նվազեցմանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՓՈՓՈԽ ԿՄՆԱ

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ հստակեցված են 12 նախարարությունների անվանումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 10-ին` արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։ Փետրվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ կառավարության կառուցվածքի իր այլընտրանքային տարբերակն է ներկայացրել` ընդգծելով, որ կառավարության կրճատումներն ունեն ընդամենը ֆորմալ բնույթ:
«Այսինքն՝ նախարարությունների թիվը կրճատում են՝ ցույց տալու, որ նախարարությունների թիվը ավելի քիչ է, քան նախկինում էր, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան: Մենք շեշտում ենք հասկանալու համար` արդյոք այդ փոփոխությունը բերում է նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ ընդունված օրենքներով այս սուպերվարչապետական համակարգը վերանում է, թե ոչ, եւ երկրորդ հարց. արդյոք այս փոփոխված տարբերակով կառավարությունը եւ գործադիր իշխանության մարմինները դառնո՞ւմ են խորհրդարանական վերահսկողությանը ավելի հաշվետու եւ ենթակա, եւ երրորդ` արդյոք արդունավե՞տ է այդպիսի կառավարություն ունենալ»,-ասել էր Մարուքյանը: Նշենք, որ, ըստ «Լուսավոր Հայաստանի» տեսլականի, պետք է լինի 3 փոխվարչապետ, 14 նախարարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց` ինչու կառավարության հաստատած նախագիծը դեռ չի բերվել ԱԺ: Աղաջանյանն ասաց, թե կան մի շարք տեխնիկական խնդիրներ, եւ նախագիծը ուղարկվել է վերամշակման:
«Նախագիծը ուղարկվել է վերամշակման. կառավարության նիստի ժամանակ որոշակի դիտարկումներ հնչեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից, ընդամենը վերամշակման համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, որից հետո` ապրիլի 15-ին` արդեն քառօրյային, կուղարկվի Ազգային Ժողով»,-ասաց Աղաջանյանը:
Հարցրինք, թե հնարավոր է ընդունվեն «Լուսավոր Հայաստանի» առաջարկները: «Միայն տեխնիկական են լինելու փոփոխությունները: Բովանդակային մասը եւս մեկ անգամ քննարվել է, եւ որոշվել է, որ պետք է անփոփոխ մնա. շտկումները լինելու են միայն տեխնիկական բնույթի: Վերամշակման փուլն էլ, ըստ էության, ավարտվել է, կառավարության դիրքորոշումը եւ կառավարության առաջարկությունը արդեն իսկ հստակեցված են»,-ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ-ում քննարկման արդյունքում միգուցե լինեն փոփոխություններ:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Վերջին շրջանում ՀՀԿ-ականներն ակտիվացել են: Նրանք իրենց հարցազրույցների, սոցիալական ցանցերի էջերի միջոցով փորձում են ակտիվ պահել իրենց քիչ մնացած կողմնակիցներին եւ իրենց կողմը գրավել այն մարդկանց, ում մոտ դժգոհություն է հասունանում իշխող ուժի հանդեպ: Եվ եթե հեղափոխությունից հետո ՀՀԿ-ականները խուսափում էին հրապարակային վայրերում երեւալուց եւ ակտիվ էին միայն սոցիալական ցանցերում, ապա հիմա պատկերը հակառակն է: ՀՀԿ-ականները ոչ մի առիթ բաց չեն թողնում երեւալու, այն էլ` իրենց թիմով` այդկերպ ցույց տալով, թե միասնական են: Միայն թե հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները փորձում են ակտիվանալ իրենց հանգուցյալ առաջնորդների հիշատակն օգտագործելու շնորհիվ, առավել եւս, երբ վերջին օրերին մի քանի իրադարձություն համընկավ: Այդպես եղավ նաեւ երեկ, երբ ՀՀԿ-ականները առանց Սերժ Սարգսյանի այցելել էին Եռաբլուր իրենց հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հետ նրանք այցելել էին Եռաբլուր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրվա առթիվ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներն իրենց ակտիվությամբ եւ հարցազրույցներով հող են նախապատրաստում Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթի համար:

 

 

ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի տարածքներում հանքեր շահագործող ընկերություններում: Խոսքը «Շեն Հոլդինգ», «Սահակյանշին», «Օստ շին» եւ «Շինանյութեր» ընկերությունների մասին է: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ բնակիչները տարիներ շարունակ պայքարում են այդ տարածքներում շահագործվող գիպսի, ավազի եւ բազալտի հանքերի դեմ: Այս խնդրի մասին ահազանգում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Նա այս հանքերում ստուգումներ իրականացնելու պահանջով դիմել էր տեսչական մարմին:

 

 

ԳԵՆԵՐԱԼԸ ՉԷՐ ԵԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին: Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հանդիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախատեսված էր նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ նրա փոխարեն ելույթ էր ունեցել իր տեղակալը: Շատերի կարծիքով` Գենադի Տավարածյանը չէր եկել` հաշվի առնելով վերջին իրադարձությունները:




Լրահոս