«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության անդամների ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: Երեկ ՔՊ-ականները դադար էին հայտարարել, որպեսզի այսօր երեկոյան արդեն շարունակեն իրենց քարոզարշավը: Ըստ մեր տեղեկությունների, ամեն օր ՔՊ վարչության անդամի եւ Վերահսկող հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուները` 5-6 հոգի ներկայացնում են իրենց ծրագիրը, նպատակներն ուկարծիքը կուսակացության վարչության հետագա աշխատանքների հետ կապված:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է պատգամավորի հետ:
-Տիկին Կարապետյան, Դուք եւս Ձեր թեկնածությունն եք առաջադրել ՔՊ վարչության անդամի համար: Քարոզարշավն արդեն սկսվել է, ի՞նչ եք կարծում արդյո՞ք Ձեզ կհաջողվի ընդգրկվել ՔՊ վարչության նոր կազմում:
-Ես ելույթ եմ ունենալու ուրբաթ օր, որի ժամանակ էլ կներկայացնեմ, թե ինչու եմ ցանկանում լինել վարչության անդամ ու ինչպես եմ պատկերացնում իմ գործունեությունը վարչությունում: Նշեմ, որ վարչությունում անդամների թիվն է ընդլայնվել, իսկ ընդլայնված վարչությունում շատ կարեւոր է ունենալ ավելի լավ ներկայացվածություն կուսակցության: Ես անցած տարի հոկտեմբերին եմ անդամակցել ՔՊ-ին ու ցանկանում եմ նոր անդամակցածների ձայնը տանել վարչություն, ինձ համար կարեւոր է կանանց ներգրավածությունը որոշումների կայացման մեջ: Ինձ համար փոխկապակցված են պատգամավորի եւ վարչության անդամի աշխատանքները: Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի համար մեզ պետք է, որ զարգանան քաղաքական ինսիտուտները: Նման թափանցիկ վարչության անդամների ընտրություն կատարելը, ես կարծում եմ լավ ազդակ է ողջ քաղաքական դաշտին:
-Նախորդ իշխանությունների ժամանակ շատերը կուսակցական էին դառնում կամ վարչության անդամներ այն բանի համար, որ անմիջական տիրապետություն էին տարբեր ինֆորմացիաների ու իրենց շատ հարցեր կարողանում էին անմիջապես ղեկավար մարմնի միջոցով լուծել: Հիմա ՔՊ վարչության անդամի համար 62 թեկնածու է ինքնաառաջադրվել, մտավախություն չկա՞ որ դա արվել է նույն պատճառով:
-Քաղաքացիական կուսակցության պարագայում նման բան կիրառելի չի, առավել եւս իմ հետ կապված նման բան չկա: Խմբակցության ներսում, օրինակ ամենեւին չի քննարկվում, թե ասենք ով է կուսակցական, ով ոչ, նման բան մեզ մոտ չկա: Եթե հատուկ հետաքրքրություն կա դրա նկատմամբ, լինում է, որ հստակեցվում է այդ հարցը, որովհետեւ որպես կոլեգաներ, խմբակցությունը որպես մարմին գործում է այն տրամաբանությամբ, որ մենք բոլոր Ազգային Ժողովի պատգամավորներ են` կապ չունի, թե այս պարագայում ով է ՔՊ անդամ, ով ոչ: Մեզ մոտ լրիվ հակառակ տրամաբանությունն է, մեր նպատակն է հանրության վստահությունը բարձրացնել բոլոր մարմինների նկատմամբ, գաղտնիք չի, որ հանրության վստահությունը կուսակցությունների նկատմամբ զրո է եղել կամ այդ կուսակցությունների կայացրած որոշումների նկատմամբ, մենք նպատակ ունենք այն դարձնելու ավելի թափանցիկ, ավելի վստահելի: Եւ պետք է հակառակ մեխանիզմ ապահովվել, որ ոչ թե վարչությունում ներկայություն ապահովվելը բերի քաղաքական հաջողությունների, այլ հակառակը, որպես քաղաքական գործիչ դու օգտագործես քո համբավը կապը հանրության հետ` քաղաքական ինստիտուտի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար:
-Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվո՞ւմ է քարոզարշավին:
-Այո, շատ հաճախ, իմիջայլիոց մինչեւ ընտրությունները, մենք հունվար ամսվանից նախաձեռնողի նիստի ինստիտուտ ունենք կուսակցությունում, իսկ այդ նիստը կուսակցական ցանկացած անձի համար բաց է, որտեղ քննարկում ենք բազմազան հարցեր` հունվար ամսվանից երկու աշխատանքային խումբ է ձեւավորվել, որոնցից մեկում մենք քննարկել ենք կուսակցության նոր կանոնադրությունը, եւ կուսակցության նոր ծրագիրը, որն էլ արդեն համաժողովի ժամանակ քվերակությամբ կընդունվեն: Այսինքն ներկուսակցական այս գործընթացները ընթացել են հունվարից ու պարոն Փաշինյանը ներկա է գտնվել շատ ու շատ քննարկումներին: Երկու աշխատանքային խմբերն իրենց աշխատանքներն ավարտել են ու ներկայացրել են նախաձեռնողի նիստին, քննարկվել է ու կարծում եմ արդեն այն կներկայացվի համաժողովին:
-Տիկին Կարապետյան մամուլում տեղեկություն կա, որ Ձեր խմբակցությունը նպատակ ունի արգելելու լրագրողին լինել ԱԺ նիստերի 334 սենյակի միջանցքում, որտեղ հաճախ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում: Անգամ նշվում է, որ ԱԱԾ եք դիմելու լրագրողների աղբյուրները բացահայտելու համար: Դուք կո՞ղմ եք այդ ամենին, խմբակցությունում նման որոշում կա՞:
-Ես կոչ կանեի մեր լրագրողական համայնքին, չլարվել, չմտահոգվել, մեր կառավարող ուժը ամենեւին խոսքի ազատությունը ճնշելու նպատակ չունի: Կխնդրեի, որ այդ առումով որեւէ լարում չառաջանար, խնդիրը վերջերս տեղի ունեցած վերջին տհաճ իրադրությունն է` խմբակցությունում բնականաբար բուռն քննարկում է եղել ու դրսում այն լսվել է, բայց ընդամենը մենք ցանկանում ենք, եթե քննարկումը փակ է այն մնա փակ: Հիմա գուցե խնդրենք մեր լրագրող գործընկերներին մեզ դահլիճի մոտի միջանցքում սպասեն, բայց սա միտք է ու ես չեմ հիշում, թե երբ եմ դա լսել, դա ուղղակի տեսակետ է, միտք է, դա քննարկման առարկա չի եղել մեզ մոտ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ