ԱՎԵԼՈՐԴ ՃՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՐԺԱՆԻ ՎԱՍՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 միլիոն դրամ: Այդ գումարով ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ: Ըստ ավելի վաղ ընդունված օրենքի՝ Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:

Տրամադրված 124 միլիոն դրամի շուրջ քննարկումները, սակայն, հայ հանրության շրջանում չեն դադարում: Ոմանց սա հիշեցնում է տոնախմբություններ սիրող եւ դրանց համար գումարներ մսխող նախորդ իշխանության գործելաոճը: Նշվում է, որ այդ գումարով կարելի էր տներ նվիրել, օրինակ, Գյումրու տնակային ավաններում ապրող ընտանիքներին, տրամադրել այն անապահովներին, հոգալ ճանապարհաշինության հետ կապված խնդիրներ եւ այլն: Իսկ հանրության մյուս հատվածը հակված է այն տեսակետին, որ Քաղաքացու օրը հարկավոր է նշել ըստ արժանվույն, որ իրենք վաստակել են այդ իրավունքը, եւ որ 124 միլիոնը մեծ գումար չէ, ու չարժե դրա համար աղմուկ բարձրացնել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: Նրանց տեսակետները ներկայացնում ենք ստորեւ:

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյան
Այդ 124 միլիոն դրամը կարող էին բաշխել անապահովների, եւ 124 հոգի իրեն երջանիկ կզգար: Դա իսկապես կլիներ քաղաքացու օր: Բայց, ինչպես հասկանում եմ, բոլոր իշխանություններին տոնախմբություններ են պետք, որպեսզի ցույց տան, թե այս կամ այն միջոցառումն են արել: Բայց դրանից ավելի կարեւոր ծախսեր կան… Դե եթե ուզում են, թող նշեն, բայց ես չեմ մասնակցում նման դատարկ բաների: Արդեն չեմ էլ հետեւում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության քայլերին, իմ արվեստով հանգիստ ապրում եմ:

Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան
Քանի դեռ հստակ չգիտենք, թե այդ գումարները կոնկրետ ինչի համար են ծախսվելու, չեմ կարող ասել` նպատակահարմար է 124 միլիոն դրամ միջոցառումներին տրամադրել, թե ոչ:

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան
Այս պարագայում կարեւոր է բովանդակությունը, այսինքն` այն, թե ինչի համար է ծախսվում այդ գումարը: Ինքս ամեն բան սովոր եմ գնահատել ըստ բովանդակության: Կոնկրետ մեր մասով գիտեմ, որ Քաղաքացու օրը երեւանյան մի շարք թատրոններ պետք է հյուրախաղերով մեկնեն մարզեր: Մեր թատրոնն էլ լինելու է Գյումրիում: Դա վատ չէ: Կարծում եմ` Քաղաքացու օրն իսկապես պետք է արթնացնի արժանապատվություն, հպարտություն, երկրի տեր լինելու զգացում, այլ ոչ թե մի օր, որը պարզապես կարմիրով կնշվի օրացույցի վա: Իսկ, առհասարակ, հասարակության ամեն անդամ պետք է իրեն քաղաքացի զգա` անկախ այն բանից` Քաղաքացու օր կնշվի, թե ոչ, կամ ինչ հաճախականությամբ կնշվի:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյան
Չեմ կարծում, թե 124 միլիոնն այդքան մեծ գումար է… Պարզապես բանն այն է, որ աչքներիս առջեւ երկիրը միլիարդներով թալանել են, ամեն ինչին սկսել ենք հատուկ ուշադրություն դարձնել: Իհարկե, դա լավ է: Ամեն դեպքում, գուցե Քաղաքացու օրը նշելու հետ կապված կառավարությունը որոշակի շտապողականություն է ցուցաբերում. քաղաքացիական ոգեւորությունը ժողովուրդը դեռ պետք է մարսեր: Ժամանակն ինքը պետք է պարտադրեր, որպեսզի Քաղաքացու օր նշվեր: Դա հատուկ չպետք է արվեր: Պատմական իրադարձություններին դժվար է նույն պահին ճիշտ գնահատական տալ: Ամեն բան ժամանակի մեջ է տեսանելի: Կարեւորը, որ երկիրը երկիր դառնա, թե չէ մի օր ավել, մի օր պակաս նշելն էական չէ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՄ ԳԱ»

Արդեն երկու տարի է, Արփինե Բեկջանյանը չի երեւում երգարվեստի ասպարեզում: Երկրպագուները անհանգստանում են եւ հարցնում՝ որտեղ է երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արփինեի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է՝ ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում:

«Գրին քարտ ունեի, մշտապես գնում-գալիս էի Միացյալ Նահանգներ: Մտածում էի՝ կգա ժամանակ, եւ իմ հայրենիքում լավ կլինի, ստիպված չեմ լինի տեղափոխվել ԱՄՆ: Հետո հասկացա, որ ոչինչ էլ չի լուսավորում մեր երկրի ապագան, ու եկա ԱՄՆ, մնացի: Արդեն շատ դժվարություններ եմ հաղթահարել, մի մասը՝ միայնակ, մյուս մասը՝ ընկերներիս շնորհիվ, ինձ համար ստեղծել եմ ապրելու համար հիմք: Տարիներ են հարկավոր, որ Հայաստանում իրավիճակը լավանա»,- մեկնաբանեց երգչուհին:
Հարցին, թե արդյոք թավշյա հեղափոխությունը չի ոգեւորել իրեն, Արփինեն պատասխանեց. «Ոգեւորել է, ես էլ ԱՄՆ-ում էի ակտիվ մասնակցում ցույցերի, առաջին շարքերում էի: Բայց Հայաստանի իմ հարազատներից եւ ընկերներից երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ դրական արձագանքներ չկան, մի բան էլ իրենք են ուզում գալ ինձ մոտ»:
Նա տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներ ամբողջ ընտանիքին դեռ չի հաջողվել տեղափոխվել. միայն ինքն ու դուստրն են այնտեղ, իսկ ամուսինն ու որդին Հայաստանում են: «Հույս ունեմ՝ շուտով նրանք էլ կմիանան մեզ: Իհարկե, այս հեռավորությունը հաղթահարելը դժվար է, բայց որոշակի զոհաբերություններ է պետք անել, որպեսզի ձեռքբերումներ ունենաս»,-ասաց Արփինեն:
Նա Գլենդելում երգում է ռուսական ռեստորանում: «Այստեղ ամեն կերպ ձգտում ես գումար վաստակել. ստիմուլ ունես»,- շեշտեց մեր զրուցակիցը: Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում կներկայացնի նոր տեսահոլովակ, պատասխանեց. «Առանց Արմանի (նկատի ունի ամուսնուն՝ երգիչ, երգահան Արման Էլբերտին-հեղ.) դժվար կլինի նման բան ձեռնարկել այստեղ, բայց երբ միանա մեզ, կարծում եմ՝ դա էլ կլինի. նման նպատակներ կան»:
Իսկ հարցին, թե հույս ունենանք, որ, այնուամենայնիվ, Արփինեի վերջին հանգրվանը հայրենիքը կլինի, վերջինս պատասխանեց հարցով. «Դեռ պարզ չէ, բայց մոտակա մի քանի տարվա ընթացքում հաստատ չեմ գա Հայաստան: Գամ ի՞նչ անեմ, շարունակեմ անտեսված լինե՞լ, գամ ու կրկին օրվա փողով ապրե՞մ…»:
Նա նաեւ հավելեց, որ ապրելով Նահանգներում` չի դարձել «ամերիկացի», ինչպես շատերն են որակում. «Ես ապրում եմ Հայաստանով, այդտեղի խնդիրներով, այդտեղի ժամանակով, առավոտով եւ երեկոյով, կարոտում եմ ընկերներիս, պաշտում եմ հայրենիքս»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս