ՀՆԱՑԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ՝ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԽՈՉԸՆԴՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ մեկ ուշագրավ արձանագրում կա: «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից` առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:
Այլ կերպ ասած, ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս իրավապահ համակարգը լուրջ խնդրի առաջ է կանգնում, եթե հանցագործության մեջ կասկածվողները կամ մեղադրյալներն իրար հետ շփվել են Whatsapp, Viber, Telegram եւ այլ հավելվածների միջոցով: Պատահական չէ, որ շատերը, հենց այս հանգամանքը նկատի ունենալով, գերադասում են կարեւոր զրույցների ժամանակ հենց այդ բջջային հավելվածներն օգտագործել: ՈՒ հետաքրքիրն այն է, որ իրավապահների աշխատանքն ավելի դժվարացնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ չեն թարմացվում տեխնիկական հնարավորությունները: Ասել է թե` իրավապահ համակարգը պարզապես ետ է մնում ժամանակից: Մինչդեռ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հանցագործություններ արվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, իրավապահ համակարգի վերազինումն իսկապես հույժ անհրաժեշտ է դառնում: Ի վերջո, հաճախ խոսքը ոչ միայն հասարակ հանցագործությունների, այլ նաեւ շատ ավելի լուրջ դեպքերի մասին է:

 

 

Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակություններ: Տեւական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առեւտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` արտաքին առեւտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացարձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այսինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը. ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք: Մասնագետների պնդմամբ, սակայն, այս իրավիճակը սպասելի էր. ի վերջո, տարիներ շարունակ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, մինչդեռ հիմա հանքարդյունաբերող խոշոր ձեռնարկությունները չեն գործում:

 

 

 

Այս տարի Սեւանա լճում ձկնային տեսակների եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն անցկացնելու տենդեր չի հայտարարվել. կառավարությունն այդ նպատակով գումար չի տրամադրել: Բանն այն է, որ Սեւանա լճում ձկների եւ խեցգետնի պաշարները որոշելու համար լայնածավալ աշխատանքներ են պետք, իսկ պաշարները գնահատելու վերաբերյալ արժանահավատ տվյալներ ունենալու համար տրամադրվող 7 մլն դրամ գումարը քիչ է: Բացի այս, ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որը նախկինում իրականացրել է այդ ուսումնասիրությունները, չունի համապատասխան տեխնիկա ու սարքավորումներ, որոնք որ պետք են այդ պաշարները իրականում գնահատելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը պնդել է՝ ճիշտ կլինի, որ Բնապահպանության նախարարության կողմից մինչեւ որսը թույլատրելը գնահատվեր լճում եղած ձկնատեսակների պաշարները: Նա համոզված է, որ Սեւանա լճում ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարները չգնահատելը կարող է բացասական հետեւանք ունենալ:

 

 

 

Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաեւ ֆինանսապես: Բանն այն է, որ 2017թ. համեմատ` նախորդ տարի կտրուկ նվազել են ՀՀԿ-ի ֆինանսական մուտքերը, որ գոյանում են անդամավճարների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ տարեկան հաշվետվություններից պարզել է, որ եթե 2017թ. դեռ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն անդամակցության վճարներից ստացել է 433 հազար 114 դրամ, ապա 2018թ. այդ թիվը կիսով չափ կրճատվել է` կազմելով 251 հազար 469 դրամ: Նվազել են նաեւ ՀՀԿ ծախսերը. այս կուսակցությունը եթե իշխանավարման տարիներին` միայն 2017թ., ծախսել է 469 հազար 613 դրամ, ապա 2018թ. ծախսերը կազմել են 357 հազար 457 դրամ: ՀՀԿ-ն 2017թ. տարեսկզբին ունեցել է 378 հազար 346 դրամի անշարժ գույք, իսկ արդեն 2018թ. անշարժ գույքի արժեքը կազմել է 399 հազար 625 դրամ: Հասկանալի է՝ սրանք ՀՀԿ-ի պաշտոնապես արված ծախսերն են, իսկ հատկապես իշխանավարման ժամանակահատվածում դժվար չէ կռահել, թե այս կուսակցությունում գումարների ինչ ահռելի չափերի շրջանառություն է եղել: Նշենք նաեւ, որ ՀՀԿ հաշվետվությունները ստորագրել է ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանը:

 

 

 

«ՃՇՏՈՎ» ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
Կոռուպցիոն բնույթի հանցանքի համար է մեղադրվում մի կառույցի ղեկավար, որի տեղակալի ունեցվածքն աչքի անցկացնելուց հետո տրամաբանական հարց է ծագում դրա ծագման մասին. այն ձեռք է բերվել հալալ քրտինքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, դրանում խառն է նաեւ կոռուպցիայի մատը: Խոսքը ՊՎԾ պետ Դ. Սանասարյանի տեղակալ Արգիշտի Քյարամյանի մասին է, որը Երեւան քաղաքի դատախազության դատախազ աշխատած տարիներին՝ 2017թ.-ին, երբ ընդամենը 26 տարեկան էր, պատկառելի ունեցվածք է հայտարարագրել, մասնավորապես՝ անհատական 2 բնակելի տուն, 4 հողամաս, 1 անշարժ գույք, 1 ավտոտնակ, թանկարժեք զարդեր, 32 մլն դրամ եւ 48 հազ. դոլար դրամական միջոց: Երեկ գործադիրի նիստին շտապած Քյարամյանը այն հարցին, թե ինչպես է ձեռք բերել հայտարարագրված ինչքը, պատասխանելու փոխարեն հղում է արել էթիկայի կանոններին՝ ճիշտ չհամարելով «որեւէ մեկի ունեցվածքը» քննարկելը: Նկատենք, սակայն, որ ՊՎԾ պետի տեղակալը «որեւէ մեկը» չէ, այլ պետական պաշտոնյա, որի վաստակած ամեն մի լումայի մասին ինֆորմացիան բացի նրանից, որ պետք է բաց լինի, այլ նաեւ պետք է պարզաբանվի: Իսկ այդ դելիկատ հարցը կարգավորվում է ոչ թե էթիկայի նորմերով, այլ համապատասխան օրենքի իմպերատիվ պահանջով: Քյարամյանն, ի դեպ, նաեւ փորձել է փարատել իր ունեցվածքի օրինականության հետ կապված կասկածներն ու խրոխտ հայտարարել՝ «երբեւէ որեւէ կոռուպցիոն, սկանդալային եւ կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել»: Թե ինչ է հայտարարագրել փքուն կեցվածքով ու շփման մեջ անբարյացկամ չինովնիկը հեղափոխությունից հետո ստանձնած պաշտոններում, հայտնի չէ, քանի որ նրա 2018թ. հայտարարագիրը դեռ չի հրապարակվել: Նշենք, որ ՊՎԾ պետի տեղակալը ՊՎԾ է տեղափոխվել ՊԵԿ-ից, ուր եղել է հետաքննության վարչության պետ, աշխատել է նաեւ ոստիկանությունում ու Քննչական կոմիտեում: Հենց նա է ՊՎԾ պետի ԺՊ-ի ռեալ հավակնորդը, չնայած օրենքը նախատեսում է, որ ԺՊ է նշանակվում ՊՎԾ պետի՝ տարիքով ավագ տեղակալը: «Որքանով որ ես եմ տեղյակ օրենսդրությունից, այո, էդպիսի բան կա, բայց եթե առաջարկություն ներկայացվի կոնկրետ որեւէ տեղակալի, էդ դեպքում էդ կանոնը էլ չի գործում»: Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, դատելով իր խոսքից, ոչ թե լիարժեք, այլ «որքանով տեղյակ եմ» մակարդակի է տիրապետում այն օրենքը, որով կարգավորվում է իր աշխատանքային ոլորտը: Եւ չնայած այս ամենին՝ նրան ՊՎԾ պետի ԺՊ նշանակելու հարցով այս օրերին ակտիվ լոբբինգ է արվում կառավարության կուլիսներում:




Լրահոս