«Ժողովուրդ» օրաթերթը բեմադրիչ, դերասան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հետ զրուցել է Հայաստանի մշակութային քաղաքականության, Օպերային թատրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների, Նազենի Ղարիբյանի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու եւ արվեստի գործիչների հանդեպ հայաստանյան իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքի մասին:
-Պարո՛ն Ստեփանյան, արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում իշխանություն է փոխվել: Արվեստի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի ներկայիս իշխանությունը: Դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք թեկուզ այն թատրոններում, որտեղ ներկայացումներ եք բեմադրում:
-Արդեն վեցերորդ տարին է՝ որեւէ թատրոնում չեմ աշխատում. հրավիրյալ ռեժիսոր եմ եւ դժվարանում եմ գնահատականներ տալ, օրինակ, թատրոնների ներքին կյանքի վերաբերյալ: Այդ մասին, թերեւս, ճիշտ կլինի, եթե դերասաններին հարցնեք, պարզեք՝ իրենց կյանքը այս մեկ տարվա ընթացքում փոխվել է, թե ոչ: Բայց այն, որ իշխանությունը մշակույթի հանդեպ, մեղմ ասած, անտարբեր է, փաստ է: Բավական է այն, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ընտրվեց Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ (hիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։
Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի` «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը-հեղ.)։ Թատերական գործիչները պահանջեցին Ղարիբյանի հրաժարականը:
Նրանք դեռեւս մարտին բաց նամակ էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաեւ թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սեւագիր տարբերակը», լցրել են թատերաշխարհի համբերության բաժակը, բայց, փաստորեն, իշխանությունն անտարբեր գտնվեց, հերիք չէ, դեռ մի բան էլ կարծես ասում է. «Մենք մեր գործն ենք անում, դուք ինչ ուզում եք, արե՛ք` զայրացե՛ք, ելույթներ ունեցե՛ք. դա ոչ ոքի չի հետաքրքրում, ձայններդ կտրե՛ք, ձեզ ո՛չ լսող կա, ո՛չ ուշադրություն դարձնող: Գիտե՞ք, մի տեսակ հիասթափվել եմ, եւ անտարբերություն է մեջս մտել:
-Մեր իշխանություններից ոչ մեկի օրոք էլ առանձնապես առաջնահերթություն չի տրվել մշակույթին. իմ տպավորությունը, համենայնդեպս, այդպիսին է, համաձա՞յն եք: Թեպետ նախընտրական ծրագրերում ծավալուն ծրագրեր ներկայացվում են, բայց, նախ, բովանդակային առումով դրանք թերի են, երկրորդն էլ՝ դրանց զգալի մասն այդպես էլ մնում է թղթի վրա:
-Միշտ էլ մշակույթին վերաբերվել են վերջին հերթին, մշակույթը եղել է ավելցուկ: Մեր երկրում արվեստը պահել եւ պահում են արվեստի գործիչները, որոնք ապրում են դրանով, որոնք ստեղծագործող մարդիկ են եւ նվիրյալներ: Դա կենսական պահանջ է նրանց համար: Ես ուղղակի չեմ հասկանում՝ մենք ինչու ենք ընդհանրապես անդրադառնում այս թեմաներին, եթե մեր կարծիքն այս երկրում հաշվի չի առնվում:
Ի՞նչ են անում արվեստի մարդիկ. պարզապես պայքարում են իրենց գործով զբաղվելու համար: Պաշտոն չեն ուզում, գումարներ չեն ուզում, ընդամենը ուզում են` իրենց գործն անեն: Հիմա Օպերային թատրոնի անձնակազմը փոխանակ մտածի՝ ինչ բալետ բեմադրի, նոր օպերա ներկայացնի, պետք է արիշ-վերիշների ու «բազարների» մեջ ներքաշվի: Սա է պատկերը, ավելացնելու բան չունեմ:
Աննա Բաբաջանյան