Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հավակնորդ Ստանիսլավ Զասը մայիսի 27-ին ժամանում է Երևան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ի շարունակություն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,-նշեց Նաղդալյանը:
Զասը հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: