Թեեւ իշխանության մի հատված Սահամանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ներկայացնում է իբրեւ անփոխարինելի անաչառ պրոֆեսիոնալ, որ արժանի է դառնալու ՍԴ նախագահ, այնուամենայնիվ, երեկ Գրիգորյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք տարակուսանք են առաջացնում: Զարմանալի է, որ, նախ, որպես իրավաբան է նա այդպես ասում, եւ երկրորդ` որպես ՍԴ դատավորի թեկնածու:
Գրիգորյանն ասաց, որ դատարանների դռները փակելու միտքն, իհարկե, ինքը չի տվել գործող իշխանությանը, բայց դրա մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում: Նորմալ է հավաքներ անցկացնելը որոշակի հեռավորության վրա:
Մյուս ուշագրավ միտքը հետեւյալն էր. «Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ… էս երկրում ամենաքաղաքական մարմինը ՍԴ-ն է»: Բայց սրա հետ մեկտեղ դատավորի թեկնածուն վստահեցրեց, որ «Մարտի 1»-ի գործի քննությունը, երբ ՍԴ մտնի, ինքը չի մասնակցի, որպեսզի կողմնակալություն չդիտվի, եւ գործն անաչառ քննվի:
Համաձայնեք` գերպրոֆեսիոնալ ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ Վահե Գրիգորյանը, որ համարվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչը, ավելի շատ քաղաքական գործիչ է, քաղաքական տեսակետներ կրող, քան անաչառ իրավաբան, ապագա անկախ դատավոր: