«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Բավական ուշագրավ տվյալներ են հայտնաբերվել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որոնց երեկ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին հարց ուղղելիս անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, նախատեսված է եղել 2018 թվականին 20,575-ով կրճատել հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը եւ կատարել 9 մլրդ դրամի խնայողություն, սակայն Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ցուցակները չեն վերանայվել։ Այսինքն` ԲՍՓ հանձնաժողովը զանգվածաբար «կտրել է» մարդկանց թոշակները, որ պետությունը քիչ հաշմանդամների թոշակ վճարի։
Ու հիմա պարզվում է, որ ցուցակները չեն մաքրվել, եւ գուցե մարդիկ, որոնք չպետք է թոշակ ստանան, վճարվել են բյուջեից։
Հուսանք՝ այս թեման էլ մի նոր Խաչիկյանի ու մահացած մարդկանց կողմից ստացված թոշակների ցուցակների չի հանգեցնի:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: