Իրավապահները Մարտակերտի քաղաքապետի որդուն դեռեւս չեն հայտնաբերել: Ինչպես հայտնի է, Մայիսի 30-ին հայտարարություն եղավ, որ մայիսի 29-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:
Այս դեպքի մասով կալանավորվել են Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը:
Ըստ լուրերի` վերջիններս իրավապահներին հայտնել են, որ իրենք խնդիր չունեն Սամվել Բաբայանի թիմակիցների հետ, այլ վերոնշյալ մեքենայում է եղել Մարտակերտի քաղաքապետի որդին, եւ իրենք նրա հետ են խնդիր ունեցել: Ինչեւէ, իրավապահ մարմինները փնտրում են Մարտակերտի քաղաքապետի որդուն: