Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել այն հարցը, թե, ի վերջո, ինչպես են պատկերացնում հայրենի իշխանությունները վեթինգ իրականացնելու մեխանիզմը, քանի որ այս պահի դրությամբ անհնար է ներկայիս Սահմանադրությամբ վեթինգ իրականացնել դատաիրավական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է վեթինգի նախագիծ ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից պարզել, թե արդյոք իշխանական խմբակցությունը քննարկել է վեթինգի նախագիծը իրենց հետ: ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ իրենց հետ այդ հարցի շուրջ որեւէ քննարկում չեն ունեցել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է առաջիկա օրերին վեթինգի իրականացման սկզբունքներ ներկայացնել:
-Պարո՛ն Մարուքյան, նախորդ շաբաթ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը վերջնամշակման փուլում է եւ շուտով կներկայացվի հանրային քննարկման: Արդյոք իշխանական խմբակցությունը այդ հարցի շուրջ քննարկում ունեցե՞լ է Ձեր խմբակցության հետ:
-Նախագիծ չկա, ես նախագծին ծանոթ չեմ, մենք սկզբունքներ ենք մշակել, որոնք առաջիկա օրերին կհրապարակենք:
-Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, խնդրում եմ մի քիչ մանրամասնել:
-Սկզբունքները վեթինգ իրականացնելու համար, օրինակ, եթե վեթինգի համար հայեցակարգեր պետք է գրվի, իսկ մենք կարծում ենք, որ պետք է գրվի, այդ սկզբունքները կարող են հաշվի առնվել: Եթե հայեցակարգից հետո պետք է օրենքի նախագիծ, պետք է գրվի, այդ սկզբունքները պետք է հաշվի առնվեն, եթե Սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, էլի պետք է այդ սկզբունքները հաշվի առնվեն: Այսինքն` սկզբունքներ, թե վեթինգ անելու համար ինչ չափանիշներ պետք է պահպանվեն: Մենք դրանք հրապարակելու ենք, որպեսզի բոլորի համար հասանելի լինեն այդ սկզբունքները:
-Իրավաբանների կարծիքով` անհնարին է Հայաստանում վեթինգ իրականացնել, քանի որ որեւէ կերպ ՀՀ սահմանադրությունը չի թույլատրում նման բան իրականացնել: Դուք համամի՞տ եք:
-Մենք ասել ենք, որ եթե վեթինգը իրականացվի նոր մարմնի ստեղծմամբ, ապա պետք է Սահմանադրական փոփոխություններ արվեն, որը հնարավոր է միայն հանրաքվեով, որովհետեւ դատական իշխանության Սահմանադրական գլուխը չի կարող փոփոխվել այլ կերպ, հետեւաբար պետք է հանրաքվե իրականացնել: Բայց իշխանությունները, որքանով հասկանում եմ, ուզում են դա անել ԲԴԽ-ի միջոցով: Իսկ այս պահի դրությամբ քանի չկա նախագիծ, ինձ համար դա անհասկանալի է:
Կլինի նախագիծ, որտեղ հստակ կլինի, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իրականացնել այդ ամենը, այդ ժամանակ էլ մենք կկարողանանք խոսել, հայտնել մեր տեսակետը: Այս պահի դրությամբ չկա այդ նախագիծը, ու մենք չենք կարող որեւէ բան ասել: Մենք արդեն մի քանի անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք աշխատել այն փաստաթղթի վրա, որը որ իրենք գրում են, որեւէ արձագանք չի եղել, եւ հիմա անիմաստ ենք համարում առանձին նախագիծ բերել: Բայց մենք որոշեցինք ներկայացնել այդ սկզբունքները, որն ավելին է, քան նախագիծը. դա լայնածավալ աշխատանք է:
-Իսկ քանի որ նման լայնածավալ աշխատանք է իրենից ներկայացնում վեթինգի նախագիծը, ի՞նչ եք կարծում, արդյոք հնարավոր կլինի՞ այս տարվա մեջ վեթինգ իրականացնել դատաիրավական համակարգում, որը, ըստ վարչապետի, պետք է առողջացնի դատական համակարգը:
-Եթե հանրաքվեով արվի, ապա ես կարծում եմ, որ դժվար է լինելու, եթե ԲԴԽ-ով արվի վեթինգը, որը չգիտեմ` ինչպես են անելու, գուցե կարողանան: Մեզ չեն հրավիրել որեւէ քննարկման որեւէ հարցում, որպեսզի հասկանալի լիներ, թե իրենք ինչպես են պատկերացնում վեթինգի իրականացման մեխանիզմը: Մամուլը գրում է, որ դրա մասին փակ շրջանակ գիտի, մենք տեղեկացված չենք: Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում:
-Ձեր սկզբունքներում կա՞ այն հարցը, որ պետք է ազատվել դատական համակարգի բոլոր անձանցից, որպեսզի, ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետը, դատական հըամակարգում լինի «վիրահատական» պրոցես:
-Եթե պետք է լինի զտում, ուրեմն պետք է զտվի համակարգը, ու այդ զտման համակարգում պետք է գործող կոնտինգենտը թարմանա. բնականաբար այդտեղ պետք է նոր մարդիկ նշանակվեն: Նոր մարդկանց նշանակելու պրոցեսը եւս պետք է լինի շատ խիստ ու երկար տարվող գործընթաց: Միայն մարդկանց հանելով չի, պետք է լինեն նաեւ նորմալ կադրեր, որոնք պետք է նշանակվեն: Վեթինգի մասին խոսում են ե՛ւ հասկացող, ե՛ւ չհասկացող մարդիկ, ու հիմա խոսել դրա մասին անիմաստ է: Առաջիկայում մենք կներկայացնենք մեր սկզբունքները, թե ինչպես ենք պատկերացնում վեթինգը, դրանով ամեն ինչ պարզ կլինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ