Ինչ սպասել, եթե Հրայր Թովմասյանի սանիկը Քոչարյանի փաստաբանն է. Սահմանադրական դատարանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի քրեական գործի՝ դատարանից դատարան շրջագայությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը: Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ամբաստանյալներից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:

Գրիգորյանը, հիշեցնենք, այդ որոշումը կայացրել էր անակնկալ, առանց կողմերին տեղյակ պահելու, ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, այդ որոշման հեղինակը ոչ թե ինքն է, այլ դատական համակարգի մի քանի ներկայացուցիչ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ղեկավարությամբ, եւ որ այդպես փորձ է արվել սաբոտաժի ենթարկել այս գործն ու վիժեցնել: Ի վերջո, ՍԴ-ն այն կարող է քննել վեց ամսվա ընթացքում, եւ չի բացառվում՝ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն փորձի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել: Ամեն դեպքում, հիմա գնդակը ՍԴ դաշտում է: Ճիշտ է նախօրեին Սահմանադրական դատարանը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ գործի նյութերը ցանկացած պահի, դատավորի գրության հիման, վրա կարող են տրամադրվել պաշտպանական կողմին՝ բողոքարկման համար:

«Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը վերոնշյալ կարգավորումների պարագայում չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»,- ասված էր ՍԴ հաղորդագրության մեջ:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան. ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները:

-Ի՞նչ փուլում է գտնվում դատավոր Դ. Գրիգորյանի` ՍԴ ներկայացրած միջնորդության քննությունը։

-Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

-Ե՞րբ են ստացել այն` ժամը, րոպեն, եւ կից ի՞նչ այլ նյութեր են ստացել։

-Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին», 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան են մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին` օրվա երկրորդ կեսին։ Դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացվել նաեւ քրեական գործի նյութերը:

-Ի՞նչ է լինելու այդ միջնորդության հետ, ո՞ւմ վրա է մակագրվել կամ մակագրվելու, ե՞րբ է լինելու որոշումը` գործը քննության վերցնելու մասին։

-Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում։

-Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է. ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։

– Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանված է Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որոնցով էլ Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների, ինչպես նաեւ սույն դիմումի նախնական ուսումնասիրության եւ հետագա ընթացքի առումով։

-Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը եւ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ բեղոքներ են բերելու այս որոշման դեմ։ Ինչպես պետք է քննվեն այդ բողոքները, եթե ՍԴ-ն վարույթ ընդունեց միջնորդությունը։

-Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանված է Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որոնցով էլ Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների, ինչպես նաեւ սույն դիմումի նախնական ուսումնասիրության եւ հետագա ընթացքի առումով։

– ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցել են 2008թ-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Այս գործն այդ դեպքերի մասին է։ Նրանք մասնակցելո՞ւ են այս գործով լսումներին։

-Սահմանադրական դատարանում գործերի քննությանը Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սույն դիմումի առումով եւս ընթացակարգերը պահպանվում են սահմանված կարգով։

Հ.Գ. Հավելենք, որ այսօր դատավորը ՍԴ-ից հետ է պահանջել գործը եւ այն ուղարկել ՀՀ Վերաքննիչ դատարան:

Արման Գալոյան




Լրահոս