«ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԵՍ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների մասին, մենք բացահայտել ենք մեր զրուցակցի բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Վերջինս պատմել է իր կյանքի դժվար փուլը հաղթահարելու, նպատակների մասին, անդրադարձել իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին: Դերասանուհին խոստովանել է, որ վախենում է ծերանալուց: Իսկ հարցին, թե ինչ վաղեմի երազանք է փայփայում, նա պատասխանել է, որ ցանկանում է բարդ եւ հակասական կերպարներ մարմնավորել գեղարվեստական ֆիլմերում:

-Իվետա՛, երբ մանուկ էիք, միշտ մտածում էիք, որ…
-Այդպես մանուկ էլ մնալու եմ: 30-ը բավական մեծ տարիք էր թվում (ծիծաղում է): Չէի պատկերացնում, որ շուտ կմեծանամ:
-Ձեզ համար ո՞րն է հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը. ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար եք:
-Տնային հանգիստը, ինչպես նաեւ երկրից դուրս գալը, ծով գնալը:
-Շարունակե՛ք միտքը. «Այն, ինչ հնարավոր չէ ասել խոսքերով…»
-Կարելի է ցույց տալ վերաբերմունքով. երբեմն վերաբերմունքը հազար խոսք արժե:
-Ինչի՞ց եք վախենում:
-Ծերանալուց, բայց ամենաշատը` մտերիմ մարդկանց կորցնելուց:
-Ինչի՞ համար եք ամաչում:
-Ոչ ոքի առջեւ ամաչելու առիթ չունեմ:
-Հավատում եք, որ…
-Ամեն բան լավ է լինելու. չէ՞ որ երբ մարդ իսկապես հավատում է որեւէ բանի, նրա ցանկություններն իրականանում են:
-Հայտնիների մասին օրումեջ տարատեսակ ասեկոսեներ են տարածվում, եւ դրանցից խուսափել հաճախ չի ստացվում: Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Մի ժամանակ ասում էին, թե ես եւ երգիչ Վարդան Սարգսյանը միասին ենք, նման լուրեր էին պտտվում: Բայց, իհարկե, դա սուտ է. մենք ընդամենը լավ ընկերներ ենք: Վերջերս էլ լուրեր են պտտվում, թե ես ոտքից գլուխ պլաստիկ վիրահատությունների եմ դիմել: Ուրեմն ասեմ, որ բնական գեղեցկության կողմնակից եմ, եւ կարծում եմ, որ վիրահատական միջամտության կարելի է դիմել, երբ առկա է առողջական որեւէ խնդիր: Բայց, առհասարակ, բամբասանքներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում:
-Նշեք մի շնորհ, որ տրված է Ձեզ ի վերուստ, եւ մի հմտություն, որ Դուք եք Ձեր մեջ զարգացրել:
-Դերասանական շնորհը տրված է ի վերուստ, իսկ երգեցողության մեջ հմտացել եմ տարիներ շարունակ ինձ վրա աշխատելու շնորհիվ:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:
-Մոդիլիանին, Սարյանը, Այվազովսկին… Շատ են:
-Նկարագրե՛ք Ձեր երազանքների տունը, ինչպիսի՞ն է այն:
-Այն գտնվում է ձորի ափին, հասարակ մի խրճիթ է, դրսում կա գամակ, ներսում՝ բուխարի ու ինքնաեռ, այդ տանը հեռուստացույց եւ հեռախոս չկա:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում: Կպատմե՞ք այդ մասին:
-Ամուսնալուծության, որը սպասելի էր: Ցանկացած կնոջ համար ընտանիքը կարեւոր նշանակություն ունի, բայց երբ լավ, ամուր, կայուն ընտանիք ունենալու երազանքներդ փլվում են, դժվար է լինում դրա հետ համակերպվելը: Այդ շրջանում ինձ համար դժվար էր, հիմա արդեն ոչ:
-Ո՞ր հատկություններն են կնոջն առանձնակի հմայք հաղորդում, առանձնացնում նրան մյուսներից:
-Զսպվածությունը, ներքին կուլտուրան, ճիշտ պահվածքը:
-Տղամարդը դառնում է խոցելի, երբ…
-Նրան արհամարհում ես:
-Երազանք, որ վաղուց եք փայփայում:
-Նկարահանվել ֆիլմերում: Իհարկե, այնպես չէ, որ առհասարակ չեմ նկարահանվել, բայց ցանկությունս այն է, որ գեղարվեստական ֆիլմերում կերտեմ ավելի բարդ եւ հակասական կերպարներ:
-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը, որից անընդհատ սովորում եք:
-Իհարկե, շատ կան, բայց ես կառանձնացնեմ հորս՝ Աշոտ Եդիգարյանին:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում եք հաջողակ լինել…
-Պետք է ուժեղ լինել, երբեք չվհատվել եւ հավատալով Աստծուն` քայլել դեպի նպատակը՝ հաղթահարելով խոչընդոտները:

 

 

 

«ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՔԱՈՍ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց նվիրված միամսյակի շրջանակում շարունակում է ներկայացնել զուտ կանացի զրույցներ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Էվա Խաչատրյանն է:

-Էվա՛, կանանց պե՞տք է իրենց նվիրված միամսյակ:
-Իհարկե պետք է: Մեր տղամարդիկ անառիթ նվերներ անելու մշակույթ չունեն, ուստի կանանց հույսը միամսյակն է, թեպետ միամսյակի շրջանակում տղամարդիկ հաճախ պարտադրված են նվերներ անում… Կարծում եմ՝ նախորդ սերնդի տղամարդիկ ավելի կնամեծար են եղել այդ առումով: Ես հաճախ եմ լսում պատմություններ այն մասին, թե ինչ գեղեցիկ նվերներ են նրանք մատուցել սիրելի կանանց եւ աղջիկներին:
-Ո՞րն է եղել ամենայուրահատուկ նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:
-Ցավոք, իմ կյանքում չի եղել այդ կրեատիվ տղամարդը: Հիմնականում ստանդարտ նվերներ եմ ստացել՝ ծաղիկներ, օծանելիք, հագուստ, գումար… Ոչ մի արտասովոր բան:
-Իսկ ի՞նչ արտասովոր նվեր կցանկանայիք ստանալ:
-Կուզեի՝ ինձ նավ նվիրեին. ջրային ճամփորդություններ շատ եմ սիրում… Շատ լավ կլիներ (ծիծաղում է):
-Ինչպե՞ս եք գնահատում հայ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ:
-Վերջին դեպքերը՝ կապված մշակույթի նախարարի պարտականությունները կատարող տիկնոջ որոշումների հետ, ցույց տվեցին, որ մեր երկրում կանայք քաղաքական դաշտում քաոս են առաջացնում: Ես դեռ չեմ հանդիպել այն ուժեղ կին տեսակին, որին կցանկանայի տեսնել քաղաքականության մեջ: Վերջին դեպքերից ելնելով՝ եկա այն եզրահանգման, որ միշտ չէ, որ կանանց պետք է թողնել մուտք գործել քաղաքական դաշտ: Երբեմն նրանք կարող են այնպիսի որոշումներ կայացնել, որոնք անձամբ ինձ համար ողբերգական են…
-Եվ վերջում` ավանդական հարցը. ի՞նչ են ցանկանում կանայք:
-Սեր եւ ներդաշնակություն յուրաքանչյուր հարաբերության պարագայում՝ գործնականից մինչեւ անձնական… Ի դեպ, սա միայն կանայք չէ, որ փնտրում են:

Նյութերը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Լոնդոնի «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մխիթարյանը նշել է, որ անչափ երջանիկ է այդ մրցանակը նվաճելու առիթով. «Անչափ հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ»:

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է Հաբիբ Նուրմագոմեդովին, որը նշել էր, թե իռլանդացու պատիվը գետնով է տվել, եւ դա այլեւս երբեք չի վերադառնա: «Քո կինը սրբիչ է, ընկերս»,- գրել է Մաքգրեգորը, բայց ավելի ուշ Քոնորը հեռացրել է գրառումը:

 

 

ՀԵՐՔԵԼ Է
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հերքել է այն լուրերը, որ հղի է: «Ես անընդհատ ճանապարհորդում եմ: Ես չորս օր միայն պաստա էի կերել: Ես էլ եմ մարդ, իմ մարմինն էլ է այտուցվում: Դեռ շարունակում եմ վերականգնվել նախորդ հղիությունից»,-ասել է Ջորջինան:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս