Անվտանգության խորհուրդը սկսել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության շուրջ աշխատանքները: Նկատենք, որ այս փաստաթուղթն ընդունվել է դեռ 2007թ. հունվարին եւ մինչեւ հիմա որեւէ փոփոխության չի ենթարկվել, այնինչ այս տարիներին ե՛ւ ՀՀ-ում, տարածաշրջանում, ե՛ւ միջազգային ասպարեզում բավական կտրուկ փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ փոխվել են նաեւ ՀՀ առաջ ծառացած մարտահրավերները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռազմավարությունը գրելիս անվտանգության խորհուրդը ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ եւ նոր միայն մշակել այն։ Ավելին` մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, եւ առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եւ նոր դրանից հետո լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։
Նշենք, որ անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը եւս հայտարարել էր անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին, սակայն դրանց իրականացումը ձգձգվեց։ Վերջին անգամ նա այդ մասին խոսել էր 2018թ. հունվարին։
Եվ հատկանշական էր, որ նրանք պատրաստվում էին դա անել հենց 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց դժգոհությունը՝ պատերազմի ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ: Եվ չնայած թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ մանրամասներով հայտնի չեն, թե ինչ փոփոխություններ կլինեն ռազմավարությունում, եւ թե փաստաթղթի հատկապես որ մասերն են ենթակա փոփոխության, սակայն Ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ էին հայաստանյան քաղաքական գործիչների, վերլուծաբանների հայտարարությունները, որ Երեւանը պետք է վերանայի իր մոտեցումները ազգային անվտանգության ռազմավարությունում։
Եվ չնայած Անվտանգության խորհուրդը որոշել է լայն քննարկում անցկացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների եւ խմբակցության ներկայացուցիչների հետ, սակայն երեկ պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափում էին ներկայացնել իրենց տեսլականը փոփոխությունների շուրջ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ քննարկումների մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել, ապա հավելեց. «Մենք պետք է քննարկենք, դրա համար ես հիմա զերծ կմնամ մեկնաբանելուց։ Դա կանեմ ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո»։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն 2007 թվականից չի փոխվել` պետք է շատ փոփոխություններ լինեն. «Պետք է քննարկվի այդ հարցը եւ բազմակողմանի ուսումնասիրվի», – հավելեց նա։
Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձագետների խմբի հետ արդեն նախապատրաստական աշխատանքներ է կատարում, առաջարկներ պատրաստում, որոնք կներկայացնեն քննարկումների ժամանակ։ Միեւնույն ժամանակ այդպիսի աշխատանքներ անում են նաեւ խմբակցության մյուս անդամները։ Արման Բաբաջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մատնանշեց հարցեր, որոնց շուրջ պետք է քննարկումներ լինեն։
«Ընդհանրապես, աշխարհն է փոխվում, եւ մենք պատրաստ ենք ամբողջովին վերատեսության ենթարկել ռազմավարությունը։ Եվ ոչ միայն խոսքը պաշտպանական, այլեւ անվտանգային մյուս հատվածները պետք է արմատապես փոխենք։ Հայաստանն է փոխվել, Հայաստանի դիրքավորումն է փոխվել։ Մենք բոլորովին այլ ակնկալիքներ ունենք Վրաստանի հետ հարաբերություններում, փորձում ենք վերաբեռնավորել հարաբերություններն Իրանի հետ, կարծում եմ` Ռուսաստանի հետ երկկողմ եւ բազմակողմանի հարաբերությունների մեծ ներուժ կա։ Այս աշխատանքներում պետք է նոր նշաձող լինի ՌԴ-ի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու», – հավելեց նա։
Միեւնույն ժամանակ, պատգամավորի խոսքով` պետք է Հայաստանը չլինի խնդրողի դերում, եւ այդ առումով մատնանշեց փոփոխությունների կարեւորությունը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում։ «Ընդհանրապես, մենք պետք է կարողանանք արմատապես փոխենք մեր դիրքավորումը հայ-ամերիկյան օրակարգի մասով։ Կարծում եմ՝ այնտեղ լուրջ աշխատանք կա տանելու։ Հատկապես Թրամփից հետո ԱՄՆ-ն իր երկկողմ հարաբերությունները կառուցում է բոլորովին այլ սկզբունքներով։ Նա խնդրող երկրներին չի դիտարկում որպես իր հետ հավասար գործընկեր։ Հայաստանը, նախկինից եկած իներցիայով շարունակելով իր արտաքին քաղաքականությունը, պետք է որ այս հարցում խնդրահարույց լինի։ Մենք պետք է կարողանանք համոզել ամերիկացի գործընկերներին, որ թեեւ Հայաստանը չի փոխել իր քաղաքական կուրսը, միեւնույն ժամանակ, խնդրողի դերում չէ, եւ նոր իշխանությունները գոնե բավարար քաղաքական կամք ունեն արժանապատիվ քաղաքական օրակարգ առաջարկել ԱՄՆ-ին», – եզրափակեց նա։
Մեր տեղեկություններով` չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019 թվականի վերջին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել: Դատական այդ նիստը հրավիրվել էր քննարկելու Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Նախորդ նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ քննվում է եւս մեկ քրեական գործ` Պրահայում Ն. Սարգսյանին հայտնաբերելիս Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ներկայացնելու հետ կապված:
ՆՈՐԻՑ ԿԴՆԻ
Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, ազատ են արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Նարեկ Մելքոնյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Զարթոնք համայնքում կրակոցներ արձակելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Մինչեւ այդ հրաժարական էր ներկայացրել նրա պապը՝ Պարույր Սարգսյանը, իսկ նախօրեից էլ գյուղում ցույցեր էին արդեն Նարեկ Մելքոնյանին ազատ արձակելու պահանջով։ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից։ Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել եւ հայտնաբերել վարչարարական խախտումներ։ Չգոհանալով արդյունքներից` գյուղացիներն էլ այս անգամ պահանջել են աուդիտ անցկացնել արդեն դպրոցում, որի տնօրենը նախկին գյուղապետի դուստրն է։ Եվ մեր տեղեկություններով` նրանց դիմումում հիմնավորումը հենց միայն դա է եղել, այլ պատճառ աուդիտ անելու գյուղացիները չեն էլ նշել։ Հավելենք, որ Պարույր Սարգսյանը մտադիր է կրկին առաջադրվել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին։
ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր է` վարորդները նկատել են, որ ավտոմեքենաները նախկինի չափ են գազ լիցքավորում, բայց ավելի շատ են վարում: Վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ որոշ գազալցակայաններում գազի խտությունը բարձրացել է, ու նույն արժեքի գազ լցնելիս մարդիկ ավելի շատ են վարում: Վարորդ կա, որը 20-30 կմ ավելի է վարել, վարորդ էլ կա` 50 կմ: Հուսանք` գազալցկայաններում այս պրակտիկան երկար կպահպանվի: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:
ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ
Ոստիկանության 101-ամյակի միջոցառումներին երեկ ներկա է գտնվել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու փոխվարչապետերը՝ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ե՛ւ ինքը, ե՛ւ ոստիկաններից շատերը փողոցում էին. «Մեր տարի առաջ` այս օրը, մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում»:
ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությունը ապրիլի 17-19-ը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց եւ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաեւ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Սբ. Էջմիածին:
ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` մաքսային համագործակցության վերաբերյալ։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին` հուշագրով հիմքեր են ստեղծվել Հայաստանի եւ Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար: Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջեւ հաստատվեց համագործակցություն եւ փոխադարձ օժանդակություն, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առեւտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից եւ վճարներից խուսափելու դեմ պայքարին:
ՊԱՏԱՍԽԱՆ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետախուզվող Պողոսյանի գտնվելու վայրը: Գրասենյակից նշում են, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն. ք. Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաեւ Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը»,- նշված է հաղորդագրության մեջ: Միհրան Պողոսյանի գրասենյակը նախկին գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է շինծու: