«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Անդրադարձել ենք կարիերային, անձնականին վերաբերող թեմաների: Արփին խոստովանել է, որ ոլորտի ամենամեծ դժվարությունն իր համար համակերպվելն էր տարատեսակ բարդույթների հետ: Նա նաեւ նշել է, որ երբեք փող աշխատելու մոլուցքով չի տառապել, բախտը բերել է, քանի որ ունի մասնագիտություն, որը թույլ է տալիս «ոչ մի օր չաշխատել», այսինքն՝ չզգալ, որ այն, ինչ անում է, աշխատանք է:
-Արփի՛, մանուկ հասակում երազում էիք…
-Դերասանուհի դառնալ, եւ, փաստորեն, երազանքս իրականություն դարձավ:
-Մի բան, որ հստակ հասկացել եք այս տարիների ընթացքում…
-Մարդիկ իրականում այն չեն, ինչ ցույց են տալիս: Նրանք շատ փոփոխական են, տարբեր: Մարդկանց չի կարելի դատել ո՛չ արտաքինից, ո՛չ շարժուձեւից, ո՛չ ընտանեկան կարգավիճակից…
-Ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Ընտանիքս, թեպետ դա ծնողներիս ձեռքբերումն է եւ ինձ պարզապես տրվել է: Կառանձնացնեմ նաեւ հանդիսատեսի, հեռուստադիտողի սերը, հատկապես որ հեռուստանախագիծը, որտեղ ընդգրկված եմ, հիմնականում դիտում են տարիքով փոքրերը, իսկ նրանց գրավելն ավելի դժվար է:
-Կորուստ, որի հետ դժվարությամբ եք հաշտվել:
-Ամենացավոտ եւ աբսուրդ երեւույթներից մեկն այն է, որ մարդ ցանկացած կորստի հետ, ի վերջո, հաշտվում է: Բայց ես անգամ ամենափոքր կորուստը շատ ծանր եմ տանում, անգամ երբ կորցնում եմ այն իրը, որը տարիներ շարունակ հետս է եղել, ցավոտ եմ տանում, ուր մնաց՝ մարդկային կորուստը ծանր չտանեմ: Միեւնույն ժամանակ ասեմ, որ տեսակով փակ մարդ եմ, եւ շատերը, հնարավոր է` չտեսնեն այն, ինչ զգում եմ. ցույց չեմ տալիս ոչինչ: Արդյունքում ինքս ինձ վնասելով եմ դա անում:
-Փող աշխատելու մոլուցքով երբեւէ տառապե՞լ եք:
-Փառք աստծո, ոչ: Չի կարելի փողը կուլտ դարձնել: Իմ բախտը բերել է, որ գումար աշխատելը ոչ թե հեշտ է տրվել ինձ, այլ տրվել է մի մասնագիտություն, որի պարագայում ոչ մի օր չեմ աշխատել, այսինքն՝ չեմ համարել, որ այն, ինչ անում եմ, աշխատանք է, պարտավորություն:
-Ձեր ո՞ր հատկանիշն է մշտապես գրավում տղամարդկանց:
-Երեւի թե ժպտացող, մարդամոտ, պոզիտիվ լինելս: Միշտ փորձում եմ դիմացինիս չանել այն, ինչ չէի ցանկանա, որ ինձ անեին: Մարդկանց իմ արշինով եմ չափում, թեեւ մեծ մասամբ հետագայում հասկանում եմ, որ սխալվել էի, բայց, միեւնույնն է, նախնական տրամադրվածությունս այդպիսին է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ հարաբերություններում:
-Ձեզ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնք…
-Տղամարդ են: Կարող եմ ասել, որ ուժեղ, առատաձեռն տեսակներն են ինձ գրավում, բայց երբ շեշտում եմ՝ կարեւոր է տղամարդ լինելը, դրանով ամեն բան ասված է:
-Հումորը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:
-Շատ կարեւոր դեր: Ընդհանրապես, կյանքին պետք է հումորով վերաբերվել:
-Երգ, որը միշտ Ձեր փլեյլիստում է, որից երբեք չեք հոգնում:
-Ջասթին Թիմբերլեյքի «What goes around» երգը:
-Կենցաղում կա՞ մի աշխատանք, որ տանել չեք կարողանում:
-Խոհանոցում մաքրություն անելը: Իսկ պատրաստել հաճախ չի ստացվում, բայց երբ մուսաներս գալիս են, սիրով ինչ-որ բան սարքում եմ:
-Ձեր մասին երբեւէ լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Շատ են եղել: Լուրեր էին տարածել, թե իբր հղի եմ, անգամ նշում էին, թե քանի ամսվա, հետո ասում էին, թե իբր 2 տարեկան երեխա ունեմ:
-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին. մարդ, որը դժվարությամբ է փոփոխվում, մարդ, որը փոփոխվում է, բայց դանդաղ, մարդ, որը միշտ պատրաստ է փոփոխությունների:
-Երկրորդը:
-Կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչը կարող է Ձեզ հոգնեցնել:
-Միմյանց համար սովորական դառնալը:
-Ո՞րն է Ձեր ոլորտում ունեցած ամենամեծ դժվարությունը:
-Ամեն ինչն է դժվար եղել, բայց կառանձնացնեմ համակերպվելը տարատեսակ բարդույթների հետ:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:
-Սիրում եմ Վերածննդի շրջանի նկարիչներին, քանի որ առանձնակի սեր ունեմ ծովի նկատմամբ, նախընտրում եմ նաեւ Այվազովսկի, չեմ կարող չնշել նաեւ Պիկասոյի անունը:
-Ձեր սիրելի ֆիլմը:
-Դասականներից կնշեմ Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվ գողացողները», որը ֆիլմերի ֆիլմն է ինձ համար: Մի քանի օր առաջ էլ դիտեցի Լարս ֆոն Թրիերի «Տունը, որը կառուցել է Ջեկը» ֆիլմը, որը թեեւ հագեցած է բազմաթիվ արյունոտ տեսարաններով, բայց, կարծում եմ, կինոմանները պետք է անպայման դիտեն:
-Եվ վերջում՝ երջանիկ է նա, ով…
-Սիրում է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչեւ 70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 2:12 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւից: Այնուամենայնիվ, այսքանով հայ ըմբիշի ելույթները կարող են չավարտվել, եւ եթե ադրբեջանցին կարողանա հասնել եզրափակիչ, Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա: Մեր պարտությունները այս մեկով չսահմանափակվեցին: Իր գոտեմարտը 1/8 եզրափակչում 0:1 հաշվով ադրբեջանցի Հաջի Ալիեւին տանուլ տվեց Վազգեն Թեւանյանը, որը առաջին գոտեմարտը ավարտել էր հաղթանակով: Պարտություններ կրեցին նաեւ Գրիգոր Գրիգորյանը, Վաղինակ Մաթեւոսյանը եւ Սարգիս Հովսեփյանը, որոնք համապատասխանաբար մրցում էին Օմարասխաբ Նաժմուդինովի, Անդրեյ Դուկովի եւ Գենադի Սուդինովիչի հետ:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 14-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական տուրի հանդիպումները: Այս տուրից հետո առաջին հորիզոնական բարձրացավ «Ալաշկերտը», որը վաստակեց 40 միավոր եւ 1 միավորով գերազանցեց երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: Խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
«Գանձասար»-«Բանանց»` 1:2
«Ալաշկերտ»-«Արցախ»` 1:0
«Փյունիկ»-«Լոռի»` 1:2
«Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 2:2
ԼԵՅԿՈԶ ՈՒՆԻ
Անդալուզական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ տառապում է քրոնիկական լեյկոզով: «Ես քրոնիկական լեյկոզ ունեմ: Ես ցանկանում եմ վայելել իմ աշխատանքը: Բուժման կուրսեր չեմ անցելու: Շնորհակալ եմ ակումբին, որ թույլ է տալիս ինձ շարունակել գլխավորել թիմը»,- Կապարոսի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն:
ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ 12 ԽԱՂՈՎ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել մադրիդյան «Ատլետիկոյի» բրազիլաիսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի դեմ: Վերջինս Իսպանիայի առաջնության վերջին տուրում` «Բարսելոնայի» հետ հանդիպման սկզբնամասում, կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել խաղադաշտից: Նա երկու անգամ հայհոյել է գլխավոր մրցավարին, որն էլ Խիլ Մանսանոն նշել է խաղի արձանագրության մեջ: Այսպիսով, ըստ իսպանական ֆուտբոլի օրենքների` Կոստան նման պահվածքի համար կորակազրկվի 4-ից 12 խաղով:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ