ԾԵՐ ԿՆՈՋԸ՝ ԴԱՆԱԿԻ 31 ՀԱՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր Երեւանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանը: Նրա ընտանիքը հայտարարում է, որ իրենք տեւական ժամանակ ապրում են վախի ու ահաբեկման մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին այս առեղծվածային դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

2019 թվականի ապրիլի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը հարազատների հեռախոսազանգերին չի արձագանքում, տան դուռն էլ փակ է: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դին` բերանը կպչուն ժապավենով փակված: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջը հասցվել է դանակի 31 հարված: Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրավապահները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` կատարվածի հանգամանքները պարզելու եւ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Քննությունն ու զարգացումները
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հարցաքննում են միայնակ կնոջ բարեկամներին եւ տեղեկանում են այն մասին, որ 84-ամյա տատիկի հարազատները բնակվում են արտասահմանում եւ նրան պարբերաբար գումար են ուղարկում: Նա էլ իր հարազատներին ասում է, որ այդ գումարը հավաքում է նեղ օրվա համար: Ինչեւէ, իրավապահները, երբ քննություն են իրականացնում, առաջ են քաշում այն վարկածը, որ ենթադրյալ հանցագործների նպատակը եղել է տատիկին թալանելը: Իսկ հաջողվել է դա անել նրանց, թե ոչ, իրավապահների համար սկզբում մնացել է հանելուկ: Բանը հասել է 84-ամյա կնոջ հարազատներին հարցաքննելուն, իսկ վերջիններս էլ իրավապահներին պատմել են, որ նա պահած գումար ուներ, եւ իրավապահներին ցույց են տվել գումարի տեղը: Գումարը՝ 4000 դոլար, եղել է տեղում: 84-ամյա կնոջ տուն ներխուժած անձանց այդպես էլ չի հաջողվել նպատակին հասնել ու տիրանալ 4000 դոլարին: Այստեղ կրկին հարց է առաջացել. եթե գումարը չեն գտել, կամ տատիկը հանցագործներին իր գումարի տեղը չի ասել, ապա ինչո՞ւ են դաժանաբար սպանել: Այստեղ էլ իրավապահներն այն վարկածն են առաջ քաշել, որ միգուցե կինը ճանաչել է իր տուն ներխուժած անձանց կամ անձին, ուստի հետքերը թաքցնելու համար նրան սպանել են: Այս դեպքից մեկ օր հետո` ապրիլի 7-ին, Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվում Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Էդգար Ծատինյանը: Նրա ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձեւակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: Այնտեղ նա հայտնել է, թե չի հիշում` ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետեւ տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Էդգար Ծատինյանը հենց 84-մյա տատիկի սպանության կասկածանքով էր բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Մայրը ահազանգում է
Արդեն մի քանի օր է, ինչ մահացած Էդգար Ծատինյանի մայրը` 57-ամյա Լարիսա Եթարյանը, հայտարարում է, որ ապրիլի 7-ին իր որդուն` Էդգար Ծատինյանին, զանգել ու 4-րդ Մասիվի դատարանի շենքի մոտ է հրավիրել նրա ընկերը` Ֆեդյա անունով: Որդին Աբրահամ անունով երիտասարդի հետ գնացել է նշված վայր, որտեղ ոստիկանության 7 ավտոմեքենա շրջապատել է նրանց, ձեռքերին շղթաներ անցկացրել ու տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ որդուն խոշտանգել են: Ըստ Լարիսա Եթարյանի` ոստիկաններն իր որդուն ստիպել են հայտնել, որ օրեր առաջ հարեւան շենքում սպանված տարեց կնոջը սպանել են երկու այլ հարեւաններ: Մոր խոսքով` Էդգարը հրաժարվել է սուտ տեղեկություններ հայտնել, ինչից հետո սկսվել են խոշտանգումները. «Ծեծում են մի այլ կարգի, ասում են` էնքան էին խփել պոչկեքիս, չեմ կարողանում շարժվել, չեմ կարողանում շնչել: Երեխես ասել ա` մի կում ջուր տվե՛ք, կանդալած տանում են զուգարան, քցում են գետնին, սկսում են խփել: Ասում ա` ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ինքը որ վթարի էր ենթարկվել, ոտքը հավաքած ա շշով: Ասա, թե որ ոտքդ ա, որ կտրենք, ու սկսում են հարվածել, ջուրը շփում են վրեն, թե` ա՛ռ, խմի՛: Բերում, նստցնում են ու ասում են` գրի՛, պիտի գրես, որ էդ կնոջը սպանել են Արմանն ու իր կինը: Ասում ա` ես չեմ տեսել, ո՞նց տենց բան գրեմ, չեմ գրի տենց բան»: Ըստ նրա` ոստիկանները սպառնացել են թմրանյութ համարվող կրիստալը գցել Էդգարի գրպանը: «Կգնաս, 7-ից 15 տարի կդատվես, եթե չես գրում»,- ասել են, ինչից հետո Էդգարը կուլ է տվել կրիստալը:

Կասկածանքի հիմքը
Նկատենք, որ Էդգար Ծատինյանը նախկինում ազատազրկված է եղել: Արդյոք իրավապահների համար Էդգար Ծատինյանի նախկինում ազատազրկման դատապարտված լինելն է հիմք եղել, որ նրան կասկածեն 84-ամյա կնոջ սպանության համար, թե այլ ապացույցներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ» օրաթերթին այս քրեական գործի քննության ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահների ձեռքում է հայտնվել տվյալ, ըստ որի` 84-ամյա կնոջ սպանությունից հետո Էդգարին է զանգահարել իր ընկերներից մեկը եւ հայտնել, որ ոստիկանները գալու են իրենց հետեւից: Նույն լուրերի համաձայն` Էդգարը նրան ասել է, որ չվախենա, «երբ գան, նրանից կխմենք, բաժնում կվատանանք ու կփրկվենք»: Ենթադրվում է, որ կրիստալ տեսակի թմրամիջոցի մասին է եղել խոսքը, որը էդգար Ծատինյանը օգտագործել է, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ոստիկանությունը ու դատախազությունը
Այսպիսով, իրավիճակին արձագանքել է ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ դատախազությունը: Ըստ ոստիկանության նախնական բժշկական եզրակացության` մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Ինչեւէ, հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաեւ ոստիկանության ծառայողների նկատմամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է` սուտ մատնության հատկանիշների առկայությունը: Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ` նշանակվել է ծառայողական քննություն` հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը սույն հաղորդումը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու եւ հետագա ընթացքը լուծելու համար: ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 7-րդ կետերով: Հուսանք, որ ՀՀ քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն օբյեկտիվ քննություն կիրականացնեն պարզելու ինչպես 84-ամյա կնոջ սպանության հանգամանքները, այնպես էլ ոստիկանների կողմից հնարավոր խոշտանգման մասին հայտարարությունները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՐՄԻՐ ԲԱՃԿՈՆՆ ՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցներից: Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվել էր «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Մուշեղ Ղեւոնդյանը եւ եւս մի քանի այլ տղաներ գնացել են ռեստորան քեֆ անելու. գինովցել են: Հետո Մուշեղ Ղեւոնդյանի եւ իր ընկերներից մեկի միջեւ խոսակցություն է սկսվել կարմիր բաճկոնի շուրջ:
Ի դեպ, կարմիր բաճկոնը հագած է եղել հենց Մուշեղ Ղեւոնդյանը: Ու դարպասապահին դուր չի եկել կամիր բաճկոնի շուրջ խոսակցությունը, դուր չի եկել, երբ ընկերը փորձել է ծաղրել իրեն: Մեզ հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, բայց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Ղեւոնդյանն անպատասխան չի թողել խոսքերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` նա ընկերոջը պատասխանել է. «Դու որ բերդում նստած էիր, քո բերդի խցակիցները կարմիր կուրտկա չէին հագնում»:
Այսպիսով, երկու գինովցած ընկերների միջեւ կարմիր բաճկոնի թեման այն աստիճան է թեժանում, որ Մուշեղ Ղեւոնդյանի եւ նրա մյուս ընկերների միջեւ թեժ վիճաբանություն է սկսվում, որից հետո հնչում են կրակոցներ:
Կրակոցներից հետո տղաները, տեսնելով, որ Մուշեղը եւ եւս մեկ այլ երիտասարդ լուրջ վնասվածք են ստացել, նրանց հիվանդանոց հասցնելու փոխարեն նստում են մեքենաները եւ գնում են ամայի տարածք, որպեսզի որեւէ մեկը չտեսնի, թե ինչ է կատարվել: Նրանք սկսում են սեփական ուժերով իրենց ընկերներին օգնություն ցույց տալ, սակայն տեսնելով, որ Մուշեղ Ղեւոնդյանի եւ մյուս երիտասարդների վիճակը գնալով վատանում է` որոշում են նրանց մեկ այլ մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին էլ Մուշեղ Ղեւոնդյանը մահանում է:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

22-Ը՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին եւ Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող Մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը:

 

 

ԿՔՆՆԻ
Ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Դատական նիստի օր դեռ նշանակված չէ: Մ. Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչներին ազատազրկած դատավոր: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Վերջինս կալանավորված է:




Լրահոս