Օրեր առաջ ավարտվեց յոթերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը, եւ հիմա ընթանում են ԱԺ արտահերթ նիստեր։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից, այսինքն` հունվարի 14-իցմինչեւ երկրորդ նստաշրջանի ավարտը`մինչեւհունիսի 20-ը, խորհրդարանի կողմից ընդունվել են մեծ թվով նախագծեր, որոնց մեծամասնությունը, սակայն, հեղինակել է կառավարությունը:
Ինչպես հայտնի է, ԱԺ մոնիթորինգով զբաղվում է parliamentmonitoring․am-ը, տվյալները տեղադրվում են ԱԺ կայքի համապատասխան բաժնում: Եվ, ահա, հունիսի 23-ի դրությամբ, խորհրդարանի կայքի տվյալների համաձայն, ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն: Հունիսի 20-ի տվյալներով` ընդունված նախագծերից 73,6 տոկոսը ներկայացվել է կառավարության կողմից, իսկ 26,4 տոկոսը` Ազգային ժողովիկողմից։ Նախագծերի մեծ մասը` 32,9 տոկոսը, վերաբերել է պետաիրավական ոլորտի, 27,4 տոկոսը` հանրային հարցերի, 11 տոկոսը` հարկային հարցերին, 9,6 տոկոսը` տնտեսական հարցերի եւ այդպես շարունակ։ Ամենաքիչ թվով նախաձեռնությունը վերաբերել է տարածքային կառավարման եւ բնապահպանության ոլորտներին, եւ ներկայացվել է մեկական նախագիծ:
Ինչպես արդեն նշեցինք, նախագծերի մեծ մասը ներկայացված է եղել կառավարության կողմից, ընդ որում` դրանց թվում տեսակարար կշիռ են կազմում նաեւ այնպիսինները, որոնք դեռեւս նախորդ խորհրդարանի ժամանակ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված են եղել եւ հիմա պարզապես երկրորդ ընթերցմամբ են վավերացվել: Սակայն մեծ թիվ են կազմում, ամեն դեպքում,հենցնոր կառավարության կողմից հեղինակած նախագծերը:
Այսպիսով, ուսումնասիրելով նախագծերը, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդունված 122 նախագծերից միայն 13-ն են նախագծված եղել օրենսդիրների կողմից:
Իհարկե, չենք կարող չնշել, որ պատգամավորների կողմից ներկայացված բազմաթիվ նախագծեր կան, որոնք օրակարգում են կամ նույնիսկչեն էլ ընդունվել օրակարգ, բայց փաստ է, որ ընդունված նախագծերը միայն 13-ն են: Եվ հետաքրքիր է, որ եթե մյուս երկու խմբակցությունները նախագծերը ներկայացնում են անհատապես, ապա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախընտրում է նախագծերը ներկայացնել ամբողջ խմբակցության անունից:
Ըստ այդմ, մինչեւ այժմ ընդունվել է այդ խմբակցության կողմից ներկակացված 4 նախագիծ։ Դրանք են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը եւ այլն։
ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ընդունված նախագծեր բաժնում միայն երկուսն են. մեկը հեղինակել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն էլ հեղինակել են Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Ստացվում է` ընդունված նախագծերից 4-ը «Լուսավոր Հայաստանինն» է, երկուսը` ԲՀԿ-ինը:Իսկ, ահա,նույն բաժնում ավելի շատ են իշխանական խմբակցության պատգամավորներինը։ Հիշեցնենք, որխոսքը ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է:
«Իմ քայլ»-ի կողմից երկու նախագիծ ընդունվել է Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած, մեկ նախագիծ Ալեն Սիմոնյանինն ու Լենա Նազարյանինն է, որը 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց աջակցության մասին նախագիծն է, մեկ նախագիծ հեղինակել է Հրաչյա Հակոբյանը, մեկը` Վարազդատ Կարապետյանը, մյուսն էլ` Ծովինար Վարդանյանը։ Ստացվում է` 6 նախագիծ էլ կա իշխանական խմբակցության կողմից:
Իսկ, ահա, օրակարգում ընդգրկված 78 նախագծերից միայն 8-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանինն են: Եվ հետաքրքիր է, որ բոլոր 8 նախագծերը նա ներկայացրել է իրար հետեւից` մի քանի օրվա տարբերությամբ: Նախագծերի առումով իշխանական պատգամավորներից ակտիվ է Գեւորգ Պապոյանը. նա այս բաժնում ունի 3 նախագիծ, որոնցից մեկը`«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, օրեր առաջ բավականին բուռն քննարկվեց խորհրդարանում: Եվ 9 օրենսդրական նախաձեռնություն ներկայացված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, եւ կրկինոչ թե անհատապես, այլ ամբողջ խմբակցության կողմից:
Ընդ որում, ներկայացված նախագծերի թեմատիկան բազմազան է` վարչական իրավախախտումներից մինչեւՔրեական օրենսգիրք։Իսկ, ահա, ԲՀԿ-ական պատգամավորներից այս առումով ավելի ակտիվ է Սերգեյ Բագրատյանը. նա եւս այս բաժնում ունի 3 օրենսդրական նախագիծ, որոնք դեռ չեն քննարկվել:
Օրակարգում առհասարակ չընդգրկված նախագծերը 126-ն են, որոնց թվում կրկին մեծ են կառավարության ներկայացրածները: Ինչպես տեսնում եք, իշխանական խմբակցությունն այնքան էլ հետ չի մնում ընդդիմադիրներից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ներկայացնում են 88 հոգանոց խմբակցություն, ապա նրանց ակտիվությունը պետք է ավելի շատ լինի:
Մանրամասները՝ տեսանյութում