ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՄԱԿՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան ավիավառելիք ներմուծում է միայն մեկ ընկերություն` «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ն: Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով: Պարզվում է` երկաթուղին ինքն է որոշում, թե որ մատակարարի հետ համագործակցել, որի հետ` ոչ:

Ինչպես հայտնի է, ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից, իսկ Հայաստանում վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում:
Բնական է, որ եթե ավիաընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր: Այսինքն` վառելիք ներկրողը` տվյալ դեպքում օդանավակայանը, x գումարով ներմուծում է, որն էլ զգալի թանկ գնով վաճառում է օդանավերին: Օդանավակայանը, սակայն, կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է: Դա է պատճառը, որ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են: Ըստ որոշ տեղեկությունների` «Զվարթնոց» օդանավակայանը մեկ տոննա ավիավառելիքը ավիաընկերություններին վաճառում է 950-1050 դոլարի սահմաններում, մինչդեռ Թբիլիսիի օդանավակայանում մեկ տոննա ավիավառելիքը 750-800 դոլար արժե: վառելիքի մեկ տոննան Իրանում շուրջ 200 դոլար է կազմում, Դոմոդեդովոյի օդանավակայանում` 700-800 դոլար: Անգամ Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում 1050 դոլար չէ. այստեղ վառելիքի մեկ տոննան կազմում է շուրջ 800-900 դոլար: Մանսագետների խոսքերով` յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի օդանավակայան ունի մի քանի ընկերություն, որոնք ավիավառելիք են ձեռք բերում: Բացի այս` օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում:
Ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, օդաչու Դմիտրի Ադբաշյանի` ավիատոմսերի գների մեջ վառելիքը կազմում է 15-25 տոկոսը: «Ավիատոմսի մոտ 15-25 տոկոսը հիմնվում է վառելիքի գնի վրա, իսկ եթե ներմուծող ընկերությունները շատ լինեն, ապա ավիատոմսերը կէժանանան: Ժամանակին մեզ մոտ ավիավառելիք ներմուծող 11 ընկերություն կար, հետո խաղում մնաց Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Ու այդպես շարունակվեց մինչեւ հիմա: Հիմա էլ հերթը «Զվարթնոց» օդանավակայանինն է: Անառողջ մրցակցություն է, այլ պատճառ չկա: Եթե ինձ կանչեն ու ասեն`վաղվանից սկսի ավիավառելիք ներմուծել, ես էլ կանեմ»,- անկեղծացավ Ադբաշյանը: Մասնագետի խոսքերով` Երեւանի եւ Թբիլիսիի օդանավակայանների սպասարկման գները բավականին տարբեր են. Թբիլիսիում մոտ երկու անգամ էժան է. «Օրինակ` Թբիլիսիում ինքնաթիռը մոտենում է շենքին, մեկ անգամ շարժասանդուղքին կպնելու համար է վճարում, իսկ մեզ մոտ` Հայաստանում, երկու անգամ են մուծում. առաջին անգամ, երբ դուրս են գալիս ուղեւորները, երկրորդը` մտնելիս»:
Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանում այդ շարժասանդուղքին կպնելու համար ավիաընկերությունը վճարում է 400 եվրո, իսկ եթե երկար է կանգնած մնում, երկու անգամ է վճարում: Եթե ավիաընկերությունն ունի ավելի շատ ծախս, բնականաբար, ավիատոմսերի գները կսահմանի ավելի բարձր:
Ավիատոմսերի բարձր արժեքին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, որը ղեկավարում է այն ընկերությունը, որ կառավարում է «Զվարթնոց»-ը եւ Գյումրիի օդանավակայանը: Ես թափանցիկության տրամաբանությամբ փոխանցում եմ մեր խոսակցության նյութը: Նա ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի եւ մատակարարման համակարգի մեջ»:
Պարզվում է` ավիավառելիքի շուկան հայտնվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Հանձնաժողովը մարտի 20-ից ուսումնասիրություն է սկսել այս շուկայում: Ըստ հանձնաժողովի` ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցությունը սահմանափակ է. քաղաքացիական ավիացիայի համար վառելիք ներմուծվում է միայն Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավիավառելիք ցանկանում է ներկրել նաեւ «Մաքս գրուպ»-ը, որը համարվում է բենզինի ներկրող:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խորհրդական Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը ավարտելու համար դեռեւս որոշ ժամանակ կպահանջվի. «Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ առկա փաստերի հիման վրա կարող ենք ասել, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է հարեւան Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մենք գիտենք, որ Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ»:
Պարզվում է` երկաթուղին ինքն է որոշում, թե որ մատակարարի հետ համագործակցի, որի հետ` ոչ: Եւ վրացական երկաթուղու կամայական գործելաոճի հետեւանքով առաջանում են մրցակցության սահմանափակումներ: Գայանե Սահակյանի խոսքերով` վրացական երկաթուղու այս մոտեցման պատճառով մի շարք ընկերություններ զրկվում են ՀՀ շուկայի համար ավիավառելիքի ներմուծում իրականացնելու հնարավորությունից: «Քանի որ, ինչպես արդեն նշեցի, խնդիրը առաջացել է Վրաստանի տարածքում, ապա Հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու նպատակով: Այս պահին խնդիրը գտնվում է գործընկեր կառույցի հետ քննարկման փուլում, եւ հուսով ենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկայում կկարողանանք գործուն քայլեր իրականացնել` խնդրի լուծման ուղղությամբ»,- հույս հայտնեց խորհրդականը: Նրա համոզմամբ` ավիավառելիքը էական ազդեցություն ունի ավիատոմսի գնագոյացման վրա, եւ ակնկալվում է, որ նոր տնտեսվարողների մուտքով իրավիճակն էապես կփոխվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս