ԵՐԲ ՓԻԼՈՆԱԼՈՒՅԾ Է ԱՆՈՒՄ ԹԵՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթի ելույթը, որը, գաղտնիք չէ, դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Ավելին` բանը հասավ նրան, որ երեկ Արարատյան Հայրապետական թեմը փիլոնազուրկ է հռչակել Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանին, որը ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից էր, ավելին` որը առավել քան ագրեսիվ էր իր ելույթներում ու պահվածքում:

ԱԺ-ի մոտ բողոքի ցույցի ժամանակ նա հայտարարել էր. «Եթե մենք այլ կողմնորոշմամբ լինեինք, մի քանի վայրկյանում կհասնեինք մեր ազգի դահլիճը՝ էդ ամբիոնի մոտ: Բայց եթե հայ քրիստոնյա ենք, պիտի սպասենք, ինչի՞, պիտի սպասենք, ո՞ւմ պիտի սպասենք: Արարա՛տ, դո՛ւրս արի, Միրզոյա՛ն, դո՛ւրս արի»: Հետո, երբ ցուցարարները գոռում էին. «Մեր ընտրածներն եք, դե եկե՛ք, պատասխա՛ն տվեք, վախենո՞ւմ եք», Տեր Ղազարն արձագանքեց. «Երբ որ սրբապիղծներին հանում հասցնում են ամբիոնի մոտ, չէի՞ն վախենում էն ժամանակ. մենք իրավունք չունե՞նք մտնել մեր Ազգային ժողովը»:
Հետո արդեն լեզվակռիվ էր եղել տեր Ղազարի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Տեր Հորը հատկապես բարկացրեց փոխխոսնակի հարցը, թե ով է իրեն ուղղորդել Ազգային Ժողովի բակ։
Շատերի մոտ հարց է ծագում՝ նույն հոգեւորականն ինչու իր դժգոհությունը չէր հայտնում դեռ 2015թ.-ին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել են եւ նրան տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է եղել արական։ Նույն հոգեւորականը ինչո՞ւ իր դժգոհությունը չէր հայտնում այն ժամանակ, երբ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տրանսգենդերների շահերի պաշտպանությամբ, համագործակցում էր ՔԱԳԿ-ի հետ, որի արդյունքում էլ տրանսգենդերներին անձնագրերի տրամադրման գործընթացը հեշտացել է։ Հիմա, իհարկե, երկրում իրավիճակ է փոխվել: Բայց, արի ու տես, հոգեւորականներից տեր Ղազարն ինչ-որ առումով դուրս է եկել թույլատրելիի սահմաններից:
Ու ինչպես երեկ տեղեկացանք, Տեր Ղազարը փիլոնազուրկ է հռչակվել։
«Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգեւորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը, Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, հայտարարվել է փիլոնազուրկ մինչեւ Ավագ Շաբաթ եւ գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո»,- ասված էր հայտարարությունում։ Միաժամանակ, հայտարարության մեջ նշված է. «Ինչպես բոլոր հոգեւորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը եւ քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:
Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգեւոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսեւորումներից՝ ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականության»:
Բնականաբար, շատերին երեկ հետաքրքրում էր, թե ինչ է նշանակում փիլոնազուրկ անելը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սա կարգապահական պատիժ է եկեղեցականի համար: Նշված շրջանում նրան արգելվում է ծիսական կյանքին մասնակցել. ապաշխարության շրջան է:
«Ժողովուրդ» օրաթերթին փիլոնազուրկ հռչակելու հետ կապված մի քանի ուշագրավ փաստեր հայտնի դարձան.
1. չի եղել որեւէ նման դեպք, որ հոգեւորականը փիլոնազուրկ հռչակվի թեմի կողմից. դա միշտ արվում է Մայր Աթոռի կողմից։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, պատկերն այլ է։
2. Նման դեպքերում հոգեւորականի հարցով զբաղվում է նաեւ կարգապահական խորհուրդը։
3. Երբեք փիլոնազուրկ չի արվում մեկ շաբաթ ժամկետով։ Փիլոնազուրկ անում են նվազագույնը 6 ամիս ժամկետով կամ անժամկետ։
Իսկ թե ինչու հոգեւորականի հանդեպ նման մեղմ միջոցներ կիրառվեցին, երեւի թե թողնենք ընթերցողի դատողությանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

ԹԵՂՈՒՏԻ ԵՎ ՇՆՈՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ

Հայաստանի կառավարությունը առաջիկայում Արդարադատության նախարարությանը կհատկացնի 77 հազար 900 եվրոյին համարժեք դրամ:

Նշված գումարը ԱՆ-ն կտրամադրի մի քանի գործերի` ՄԻԵԴ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Օրինակ` «Ալիխանյանը եւ Մելիքսեթյանը` ընդդեմ Հայաստանի» գործով վճարը կազմում է 10 հազար 800 եվրո, «Փարսադանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 8600 եվրո, «Վարդանյանը եւ Հախվերդյանը` ընդդեմ Հայաստանի» գործով վճարը 14 հազար եվրո է, «Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 10 հազար 400 եվրո, «Ավագյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 900 եվրո, «Մաշինյանը եւ Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 14 հազար եվրո, իսկ, ահա, «Մհեր Ալիխանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 5 հազար 200 եվրո:
Նշենք, որ այս դիմումատուները Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս գյուղերում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության եւ պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով: Նշենք, որ 2007 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտին պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչվեցին եւ օտարվեցին այս եւ այլ գյուղացիների հողատարածքները: Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը, եւ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել:
Օրինակ` «Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով, շնողցի հայր եւ որդի Ժորա եւ Արկադի Ռամազյանների խոսքերով, գերակա հանրային շահի ներքո իրենցից խլել են 6 կտոր հողատարածք առանց պատշաճ փոխհատուցման: ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում, երբ գյուղացիները չեն կարողացել ապացուցել, որ իրենց հողատարածքների արժեքի ոչ իրավաչափ հաշվարկ է կատարվել` հօգուտ կազմակերպության: Ռամազյանները 106 հազար 182 եվրո փոխհատուցում են պահանջել, բայց ՄԻԵԴ-ը բավարարել է 10 հազար 400 եվրոյի չափով: «Փարսադանյանները` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ դիմել են Թեղուտ գյուղի բնակիչներ: Նրանք համատեղ սեփականությամբ ունեցել են 0,430 հա հողատարածք, որը գնահատվել է մոտ 500 եվրո: ՄԻԵԴ-ը նրանց համար փոխհատուցման գումար է սահմանել 8600 եվրո: «Շնողցի Մհեր Ալիխանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ստացվել է 5200 եվրո փոխհատուցում: Նա ունեցել է 0.186 հա հող, որը գնահատվել է 290 եվրո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎՆԱՍԵԼ Է ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 19-ին սկսվել, այժմ ընթանում է Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղի բնակիչ Դավիթ Ղամբարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող վագոն-տնակին դիտավորությամբ հարվածելու եւ վնասելու համար: Դրա հետեւանքով այդ կազմակերպությանը պատճառվել է խոշոր չափերի` 580 հազար դրամի վնաս: Դ. Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերով վնաս է պատճառել»): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով: Դ. Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ անտառհատումներով զբաղվողները դիտավորյալ վնասում են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կամ դրա անտառների պահպանությունն իրականացնող պահնորդական ընկերության գույքը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 3-ին որոշել է մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` լուծելով 2018թ. սեպտեմբերի 4-ին նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետն այդ որոշումն ընդունել է` Նաիրի Մելքումյանի անձնական դիմումի հիման վրա: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մինչ այդ ազատումը մարզպետը Ն. Մելքումյանին մարզպետարանի այլ աշխատակիցների ներկայությամբ մեղադրել է վատ աշխատելու համար, ինչին վերջինս չի համաձայնել. տեղի է ունեցել վեճ: Նախկինում Ն. Մելքումյանը զբաղեցնում էր Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը: Ապրիլի 3-ին մարզպետ Չոբանյանը մեկ այլ որոշմամբ մինչ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները վերապահել է նույն վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանին: 2019թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ. Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց: Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, այժմ մարզպետը տեղակալ չունի: Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են նոր անձինք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս