ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին` հարցադրումներ հնչեցնելով, որ ծրագիրը կարող է լավ մտածված խաբեություն լինել: Նման կասկածներ ունենալու համար մի շարք փաստեր են առկա, օրինակ` ծրագրի` Արմավիրի մարզը համակագող Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էջմիածնի քաղաքային իշխանության հետ համագործակցություն կա, այնինչ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրեն դիմել են, որպեսզի քաղաքապետարանը հող տրամադրի, սակայն ինքը մերժել է դա, քանի որ իրեն չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ այդ ամենը քաղաքապետի համար առնվազն կասկածելի է թվացել:

Նշենք, որ գրեթե նույն իրավիճակն է եղել Մեծամորի դեպքում: Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ բնակչության մեջ խոսակցություններ են տարածվել, թե «Մի կտուրի տակը» պետական ծրագիր է, համագործակցություն կա կառավարության, մարզպետարանների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս ծրագրի մասին զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, ի՞նչ տեղեկություններ ունեք «Մի կտուրի տակ» ծրագրի գործունեության մասին:
-Մենք իրենց հետ չենք համագործակցում եւ չենք համագործակցել ոչ Արմավիրի մարզպետարանի կարգավիճակով, ոչ քաղաքապետարանի կարգավիճակով: Ես տեղյակ եմ, որ իրենք գործունեություն էին փորձում ծավալել Էջմիածին քաղաքում: Էջմիածնի քաղաքապետարանը պաշտոնապես հերքում է տարածել, որ չի համագործակցում տվյալ կազմակերպության հետ: Մենք չգիտենք` իրենք ինչքանով են վստահելի: Այնուհետեւ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ կան խնդիրներ, եւ իրավապահ մարմինները կարծես զբաղվում են այդ հարցերով:
-Ինչպես հայտնի դարձավ, փորձել են Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցել: Տեղյա՞կ եք` նույն հարցով դիմել են արդյոք Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին:
-Վստահ չեմ կարող ասել` փորձել են, թե ոչ, եւ չգիտեմ` որ համայնքում ինչ է եղել: Այսինքն` հնարավոր է, որ ոչ միայն քաղաքային համայնքներից են իրենք փորձել հող ստանալ, այլ նաեւ գյուղական համայնքներից, բայց որ Արմավիրի մարզում իրենց հետ չկա համագործակցություն պետական մակարդակով, դա հաստատ է: Թե ինչ են փորձել, վստահ չեմ, որովհետեւ բացի Արմավիրի եւ Էջմիածնի քաղաքներից հնարավոր է նաեւ Մեծամոր քաղաքում նման հանդիպումներ եղած լինեն, հողի հետ կապված հարցեր քննարկած լինեն, բայց, ամեն դեպքում, պաշտոնապես որոշում չկա. իմ ունեցած տեղեկություններով` հողհատկացումներ չեն եղել:
-Դուք հետաքրքրվե՞լ եք` արդյոք իրավապահ համակարգը պատշաճ վերահսկողություն իրականացնում է:
-Շատ չեմ կարող մանրանալ, քանի որ չգիտեմ` քննություն ընթանում է, չի ընթանում: Ճիշտ կլինի` իմ ուժային գործընկերները դրա մասին տեղեկություններ տան, բայց իմ տեղեկություններով` իրավապահները զբաղվում են:
-Դուք` որպես Արմավիրի մարզպետ, ի՞նչ կարծիք ունեք տվյալ ծրագրի մասին:
-Տեսեք, ես իմ անձնական կարծիքն եմ ասում` իրենք ինձ վստահություն չեն ներշնչում եւ ընդամենը այդքանը: Ես այդ ծրագրի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ չեմ ունեցել: Ուղղակի փաստաթղթերին եմ ծանոթացել:
-Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
-Իրենք փորձում էին համագործակցության եզրեր փնտրել քաղաքների հետ, օրինակ` ինչպես նշեցինք, Վաղարշապատի հետ: Եւ ես տեղյակ եմ, տիկին Գասպարյանի հետ խոսել եմ այդ մասին, քննարկում ենք ունեցել: Ամեն դեպքում, քաղաքապետարանը մերժել է:
-Դուք համայնքապետերի հետ ընդհանուր քննարկում ունեցե՞լ եք այդ մասին` իրազեկելու, որ դա պետական ծրագիր չէ, եւ Ձեզ վստահություն չի ներշնչում:
-Այսպես ասեմ, եթե խոսում ենք համագործակցության մասին, ես դա հետեւյալ կերպ եմ պատկերացնում. անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն է, ինչ լիազորություններ ունի կամ ինչ է նախաձեռնում` եթե իրենք ուզում են հողատարածքներ գնել, ապա դրա համար կան հատուկ աճուրդներ: Աճուրդների մասին տեղեկատվություն կտանք, թող գան, մասնակցեն: Այսինքն` այնպես չէ, որ մենք ուղղակիորեն հողհատկացում ենք կազմակերպելու նմանատիպ կազմակերպությունների համար: Ամեն դեպքում, ուղիղ մարզպետարանի հետ քննարկումներ չեն փորձել ունենալ:
-Բնակիչներից բողոքներ ունեցե՞լ եք այդ ծրագրի մասին, կամ թեկուզ մասնավոր զրույցներում Ձեզ հետ խոսե՞լ են այդ մասին:
-Որպես էդպիսին, մուտքագրված բողոքներ չկան մարզպետարանում: Մասնավոր զրույցներում ասում են` լսել ենք, որ ծրագիրը պետության հետ է համագործակցում, մարզպետարանի, մենք էլ հերքում ենք` ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանն արդեն սկսել է ապամոնտաժել Օղակաձեւ զբոսայգում տեղակայված անխնամ վիճակում գտնվող սրճարանները: Ըստ քաղաքապետարանի` տարածքը կանաչապատվելու է:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Ռուբեն Դարբինյանը տեղեկացրեց, որ Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, եւ հաշվի առնելով իրավական առանձնահատկությունները` համապատասխան որոշում կկայացվի:
«Իսկ ապամոնտաժվող այս սրճարանը Երեւան համայնքին է պատկանում, շինությունն ինքնակամ է: Որեւէ պայմանագիր առկա չէ, իսկ սեփականատերը հանդիսանում է համայնքը, հետեւաբար մենք ենք կրում ռիսկերը, մենք ենք վերացնում հետեւանքները»,- տեղեկացրեց Ռուբեն Դարբինյանը: Իսկ, ահա, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ կոնկրետ ապամոնտաժվող սրճարանի սեփականատիրոջ հետ չի հաջողվել կապ հաստատել. «Իրավական խնդիրներ ունի, բայց մենք այն, ինչ անում ենք բոլորին, հնարավորին դեպքում այդ մասին ծանուցում ենք»: Բայց ապամոնտաժվող սրճարանի սեփականատերերին ծանոթները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ սեփականատերը տարիներ առաջ մահացել է, իսկ պայմանագրի ժամկետը ավարտված է: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը Օղակաձեւ այգում արձանագրել է նաեւ անմխիթար վիճակում գտնվող եւս մեկ սրճարան, որի պատուհանները կոտրված են, իսկ տարածքում կուտակված աղբ կա:
Բացի Օղակաձեւ այգու սրճարանից, քաղաքապետարանը երեկ ապամոնտաժեց նաեւ Խորենացի 9 հասցեում գտնվող հանրային սննդի տաղավարը: Տաղավարի տնօրենը` Նաիրան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ տանիքով տաղավարը 30 տարի շարունակ գործել է. «Բայց ոչ ոք ոչինչ չի ասել: Ու այդպես ես ե՛ւ քաղաքապետարանին եմ տուրք վճարել, ե՛ւ Պետական եկամուտերի կոմիտեին»:
Տեղեկացնենք, որ թեեւ տանիքով տաղավարը ինքնակամ է, այնուամենայնիվ, ապամոնտաժման ծախսերը քաղաքապետարանն է հոգալու: «Ես դժգոհ չեմ, ինձ չեն ստիպել, բացատրել են, որ ապօրինի է, բայց խոստացել են, որ մայթի մի հատվածում կարող եմ առանց տանիքի սեղան աթոռ դնել սեզոնին: Ասում են` քաղաքապետն է տեսել ու հանձնարարել ապամոնտաժել, հետո ասացին, որ մարդիկ բողոքել են շենքից: 30 տարի չէին բողոքել, երեւի հիմա մարդկանց խանգարում է»,- մեծ ափսոսանքով նկատեց տիկինը:
Իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները տիկնոջը հանգստացրին` նշելով, որ ինքը իրավունք ունի դիմել քաղաքապետարան եւ սեզոնային բացօթյա առեւտուր անելու համար թույլտվություն ստանալ: Մինչեւ ապամոնտաժելը տաղավարը խոչընդոտել է հետիոտնի տեղաշարժը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանը դպրոցում աշխատանքի է ընդունել իր հարազատ-բարեկամներին, որոնց մի մասը, սակայն, այդպես էլ աշխատանքի չի ներկայացել։ Ու հիմա Ա. Սարդարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 եւ եւ 308 հոդվածներով։ Այդ քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից, այն փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

 

 

5 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Դիլիջան քաղաքի բնակիչ, նախկինում չդատված, 1980թ. ծնված Արման Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ քրեական գործի նյութերի` հանդիսանալով «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ տնօրեն` 2013-2014 թվականներին իրականացրել է տնտեսական գործունեություն. ՀՀ տարածք է ներմուծել ապրանքներ ու առանց համապատասխան փաստաթղթավորման իրացրել, ՀՀ-ում ձեռք է բերել ապրանքներ եւ իրացրել «ԷԴ ԸՆԴ ԶԱԿ» ՍՊԸ-ին, սակայն պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր գումար: Ըստ մեղադրանքի՝ հարկեր չվճարելու նպատակով նա, խախտելով օրենսդրությունը, սահմանված կարգով եւ ժամկետներում տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել 2013-2014 թվականների շահութահարկի, 2 ավելացված արժեքի հարկի, շրջանառության հարկի, եկամտային հարկի հաշվարկները եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 20 միլիոն 237 հազար 690 դրամ։ 2019թ. փետրվարի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Սարգսյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածում եւ դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով, 5 միլիոն դրամի չափով գույքի բռնագրավմամբ։ Ա. Սարգսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը այդ վճռի դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ կիրառել քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանական ազատազրկում կիրառել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս