2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններից եւ 2019թ. փետրվարի 17-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններից հետո Տավուշի մարզկենտրոնի շենքերի պատերին եւ այլուր փակցված են խորհրդարանի եւ ավագանու թեկնածուների նախընտրական պաստառները։ Դրանք արդեն խունացած են, մի մասը` պատռված: Համաձայն օրենքի` թեկնածուները իրենք պետք է հոգան այդ պաստառները մաքրելու գործը, սակայն դա չեն արել: Իջեւան համայնքի խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով Իջեւանի համայնքապետարանը համայնքի ավագանու 2019թ․ մարտի 19-ի որոշման հիման վրա հայտարարել է 2 դրամաշնորհների մրցույթ, դրամաշնորհների չափը կազմել է 100 հազարական դրամ:
Դրամաշնորհի մրցույթին ներկայացվել է 7 հայցադիմում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ դրամաշնորհային հանձնաժողովը, որի մեջ նաեւ քաղաքի ՀԿ-ների ներկայացուցչներ են, հունիսի 6-ին կայացած քվեարկությամբ ընտրել են Կորյուն Փարսադանյանի ներկայացրած «Մաքուր անկյուններ» ծրագիրը, որի միջոցով Իջեւանում փակցված պաստառները կմաքրվեն, եւ Սլավիկ Ալավերդյանի ներկայացրած «Հեծանվային կայանատեղիներ Իջեւանում» ծրագիրը, որով քաղաքում հեծանիվների կայանատեղի կկառուցվի։
Ոսկան Սարգսյան
Տավուշ