Որտե՞ղ էր Մարտակերտի քաղաքապետի որդին աղմկահարույց կրակոցների ժամանակ. ուր են տանում հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ որքան մոտենում են Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրերը, իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Մայիսի 30-ին հայտարարություն եղավ, որ «մայիսի 29-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:

Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը: Այս բանդաներն իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախագահի թեկնածու «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»,- նշված էր հայտարարության մեջ:

Ահազանգից անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցեց Մարտակերտի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանի եւ Ալեքսեյ Բալայանի հետ, որոնք վստահեցրին, որ այդ դեպքի հետ որեւէ կապ չունեն եւ պատրաստ են իրավապահների բոլոր հարցերին պատասխանել:

Եվ մինչ ենթադրյալ միջադեպի պատասխանատուները պնդում էին, որ կատարվածի հետ կապ չունեն, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե «դա երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, եւ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ»:

Կրակահերթի արմատները

Ինչեւէ, մինչ մի կողմը նշում է, որ կատարվածը կապ ունի ԱՀ նախագահի թեկնածու «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմների հետ, իսկ մյուս կողմն էլ նշում է, թե իրականում կատարվածի հետ կապ չունեն, «Ժողովուրդ» օրաթերթին այդ միջադեպով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Եվ, այսպես, մայիսի 28-ին Ղարաբաղից Երեւան են եկել Սամվել Բաբայանի համակիրները: Ըստ իրավապահներից մեզ հասած լուրերի` Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի մեջ գտնվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին:

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ մարմիններից հասած լուրերի համաձայն` Միշա Գյուրջյանի որդին Երեւանի ճանապարհին իջել է Սամվել Բաբայանի թիմակիցների մեքենայից եւ, ըստ էության, գնացել իր գործերով, որից հետո Սամվել Բաբայանի համակիրները շարունակում են իրենց ճանապարհը: Իրավապահ մարմիները տվյալներ ունեն, որ Բաբայանի համակիրները, իրենց գործերը Երեւանում վերջացնելով, մայիսի 29-ին հետ են վերադարձել Ղարաբաղ եւ, ահա, Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների մեքենայի վրա կրակոցներ են հնչել:

Այսպիսով, իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ միգուցե կրակոցները կապ ունենան Մարտակերտի քաղաքապետի որդու հետ, եւ ենթադրյալ հանցագործները, կրակելով Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի վրա, մտածել են, որ այդ մեքենայի մեջ է գտնվում նաեւ Մարտակերտի քաղաքապետի որդին:

Իսկ ի՞նչ կարող էր արած լինել Մարտակերտի քաղաքապետի որդին:

Ամիսներ առաջ` Արցախում

Արցախում տարածված լուրերի համաձայն` քաղաքապետի որդու թիմը 2019 թվականի հունվարին տարաձայնություններ է ունեցել Ալեքսել Բալայանի թիմակիցների հետ: Ավելին, բանը հասել է կրակոցներին, որի հետեւանով ե՛ւ քաղաքապետի որդու թիմը, ե՛ւ Ալեքսեյ Բալայանի թիմակիցները կրակոցներից վնասվածքներ են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթին արցախից հասած լուրերի համաձայն` Արցախի իրավապահները զբաղվել են այդ դեպքով, եւ գործը ուղարկել են դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ խմբի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու հատկանիշներով, եւ դեռեւս գործով դատաքննությունը շարունակվում է, իսկ մեղադրյալները` ի դեմս Ալեքսեյ Բալայանի, ազատության մեջ են:

Ասել է թե` գործը գտնվել է դատաքննության փուլում, եւ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը:

Չի բացառվում, որ 2019 թվականի հունվարին տեղի ունեցած միջադեպն է եղել պատճառը, որ կրակել են Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի վրա:

Ասել է թե` Մարտակերտի նախկին քաղաքապետի որդու եւ Ալեքսել Բալայանի թիմակիցների` ամիսներ առաջվա կռիվը, օրերս Սեւանի ճանապարհին հնչած կրակոցները ներքին տարաձայնությունների հետեւանք է եղել: Ինչեւէ, հուսանք` կպարզի քննությունը. ի դեպ, իրավապահները այս վարկածի ուղղությամբ են քննություն իրականացնում: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի համակիրները իրավապահներին հայտնել են, որ չեն ճանաչում այս գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանին եւ Ռոլանդ Այդինյանին: Այսպիսով, ըստ էության, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությունը, որ կատարվածը երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, եւ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ, նկատի ուներ այս դեպքը:

Մարտակերտի քաղաքապետը` իրավիճակի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել եւ չի կարող կապել այդ դեպքերը իրար հետ. «Ոչինչ չեմ կարող ասել»:

Մեր այն հարցին, թե արդյոք իր որդին եղել է Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի մեջ, եւ ենթադրյալ հանցագործները կարծել են, թե նա այդտեղ է, դրա համար կրակել են, Մարտակերտի քաղաքապետը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ չգիտի, թե իր որդին որտեղ է եղել այդ ժամանակ:

Քնար Մանուկյան




Լրահոս