Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեց Լոս Անջելեսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանիավարտական դասարանի մի խումբ աշակերտների: Սփյուռքահայ պատանիները կենտրոնում բուժվող զինվորներին նվիրեցին 11 համակարգիչ:
Հայաստան այցելած աշակերտները, կամավորական աշխատանքների շրջանակում, կօգնեն կենտրոնում բուժվող զինվորներին լավացնել խոսակցական անգլերենը՝հնարավորություն ստանալով զինվորների հետ ամենօրյա շփումների շնորհիվ թարմացնել մայրենի լեզվի իրենց գիտելիքները:
Նշենք, որ վերջին վեց տարիներին վարժարանի սաները Հայաստան են այցելում կամավոր աշխատանք կատարելու կամ որևէ բնագավառում վերապատրաստվելու նպատակով: Սա միջոց է պատանիներին կապել հայրենիքի հետ, որպեսզի նրանք հայ մնան,պահպանեն ինքնությունը, և ինչպես նշում ենդպրոցի ուսուցիչները՝ ուրախալի կլինի, եթե որոշներն ապագայում վերադառնան, աշխատեն ու ապրեն Հայաստանում:
Այս տարի աշակերտների մի մասին հնարավորություն է ընձեռնվել կամավորական աշխատանքներ կատարել նաև ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում:
Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի 36 աշակերտները Հայաստանում կլինեն հունիսի 4-ից 27-ը, և իրենց հագեցած առօրյայի մի մասը կնվիրեն բուժվող զինովորներին, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցին: