«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ է արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը, դրանից հետո ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային: Փաշինյանը նշել է. «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք»։
ՀՀ վարչապետը նաեւ ընդգծել է. «Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:
Սակայն ՀՅԴ-ականները պնդում են, որ այդ խոսքերն իրենց չէին ուղղված: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են: «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում իշխող մեծամասնության անունից այդ կուսակցության հետ համագործակցության պատրաստակամություն էր հայտնել: Բայց այդ կոչը կարծես մերժվեց, ու ավելին՝ հիմա նրանց հարաբերությունները գնալով սրվում են: Պատահական չէ, որ ՀՅԴ-ականները պարբերաբար քննադատում են իշխանություններին, ընդ որում՝ բավական կոշտ` չմոռանալով տողատակերում նաեւ որոշակի սպառնալիքներ հնչեցնել:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: