Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքը: Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարևոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերի՝ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը և տարեցների խնամքին:
Հերթական ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրանի»՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող շուրջ 100 միայնակ տարեցների և կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:
Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:
«Այս ընթրիքի նպատակը կարևոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար», – ասել է Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրան»-ին նվիրաբերել է 20 միլիոն դրամ՝ ի նպաստ երեխաների շրջանում մուրացկանության կանխման և տարեցների խնամքի կազմակերպման աշխատանքների:
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ: Նրանց համախմբել է աղքատության շեմին հայտնված ընտանիքներին աջակցելու գաղափարը: Սերունդների ապագայով մտահոգ` հիմնադրամի տարիների գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկաներին հորդորել է միանալ «Օրրանի» պատասխանատու առաքելությանը:
Բարեգործական ընթրիքին մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «HSBC բանկը», «Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն, «Կիլիկիա գարեջուրը», «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ»-ը, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, ինչպես նաև «FMDK&L», «SOFTConstruct», «INGOARMENIA», «ԱՐՄԱՍ», «CHIVAS», «GRANT THORNTON», «KPMG», «ROSTELECOM», «PRIME», «DRAND HOTEL YEREVAN», «AURORA PRIZE», «AREV PETROSYAN», «TEACH FOR ARMENIA» կազմակերպությունները: