ՆԱԽԿԻՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր իշխանությունների օրոք առողջապահության ոլորտում սկսեցին կոռուպցիոն սկանդալներ ի հայտ գալ: Դեռ հեմոդիալիզի սարքերի մատակարարման տենդերների շուրջ սկանդալը չմարած՝ պայթեց կաշառքի համար փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման լուրը։ Նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով` 2018 թ. մայիսին փոխնախարար նշանակված Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները եւ հիմա, ըստ ԱԱԾ-ի, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մինչեւ փոխնախարար նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ նույն կառույցում։
ՊԱԳ-ը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող այն մարմինն է, որը բուժհաստատությունների հետ կնքում է պետական պատվերի մասով բուժծառայությունների մատուցման պայմանագրերը, ընդունում է հաշվետվություններն ու իրականացնում է փոխհատուցումը, այսինքն՝ պետության կողմից պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումար է տրամադրում բուժհաստատություններին: Նշենք, որ ՊԱԳ-երի հետ կապված կոռուպցիոն սկանդալների պակաս չի եղել։ Մասնավորապես երեք տարի առաջ ձերբակալվել էին ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը, ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը եւ Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը։
Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ նրանք մեղադրվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Սարո Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ նա այդ կարգավիճակում պաշտոնավարեց մի քանի ամիս` մինչեւ նոյեմբեր, երբ արդեն սեպտեմբերին նախարար նշանակված Լեւոն Ալթունյանն առաջարկել էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Ծատուրյանը լրատվամիջոցներին ասել էր, որ աշխատանքից հեռանալը իր ու նախարարի համատեղ որոշումն է, ու միաժամանակ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է իր դեմ հարուցված քրգործը: Կարճման պատճառների մասին գրել էր «Ժողովուրդը»: Դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Եվ, ըստ երեւույթին, հարազատ իշխող կուսակցությունը որոշել է մեծահոգություն դրսեւորել Դումանյանի նկատմամբ` գործը կարճելու հրահանգ իջեցնելով:
Ինչեւէ, Սարո Ծատուրյանի հետ հեռացավ նաեւ Սամվել Խարազյանը, որը նաեւ ՊԱԳ-ը սպասարկող էլեկտրոնային համակարգը ներդրած ընկերության ոչ պաշտոնական սեփականատերն էր։ Որքան էլ տարօրինակ թվա, նախկին ՊԱԳ-ականները այսօր առողջապահության նախարարությունում են կամ «դիրքավորվում են» մերձակա շրջակայքում հարմար պահի խաղի մեջ մտնելու համար։ Մեր աղբյուրների պնդմամբ` նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օրոք լուրջ վերահսկողություն էր սկսվել իրականացնել ՊԱԳ-ի նկատմամբ։ Դրանով զբաղվում էր մասնագիտությամբ ֆինանսիստ փոխնախարար Սամվել Մարգարյանը։ Նա փորձում էր մեծացնել վերահսկողությունը այս մարմնի նկատմամբ, կատարվում էին թե՛ տեխնիկական, թե՛ կադրային փոփոխություններ։
Հեղափոխության տրամաբանությունը հուշում էր, որ առնվազն այդ քաղաքականությունը պետք է շարունակվի, բայց իրավիճակը հակառակի մասին է վկայում։ Այս առումով շատերի համար զարմանալի էր Արսեն Դավթյանին փոխնախարարի պաշտոնում նշանակելն ու նրա նկատմամբ նախարար Թորոսյանի վստահությունը։
Նախարարության հետ, արդեն միջազգային փորձագետի կարգավիճակով, ակտիվ շփումների մեջ են նաեւ նախկին ՊԱԳ-ականներ Սարո Ծատուրյանն ու Սամվել Խարազյանը:
Սարո Ծատուրյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես գրել էինք, կարճվել էր քաղաքական պատճառներով, համարվում է առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն։ Նման մարմնի ստեղծման հնարավորությունը (որը, ըստ ամենայնի, դուրս է մղելու մասնավոր ապահովագրական ընկերություններին) քննարկվում է նախարար Թորոսյանի կողմից պրոպագանդվող առողջության համապարփակ ապահովագրության քաղաքականության շրջանակում։
Ինչպես Սարո Ծատուրյանը, այնպես էլ Սամվել Խարազյանը ներկայումս բավականին ակտիվ ներգրավված են առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքներում եւ հանդես են գալիս որպես համապատասխանաբար միջազգային կառույցների փորձագետներ ու մեկ միասնական կառույցի ստեղծման գաղափարի կողմնակիցներ։
Թեեւ թե՛ նախարարը, թե՛ փորձագետ Ծատուրյանն ասում էին, որ քննարկումներ են լինելու, հաշվի են առնվելու ապահովագրական երկու մոդելների դրական ու բացասական կողմերը, բայց, մեր աղբյուրի հավաստմամբ, տպավորություն է, որ արդեն հստակ ընտրել են մեկ կառույց ունենալու մոդելը եւ բոլորին փորձում են ապացուցել դրա ճշմարտացիությունը՝ կոշտ հակադարձելով հնչող հակափաստարկներին ու փորձելով նսեմացնել մասնավոր ապահովագրականների դերը: Մեզ հասած լուրերով` ոլորտում շատերը տարակուսած են Սարո Ծատուրյանի ու Սամվել Խարազյանի ներգրավվածությունից՝ հաշվի առնելով վերջիններիս, մեղմ ասած, «ոչ միանշանակ» անցյալը։
«Ժողովուրդ» օրաթերթը այս լուրերի մասին տեղեկություն ստանալու համար դիմեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապահովագրության հետ կապված այդ հարցը նախնական փուլում է, եւ իրենց հաշվարկներով` դա 2021 թվականից նոր սկսելու է գործել:
«Ամեն բան քննարկումների փուլում է: Ես չեմ հավատում, որ կարող է արդեն անուն քննարկվել, թե ով է լինելու ղեկավար: Նման խոսակցություններ էլ չկան: Այդ մարմինը դեռ չկա, եւ անհնար է, որ ինչ-որ անուններ շրջանառվեն հիմա: Ինձ թվում է` դրանք ընդամենը բամբասանքներ են»,- մեզ հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների տվյալները: Ըստ այդմ, հակառակ նախկին իշխանությունների կանխատեսումների, թե թավշյա հեղափոխությունը եւ նոր իշխանությունների վարած քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա ներդրումների ծավալների վրա` այստեղ դրական լուրջ տեղաշարժ է:

2017 թվականի համեմատ` անցած տարի ուղղակի օտարերկրյա ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: Ի դեպ, եթե 2017 թվականին ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, ապա 2018 թվականին այն հասել է 111 մլրդ 870 մլն դրամի: Բայց այստեղ ուշագրավը աշխարհագրությունն է, թե որ երկրներից են Հայաստան օտարերկրյա ներդրումներ արվել:
Օրինակ` օֆշորային երկրները էական նվազեցրել են իրենց ներդրումները: Մասնավորապես, Ջերսիի կղզիներից ընդամենը 20 մլրդ դրամի ներդրում է եղել, մինչդեռ Ջերսիի կղզիները ներդրումների մասով մշտապես մեծ դեր է ունեցել ու տեսակարար կշռով տարիներ շարունակ ամենամեծն էր:
Փոխարենը` երկու երկիր` Լիբանանն ու Ռուսաստանը, կտրուկ ավելացրել են օտարերկրյա ուղղակի ներդրումները: ՌԴ-ի ներդրումները կազմել են ավելի քան 60 մլրդ դրամ, իսկ Լիբանանինը` 4.8 մլրդ դրամ: Նշենք, որ այլ երկրներից ուղղակի ներդրումները կազմել են 13.2 մլրդ դրամ: Մի ուշագրավ փաստ էլ. ավանդաբար Հայաստանի գործընկեր համարվող մի քանի երկրներից օտարերկրյա ներդրումները բավական քիչ են: Ֆրանսիայից ներդրումների ծավալները նվազել են. այն ընդամենը կազմել է 1.8 մլրդ դրամ, իսկ Արգենտինայից անցած տարի ներդրումներ չեն եղել, ԱՄՆ-ից նույնիսկ մեկ միլիարդ դրամի չեն հասել ներդրումների ծավալները:
Սրան զուգահեռ նկատենք, որ մետաղական հանքաքարի եւ հանքագործական արդյունաբերության ոլորտներում բացասական տեղաշարժ է գրանցվել: Այսինքն` նախկին իշխանությունները ներդրումները ապահովել են հենց հանքարդյունաբերության ոլորտի հաշվին, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրանքի հաշվին, բայց հիմա այդ ոլորտում ներդրումները կտրուկ նվազել են Թեղուտի եւ Ամուլսարի հանքերի շահագործումը դադարեցնելու պատճառով: Փոխարենը` խմիչքների արտադրության ոլորտում են ներդրումները ավելացել: Ամենակարեւորը` շինարարության ոլորտում ներդրումները աճել են շուրջ 2.3 մլրդ դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 25-ին կարգադրել է Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի օգտագործման եւ պահպանման գործառույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել: Որպես այդ կարգադրության հիմք` մարզպետը նշել է ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը: Այդ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսաք Մելքումյանը: Այդ խմբի կազմում ընդգրկված են մարզպետարանի Իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը, մարզպետարանի Տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը, մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը եւ մարզպետարանի Հողաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Փիրումյանը:
Մարզպետ Չոբանյանը աշխատանքային խմբին կարգադրել է վերահսկել Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի հրապարակային սակարկությունների կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանների պահպանումը հայտարարությունների հրապարակումից մինչեւ արձանագրությունների կազմելը եւ պարզել, թե հողերի հրապարակային սակարկությունները վերջնական արդյունքում որքան եկամուտ են ապահովում համայնքի համար եւ որքանով են դրանք ծառայում համայնքի զարգացմանը: Մարզպետը կարգադրել է ուսումնասիրությունն ավարտել մեկամսյա ժամկետում, դրանց արդյունքների վերաբերյալ կազմել արձանագրություն եւ այն ներկայացնել իրեն: Իմ տեղեկություններով` Իջեւանի համայնքապետարանը, հղում անելով տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիային եւ այլ օրենքների, պատրաստվում է վիճակել Տավուշի մարզպետի կողմից Իջեւանի համայնքապետարանում նախաձեռնված ուսումնասիրությունները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ԱԺ-ԻՑ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:

 

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԵՏ
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Խաչատուր Խաչատրյանին Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ նշանակելու մասին:




Լրահոս