ՖՈՏՈ. Առջևում եվրագավաթներն են. հայկական ակումբները մարտական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացան Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները:

Չեմպիոնների Լիգայում այս տարի Հայաստանը կներկայացնի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող «Արարատ-Արմենիան», իսկ Եվրոպա Լիգայում մեր երկրի ակումբներից պայքարը կսկսեն Երեւանի «Փյունիկը», «Ալաշկերտը» եւ «Բանանցը»:

Սկսենք Չեմպիոնների Լիգայից: Սա միայն որակավորման առաջին փուլն է, եւ միանգամից «Արարատ-Արմենիային» բաժին է հասնում ուժեղ մրցակից` շվեդական ԱԻԿ-ի տեսքով:

Այո, ԱԻԿ-ն ուժեղ է, բայց չի կարելի ասել, որ հայկական թիմը նվեր է շվեդների համար:

«Արարատ-Արմենիան» հրաշալի անցկացրեց ներքին առաջնությունը, եւ հիմա եկավ ժամանակը` ուժերը չափելու եվրոպական արենայում: Պատասխանատու խաղերի մասին խոսել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը.

«Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մեր մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան թիմերին բնորոշ լավ խաղ են ցուցադրում: Կանենք առավելագույնը այս երկու խաղերում եւ կփորձենք լավագույնս հանդես գալ»:

Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի` ԱԻԿ-ի դեմ խաղի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը.

«Կարծում եմ` բոլոր թիմերն էլ ուժեղ էին, եւ վիճակահանության այս արդյունքը կարելի է համարել գոհացնող: Թիմը մարտական է տրամադրված ԱԻԿ-ի դեմ խաղին, եւ մենք ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար»:

Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման փուլի մեկնարկից առաջ հայկական ակումբը ունի նորեկ` ի դեմս պորտուգալացի 25 ամյա պաշտպան Անժելո Մենեզեսի:

Նշենք, որ այս զույգի հաղթողը որակավորման հաջորդ փուլում կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ:

Հավելենք, որ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ առաջին խաղը կկայանա այստեղ` Հայաստանում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հուլիսի 6-ին, իսկ պատասխան խաղը Շվեդիայում կկայանա հուլիսի 16-ին:

Արդեն նշեցինք, որ Եվրոպա Լիգայում մենք ունենք 3 ներկայացուցիչ:

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտին» որակավորման առաջին փուլի համար բաժին է հասել մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե» ակումբը:

Հայկական թիմը, կարելի է ասել, ֆավորիտ է համարվում մակեդոնական թիմի դեմ պայքարում: Ակումբը այս մրցաշրջանում ներքին առաջնությունում այնքան էլ հաջող հանդես չեկավ, սակայն կարողացավ դառնալ Հայաստանի Գավաթի հաղթող:

Կարեւոր խաղից առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ իր տպավորություններով է կիսվել «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը.

«Այս մրցաշրջանը այդքան էլ լավ չանցկացրինք եւ ցանկություն ունենք վատ մրցաշրջանը ծածկել Եվրոպա Լիգայում լավ հանդես գալով: Կարծում եմ` «Մակեդոնիա» ակումբը եղած թիմերից ամենահարմարն էր մեզ համար, բայց եւ հասկանում ենք,որ այլեւս թույլ թիմեր չկան, եւ բոլորն էլ պայքարելու են մինչեւ վերջ: Ամեն դեպքում, գոհ ենք վիճակահանության արդյունքից: Բարձր եւ մարտական տրամադրությամբ ենք մոտենում մակեդոնական թիմի դեմ խաղին»:

Հայկական թիմերից մյուսը` Երեւանի «Փյունիկը», կմրցի մակեդոնական մեկ այլ ակումբի` «Շկուպիի» հետ:

«Փյունիկը» չնայած չկարողացավ դառնալ Հայաստանի չեմպիոն, սակայն ասել, թե վատ մրցաշրջան անցկացրեց, սխալ կլինի. երեւանյան ակումբը վերջին 9 խաղում ոչ մի պարտություն չի կրել:

Կարեւոր խաղի մասին «Ժողովուրդ» օրաթերթին իր մեկնաբանությունն է փոխանցել «Փյունիկի» ֆուտբոլիստ Ալիկ Առաքելյանը.

«Կարծում եմ` լավ վիճակահանություն է: «Շկուպիին» ծանոթացա արդեն վիճակահանությունից հետո եւ կարող եմ ասել, որ բավականին ամուր թիմ է։ Նրանք ԵԼ-ի նախորդ խաղարկությունում կարողացան ոչ-ոքի խաղալ «Ռեյնջերսի» հետ, ինչը շատ բանի մասին է խոսում։ «Փյունիկը» բարձր նոտայով ավարտեց մրցաշրջանը, եւ վստահ եմ, որ Եվրոպա լիգայում նույնպես հաջող հանդես կգանք։ Հուսով եմ` կհասցնեմ հավաքների ժամանակ լավ մարզավիճակ ձեռք բերել եւ ԵԼ-ում օգնել թիմին։ Նախորդ խաղարկությունում մենք կարողացանք լավ արդյունքի հասնել, եւ ոչինչ չի խանգարում մեզ այս տարի նույնպես հաջող հանդես գալ»։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` «Բանանցը», կփորձի շրջանցել սերբական «Չուկարիչկիի» արգելքը: Հայաստանի առաջնությունւմ «Բանանցը» զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ մեր մրցակիցը Սերբիայի առաջնությունում 4-րդն էր:

«Բանանցում» մրցակցին թերագնահատելու ցանկություն չունեն. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը.

«Կարող եմ ասել, որ մեզ հավասար մրցակից է: Սերբիայում թույլ թիմեր չկան, «Չուկարիչկին» էլ բացառություն չէ: Այժմ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում, ինտենսիվ կերպով մարզվում ենք: Չենք թերագնահատելու մրցակցին, բայց, միեւնույն ժամանակ, դուրս ենք գալու խաղադաշտ հաղթելու եւ հաջորդ փուլ անցնելու համար»:
Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 18-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս