ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարից դժգո՞հ են «Իմ քայլ»-ում. ինչպես կզարգանան իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ հատվածը դժգոհ է եղել նրա աշխատանքից եւ այդ մասին չի էլ թաքցրել` խմբակցության 1-2 նիստերի ժամանակ բարձրաձայնելով այդ մասին:

Նաեւ Զեյնալյանի հրաժարականից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամները, այդ թվում` խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաստատեցին, որ Զեյնալյանից իսկապես դժգոհություններ եղել են, սակայն ընդգծեց, թե դրանք չեն վերածվել հրաժարականի պահանջի: Ամեն դեպքում, Զեյնալյանը հրաժարական տվեց, եւ այդ որոշումը կայացնելու հարցում մեծ դեր էր ունեցել հենց պատգամավորների դժգոհությունը:

Եվ, ահա, նրա հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ եւս, ում աշխատանքից իշխող խմբակցությունում դժգոհ են: Այդ քննարկումներին պարբերաբար անդրադարձ է կատարվել մամուլում եւ գրվել, որ խմբակցության որոշ անդամներ եւ իշխանության մի հատված դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից` նրան համարելով թույլ նախարար:

Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն` թավշյա նախարար չէ եւ իր պաշտոնին չի նշանակվել միայն «քայլելու» համար։ Բացի այդ, նշվում է, որ դեսպաններ են շարունակում աշխատել, որոնք նախկին իշխանություններին են սպասարկում, եւ Մնացականյանը չի բարձրացնում նրանց պաշտոնանկության հարցը:

Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նախարարի աշխատանքին անդրադարձել էր արդեն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ հետաքրքրվել, թե արդյոք ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը խուափողական պատասխան էր տվել, սակայն հետո պարզվել էր, որ նախարարը դեսպանի հետ այդ թեմայով զրուցել էր հենց հանդիպման օրը, սակայն այդ մասին տեղյակ չեն եղել հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Եվ միայն հանձնաժողովի նիստում հարցը բարձրաձայնելուց հետո նրանք տեղեկացվեցին այդպիսի զարգացումների մասին։ Եվ, ահա, այդպիսի համագործակցության բացակայությունը եւս հանգեցրել է դժգոհությունների «Իմ քայլ»-ի ներսում։

Սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն, իր սովորության համաձայն, գերադասում է լրագրողներից ինֆորմացիայի աղբյուր իմանալ եւ նոր դրանից հետո որոշել` պատասխանի նրանց հարցերին, թե ոչ։

Երեկ նույնպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արդյոք նախարարի աշխատանքից խմբակցությունից դժգոհ են հարցին պատասխանելու փոխարեն նա երկար ժամանակ լրագրողից ճշտում էր այդ ինֆորմացիայի աղբյուրը կամ լրատվամիջոցի անունը, որում հրապարակվել է տեղեկություն` նախագահի դժգոհության հետ կապված: Սակայն ճիշտ կլինի Ռուբեն Ռուբինյանը չմոռանա, որ լրագրողներն իրավունք ունեն չհրապարակել իրենց տեղեկատվության աղբյուրը, եւ որեւէ պատգամավոր իրավունք չունի լրագրողից աղբյուրի բացահայտում պահանջել։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել, բայց փաստ է, որ Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ է եւ իսկապես «չի քայլել»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս