«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ինեկոբանկը» իր հաճախորդներին ծանուցումներ է ուղարկում եւ հորդորում է ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրողների կամ Իրանի տարածքով փոխադրվող ապրանքների դիմաց բանկային հաշվեհամարով դրամական փոխանցումներ կատարելուց:
Պատճառը Իրանի գծով միջազգային պատժամիջոցներն են: Ըստ բանկի` վերջին ամիսներին Չինաստանից, ԱՄԷ-ից դեպի ՀՀ ապրանքների ներմուծման նպատակով որպես բեռնափոխադրող ընտրվում են Իրանում գրանցված տրանսպորտային կազմակերպությունները:
Հետեւաբար բեռնափոխադրող ընկերության ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը Իրանի տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման եւ բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման եւ դրամական միջոցների սառեցման պատճառ:
Իսկ եթե կատարվեն դրամական փոխանցումներ Իրանի տարածքով, ապա այդ դրամական փոխանցումների չեղարկման սառեցման ողջ պատասխանատվությունը կրելու է հաճախորդը: «Ինեկոբանկ»-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ երկուշաբթի օրվանից սկսած է հաճախորդներին ուղարկվում ծանուցումները: Իսկ թե որքան կտեւի այս սահմանափակումը, բանկի աշխատակիցը դժվարացավ ժամկետներ նշել:
Սյունէ Համբարձումյան