Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման շրջանակում քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստեփանակերտ: Կարևորելով հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերն ու համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը վերահաստատել է փոխգործակցության ընդլայնման հարցում իր պատրաստակամությունը:
***
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում: Երևանի քաղաքապետը և ԱՀ պետական նախարարն առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը:
«Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»,- նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը: Կրթության ոլորտում մասնավորապես կարևորվել է ուսուցիչների վերապատրաստումը: Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:
«Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:
***
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի հանդիպման շրջանակում Հայկ Մարությանն ու Սուրեն Գրիգորյանն ամփոփել են երկարամյա համագործակցության արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես մեր երկրի արևելյան մայրաքաղաքի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու նշել, որ սերտ համագործակցությունը Ստեփանակերտի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար: