ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական: Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան հիմնավորումներ գտնելու եւ մշակելու համար:
Միայն թե հիշում եք` այս օրինագծի ընդունումը ժամանակին ինչպես փոթորկեց քաղաքական դաշտը` դառնալով դրամատիկ իրադարձությունների պատճառ: Ըստ օրինագծի` եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։ Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում կողմ էին քվեարկելու այս նախագծին, վարչապետ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ հավաքվեց մի հսկա բազմություն` շրջափակելով օրենսդիր մարմինն ու «գերեվարելով» պատգամավորներին: Այս նախագծին կողմ քվեարկելու համար Փաշինյանը իշխանությունից «վտարեց» ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հենց ԱԺ-ի մոտ հավաքված բազմության մոտ վարչապետը ստորագրեց այդ կուսակցությունների քվոտայով նախարար նշանակված անձանց ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկը: Եւ, ըստ էության, հենց այս նախագծի ընդունումն արագացրեց նախորդ խորհրդարանի վաղաժամկետ արձակումն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կատարվածն ապացույցն է այն բանի, որ իրենք ճիշտ էին: Իսկ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր հարցին, թե բարձրացրած աղմուկն իզուր էր արդյոք, պատասխանել է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը բազմաշերտ էր. այդտեղ ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական խնդիր կար»:

 

 

 

ԱԺ-ն երկար քննարկումներից հետո, 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական տուրքի սահմանում ներկրված ցեմենտի վրա: Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի գործունեությունը։ Ծառուկյանը, սակայն, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» ընկերությունները, իսկ, ահա, երրորդ ընկերությունը՝ «Երեւան ցեմենտ» գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհերքեց, որ փոփոխություն չանելու դեպքում այդ ընկերությունը փակվելու էր։

 

 

 

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եւ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն:

 

 

 

2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: 2018թ. ՀՀ-ում արտադրվել է 7776.9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2017թ. այդ թիվը կազմել էր 7762.9մլն կվտ/ժամ: Սակայն նկատենք, միաժամանակ բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. բնակչությունը սպառել է 1815.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2017թ. սպառված էլեկտրաէներգիան կազմել էր 1905.7 մլն կվտ/ժամ: Միաժամանակ, նվազել են արդյունաբերական ձեռնարկությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները. 2017թ. արդյունաբերական ձեռնարկություններն օգտագործել էին 1440.1 մլն կտվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 1265.8 կվտ/ժամ: Ու, վերջապես, բյուջետային կազմակերպությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները եւս պակասել են. 2017թ. բյուջետային կազմակերպությունները սպառել էին 233.9 մլն կվտ/ժամ, 2018թ.` 211.6 կվտ/ժամ:

 

 

 

«ՏՂԱ ԲԵՐԵԼՈՒ» ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Երբ The Washington Post թերթում 2008-ին հրապարակվեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում նա, մասնավորապես, կոչ էր արել Արեւմուտքին մարտի 1-ի դեպքերի պատասխանատու ճանաչել ոչ թե ընդդիմությանը, այլ ՀՀ իշխանություններին, այն ազգային խայտառակություն համարվեց օրվա իշխանության կողմից: Այդ ժամանակ դեռեւս ՀՀ նախագահ Ռ. Քոչարանը հոդվածը որակել էր դրսից «տղա բերելու» փորձ եւ նշել, որ նախկին նախագահը պետք է պատասխան տա «իր ժողովրդի եւ իրավապահների առաջ»: Այսօր, սակայն, նույն ինքը` Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանն է հոդված հրապարակել «դրսի մամուլում»` իր հերթին փորձելով «տղա բերել» ՀՀ իշխանության դեմ եւ իրեն «քոմագ անելու» կոչ անել եվրոպական հանրությանը: EurActiv-ում տպագրված հիշյալ հոդվածում նախկին նախագահը անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին եւ ՀՀ վարչապետին մեղադրել իրեն զրպարտելու, իշխանության չարաշահման համար այն դեպքում, երբ, ըստ նրա, Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու հարցում: Ուշագրավ է հատկապես հոդվածի եզրափակիչ հատվածը. «Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ ԵԽ-ին եւ ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում` արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք եւ խիստ հետեւելու պահանջ ներկայացնել»: Անշուշտ, որեւէ արտառոց բան չկա նրանում, որ ԵԽ անդամ որեւէ երկրի որեւէ քաղաքացի, ով էլ որ նա լինի, իր իրավունքների խախտման կամ ներպետական խնդիրների մասին հրապարակավ ծանուցի եվրոպական ընտանիքին: Արտառոցն այս դեպքում Քոչարյանի վերաբերմունքի փոփոխությունն է այդ ընտանիքի հանդեպ, որին տարիներ առաջ այլ կերպ էր մոտենում: Երբ այլ հիմնախնդիրների հետ կապված նրան հիշեցնում էին ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններն ու դրանք չկատարելը, Քոչարյանը հեգնանքով արձագանքում էր. «Եվրախորհուրդը հո Պոլիտբյուրո չէ՞»: Իհարկե, անկախ այն հանգամանքից, թե ԵԽ-ն ում մոտ ինչի հետ է ասոցացվում` Պոլիտբյուրոյի, թե Տիզբոնի` ՀՀ-ում պետք է բոլոր իշխանությունների օրոք հարգվեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ինստիտուտները:




Լրահոս