ԽԱՅՏԱՌԱԿ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ` ԲԷՑ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու առանձին նյութ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն ուսումնասիրելու եւ իրավական ընթացք տալու համար: Բանն այն է, որ Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք չարաշահումներ:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է չարաշահումների ընդամենը մի մասը: Մասնավորապես, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերվել են էական անհամապատասխանություններ եւ խեղաթյուրումներ, որոնց հետեւանքով ֆինանսական հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են եղել:
Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դեռեւս 2014 թվականին կնքվել է վարկային համաձայնագիր` 37 մլն դոլար արժեքով: Ի դեպ, վարկային ծրագրի ավարտը 2020 թվականի հունիսի 30-ին է: Ապա ֆինանսների նախարարության եւ ԲԷՑ-ի միջեւ 2015 թվականին կնքվել է ենթավարկային համաձայնագիր, որով վարկային միջոցներից 23.4 մլն դոլար գումարի չափով վերավարկավորվել է ԲԷՑ-ը:
Օրինակ, «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների շինարարական եւ մոնտաժային աշխատանքների գծով գլխավոր կապալառուն ներկայացրել է ենթակապալառուներ, որոնք պետք է բավարարեին գլխավոր կապալառուի մրցութային փաթեթով սահմանված չափանիշները: 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018թ.-ի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գլխավոր կապալառուի կողմից մատակարարված 5 մլն 701 հազար դոլար արժեքով սարքերի եւ սարքավորումների մատակարարման հաշիվ-ապրանքագրերում առկա են պայմանագրի գնացուցակի հետ մի շարք անհամապատասխանություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 25 ապրանքատեսակների գծով ի հայտ են եկել գնային անհամապատասխանություններ` ընդհանուր 300 հազար 703 դոլարի չափով: Օրինակ` 137 հազար 108 դոլար արժողությամբ 7 տեսակի սարքեր եւ սարքավորումներ պայմանագրի գնացուցակում ներառված չեն եղել, իսկ, ահա, գնացուցակում ներառված 7 ապրանքատեսակի մասով 16 հազար 489 դոլարի մաքսազերծման ծախսեր են իրականացվել ԲԷՑ-ի կողմից:
Բացի այս, ԲԷՑ-ը տրանսպորտային միջոց է ձեռք բերել եւ շահագործել է գլխավոր կապալառուի պայմանագրի տեխնիկական պահանջներին ոչ համապատասխան: Պարզվում է` կապալառուն նախագծման աշխատանքների շրջանակներում ԲԷՑ-ին պետք է ապահովեր փոխադրամիջոցով` ներառյալ դրա գործառնական եւ պահպանման ծախսերը: Մեզ հայտնի դարձավ, որ կապալառուն ԲԷՑ-ին մատակարարել է 66 հազար 352 դոլար արժեքով Toyota Land Cruiser 200 մակնիշի փոխադրամիջոց: ԲԷՑ-ին մատակարարված փոխադրամիջոցը պետք է հասանելի լիներ ծրագրի ողջ ընթացքում:
Բացի այս, 2017թ. հոկտեմբերի 25-ին ԲԷՑ-ի եւ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջեւ կնքված վարձակալության պայմանագրով մատակարարված փոխադրամիջոցն ամսական 80 հազար դրամով տրվել է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ին այն դեպքում, երբ 2018թ. մարտի 1-ին ԲԷՑ-ին պատկանող Շեւրոլե Նիվա մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է վարձակալության ամսական 12 հազար դրամով: Այսինքն՝ շատ ավելի բարձր դասի մեքենան ավելի ցածր գնով է տրվել վարձակալության. մի երեւույթ, որ չի տեղավորվում մարդկային տրամաբանության սահմաններում:
Բացի այս, գնումների գործընթացում պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ չարաշահումներ, օրինակ` ԲԷՑ-ի հենարանների ներկման աշխատանքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 65 տոկոսով ներկրվել է թվով 63 հենարան, 35 տոկոսով` 42-ը, 70 տոկոսով` 90, 100 տոկսով` 48 հենարան, իսկ պայամանագրով նախատեսված 268-ից չի ներկվել 25 հենարան: Ավելին` պարզվել է նաեւ, որ տվյալ գործարքի կատարողականները հաստատող ԲԷՑ-ի պաշտոնատար անձը այդ պահին զբաղեցրել է ԲԷՑ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարի պաշտոնը, նախկինում զբաղեցրել է մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպության տնօրենի տեղակալի պաշտոնը: Նրա ընտանիքի անդամը հանդիսացել է հաղթող կազմակերպության աշխատակից եւ ազգակցական կապի մեջ է գտնվում երկրորդ տեղը զբաղեցրած ընկերության հիմնադիրի հետ: Նա նաեւ հանդիսացել է մեկ այլ ընկերության հիմնադիր, որի տնօրենը հանդիսանում է երկրորդ տեղը զբաղեցրած ընկերության հիմնադիրը, հետագայում դարձել է ԲԷՑ-ի տնօրենը: Եւ զարմանալի չէ, քանի որ գնման փաթեթում բացակայել են գնահատող հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվող շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները եւ գնահատման թերթիկները:
Հավելենք, որ հենարանների ներկման համար ԲԷՑ-ը ծախսել է 142 մլն դրամ: Եղել են դեպքեր, երբ մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել մասնակցության պայմանները չբավարարող ընկերություն: Բացի այս, արձանագրությունում որպես կնքված պայմանագրի գին նշված է 172 մլն 387 հազար դրամ, մինչդեռ պայմանագիրը կնքված է 109 մլն 200 հազար դրամի չափով: Նշենք, որ «ԲԷՑ»-ը պալատի ստուգումներին ի պատասխան ներկայացրել է նաեւ առարկություններ, բացատրություններ:
Ի դեպ, ԲԵՑ-ում հայտնաբերված չարաշահումների մասին բարձրաձայնել է նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք` ՊՎԾ-ն նախորդ տարվա ամռանը ստուգումներ էր իրականացրել ընկերությունում: Ըստ ՊՎԾ-ի` տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ընկերության հաշվին, աշխատողների միջոցով: Բացի այս, բացահայտվել էր նաեւ միլիոնների արժողությամբ տրանսֆորմատորի գողության դեպք, երբ բրիտվայով քերել, ջնջել էին տրանսֆորմատորների վրայի տվյալները եւ գրիչով նորից վրայից գրել այլ տվյալներ: Իսկ 300 մլն դրամանոց տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 մլն-ով լիկվիդացրել են, եւ այն հետո հայտնաբերվել է «Միկմետալ» ընկերությունում:
Ու տարբեր լրատվամիջոցներում Սանասարյանի հետ կապված ակնարկներ եղան` ԲէՑ-ում ստուգումների հետ կապելով իրեն սպասարկող «Լեքսուս» մեքենայի առկայությունը: Ինքը` Դ.Սանասարյանը, կտրականապես հերքել է այդ լուրերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

4 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԾԱՌ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Մուկուչ Ենգիբարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունիս-հուլիս ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառնտեսություն մասնաճյուղի» Իջեւանի անտառպետության թիվ 6 պահաբաժնից 21 հատ ծառ ապօրինի հատելու համար: Ըստ մեղադրանքի` Ենգիբարյանն այդպես պետությանը պատճառել է 4 միլիոն 68 հազար դրամի վնաս։ Մ.Ենգիբարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻՑ 28-Ն ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՆ
Հայաստանի ՊՆ ենթակայությամբ գործող Բերդի բժշկական կենտրոնում ներկայումս բուժվում է աղիքային վարակով 36 հիվանդ, որից 28-ը` անչափահաս։ Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Համայակ Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նրանք բոլորը Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչներ են։ Առաջին հիվանդները Բերդի բժշկական կենտրոն են ընդունվել ապրիլի 16-ին։ Հ. Ադամյանի վկայությամբ` 3 օր առաջ հիվանդների թիվը 43 էր։ Այժմ հիվանդների վիճակը միջին եւ թեթեւ ծանրության է։ Նա ասաց, որ բոլոր հիվանդների բուժումը կատարվում է անվճար` պետպատվերի շրջանակներում։ Հիվանդների բուժումը արդյունավետ իրականացնելու համար Բերդի բժշկական կենտրոնի վիրաբուժական եւ մանկական բաժանմունքները վերապրոֆիլավորվել են, համալրվել համապատասխան մասնագետներով, սահմանվել են բժիշկների եւ բուժքույրերի լրացուցիչ հերթապահություններ։ Հիվանդների բուժումն իրականացնելու համար Բերդի բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան միջոցներով, խորհրդատվություններ են կատարվում ՀՀ առողջապահության նախարարության եւ ՊՆ համապատասխան մասնագետների հետ։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվել է Նավուր գյուղի նույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում. չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրեւներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքով։ Մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը կապտաժի եւ ջրատարի աղտոտումն է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ
2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Ըստ ՀՔԾ-ի` ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Նախօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երեւանի ՃՈ-ին ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բկ: Պարզվել է, որ վիրավորը Երեւանի բնակիչ, 46-ամյա Արման Պողոսյանն է: Նույն օրը Արշակունյաց պողոտայի եւ Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Ա. Պողոսյանի հետ վիճաբանել են 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանի դեմքի հատվածում եւ դիմել փախուստի: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ` նշված անձանց եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս