Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Մայրաքաղաքը մաքուր պահելու այսպիսի հորդոր, համաձայնեք, քիչ է հանդիպում: Այս դեպքում «բիչոկ գցող անինքնասերը» կկարդա եւ կհասկանա, որ պետք չէ նման կերպ վարվել:
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ ուզում եմ իմանալ, թե ում է օրենքով սահմանված կարգով տրվում մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք:
Աէլիտա Հայրապետյան (61 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` տեղեկացում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Միաժամանակ հայտնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո` ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
ՀԱՐՑ. Կարելի՞ է արդյոք արտոնագիր վերցնել կոնկրետ օրերի համար, թե՞ ոչ:
Համլետ Կետիկյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ.Կետիկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 12-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված, Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում` 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում` 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում` 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում կարող է տրամադրվել արտոնագիր որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի համաձայն` յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր: Ի դեպ, ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում եւ չեն վերադարձվում` անկախ այն բանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը: