ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը:
2019 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 14:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1998 թվականին ծնված երիտասարդ՝ կրծքավանդակի, աջ աճուկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքեր ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ, ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ըստ Էրեբունի ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որի վրա առկա են են եղել արնանման հեղուկի հետքեր, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2005թ.: Վերջինս հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: