ՍԻԳԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Սեւանա լճում ձկնային տեսակների եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն անցկացնելու տենդեր չի հայտարարվել: Կառավարությունն այս նպատակով գումար չի տրամադրում: Պատճառն, ըստ մեզ հասած լուրերի, Բնապահպանության նախարարության բացահայտումներն են. Սեւանա լճում ձկների եւ խեցգետնի պաշարները որոշելու համար լայնածավալ աշխատանքներ են պետք, իսկ պաշարները գնահատելու վերաբերյալ արժանահավատ տվյալներ ունենալու համար տրամադրվող 7 մլն դրամ գումարը քիչ է: Բացի այս, այն կազմակերպությունը (խոսքը ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասին է), որը նախկինում իրականացրել է այդ աշխատանքը, չունի համապատասխան տեխնիկա ու սարքավորումներ, որոնք որ պետք են այդ պաշարները իրականում գնահատելու համար:

Բայց գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն իր հերթին պնդում է, որ բացի իրենցից ոչ մի այլ կազմակերպություն չունի պաշարների ուսումնասիրման հնարավորություն: Նրա խոսքերով` այս տարի մրցույթ չի հայտարարվելու. «Պատճառաբանվում է, որ այդ 7 մլն դրամի չափով գումարը, որը տրամադրվում էր մի քանի տարի շարունակ, քիչ է, բավական չէ: Այո, բավական չէ, քանի որ 7 մլն դրամի շրջանակներում որոշվում է ձկան վիճակը լճում, ոչ միայն արդյունագործական տեսակների, այլեւ այլ ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարները: Նաեւ ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակն է գնահատվում: Բայց դա չի նշանակում, որ մենք պատշաճ ձեւով չէինք իրականացնում մեր գնահատումը: Չէ՞ որ մենք հայթայթում էինք այլ միջոցներ մեր տնտեսված գումարներից եւ արտաբյուջետային ֆինանսավորումից եւ իրականացնում էինք պատշաճ ուսումնասիրություններ»: Նրա խոսքերով` ճիշտ կլինի, որ Բնապահպանության նախարարության կողմից մինչեւ որսի թույլատրելը գնահատվեին լճում ունեցած ձկնատեսակների պաշարները:
Նշենք, որ տարիներ շարունակ այս հարցում մրցակցություն չի եղել: Պետությունը պատվիրել է գնահատել լճում ձկների եւ խեցգետնի պաշարները եւ դրա համար վճարել մոտ 7 մլն դրամ: Մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմապերություն` ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: «Փորձեր եղել են, որ տրամադրեն «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին… մի նախարար ուզում էր հրավիրել արտերկրից ինչ որ մասնագետներ, որ գնահատեին: Բայց նրանք միայն մեկ օրվա համար այնպիսի գումար էին ուզել, որ մենք ամբողջ տարվա համար էինք դա կատարում: Իսկ ինչ վերաբերվում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, ապա նրանք այդ պոտենցիալը չունեն»,- նկատեց Բ. Գաբրիելյանը:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ գիտական կենտրոնը սովորաբար պաշարների գնահատման համար նախատեսված սարքը ձեռք է բերել ռուսաստանցի գործընկերներից: «Դա բավականին թանկ հաճույք է, դրա համար էլ մեր ուսումնասիրությունների մեջ հիմնականում դա արել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Կա խնդիր. մենք այդ սարքը չունենք եւ կախված ենք ռուս գործընկերներից: Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք կառավարությանը, որ այդ սարքը գնեն ու տրամադրեն մեզ, որովհետեւ այսօր ռուսները մեզ հետ աշխատում են, բայց վաղը կարող է չունենան համատեղ ծրագրեր եւ հրաժարվեն աշխատել»,- նշեց գիտական կենտրոնի տնօրենը: Ապա տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում գնել այդ սարքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հնարավոր է` Բնապահպանության նախարարությունն առաջիկայում թույլատրի սիգի օրինական որսը: Ըստ որոշ տեղեկությունների` ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ լճում կան արդեն մեծ քանակի արդյունագործական պաշարներ: Եւ հնարավոր է սիգի որսի կարգերը օրենքով սահմանված կարգով մշակել, որ լինի ոչ թե ապօրինի, այլ օրինական որս: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այս ամենը խոսակցությունների մակարդակում է առայժմ: Բացի այդ, հարակից գյուղերի բնակիչները մշտապես անհանգստացնում են մարզային իշխանություններին. պահանջում են սիգի որսը օրինականացնել` առաջարկելով թույլտվություն տալ, որի դիմաց կարող են անգամ գումար վճարել: Բայց այս պահին դեռ հստակ չէ` Բնապահպանության նախարարությունը կթույլատրի սիգի օրինական որս, թե ոչ:
Պարզվում է` Բարդուխ Գաբրիելյանը եւս տեղեկություն ուներ սիգի որսի թույլտվության մասին: Ավելին, նա համոզված է, որ Սեւանա լճում ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարների չգնահատելը կարող է բացասական հետեւանք ունենալ: «Կառավարությունն այս տարի որոշել է փոքր քանակներով թույլատրել սիգ ձկնատեսակի օրինական որսը: Այս դեպքում հրատապ է դառնում պաշարների որոշումը: Անթույլատրելի է տալ ինչ-որ որսաչափ առանց պաշարների գնահատման»,- նկատեց մասնագետը:
Բարդուխ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ խեցգետնի պաշարների զգալի նվազումը գերորսի արդյունք է: «2014 թվականից հետո սկսեցին օգտագործել ոչ թե մեր ստանդարտ խեցգետնաորսիչները, որոնք նախատեսում էին խայծը, այլ նոր` զսպանակաձեւ, չինական ցանցերը: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին: Եւ դա պատճառ հանդիսացավ, որ մենք ունենանք կտրուկ անկում, մանրացում եւ համապատասխանաբար գների բարձրացում»,- բացատրեց Գաբրիելյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ

Կառավարության երեկվա որոշմամբ` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պետության կողմից կֆինանսավորվի 133,200 դոլարին համարժեք դրամով՝ շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտերին նախապատրաստվելու համար: Կառավարության որոշմամբ` համապատասխան գումարը հատկացվելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիային:

«Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, նա աննախադեպ վաստակ ունի երկրի առաջ»,- կառավարության երեկվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ իշխանությունների այս քայլն իր մեջ քաղաքական լուրջ ուղերձ է պարունակում: Ինչպես հայտնի է, Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ու թավշյա հեղափոխությունից հետո ոմանք փորձում էին տպավորություն ստեղծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ս. Սարգսյանին դեմ գնալու համար կարող է եւ շախմատի դեմ քայլեր անել, մանավանդ որ թավշյա հեղափոխության բուռն օրերին՝ Ս.Սարգսյանի հրաժարականից երեք օր առաջ՝ անցյալ տարվա ապրիլի 20-ին, մի քանի առաջատար գրոսմայստերներ, այդ թվում՝ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, հայտարարություն էին տարածել՝ գովեստի խոսքեր հնչեցնելով Սերժ Սարգսյանի հասցեին, մի մարդու, որին մերժելու էր դուրս եկել մի ողջ ժողովուրդ: «Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայլերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե՛ մեր երկրին, թե՛ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որեւէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ, որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված էր նրանց հայտարարության մեջ:
Ու շատերը ենթադրում էին, որ Ն. Փաշինյանն առնվազն կանտեսի շախմատը, շախմատիստներին, մանավանդ որ հետո փակվել էր Ս.Սարգսյանի մյուս սանիկի` Գ. Սարգսյանի շախմատի դպրոցը: Բանն այն է, որ այդ դպրոցի մարզիչները գրանցված էին ՊԵԿ ուսումնական կենտրոնում, եւ ՊԵԿ-ն այլեւս անիմաստ էր համարել նման աշխատակիցներ ունենալը: Սրան եւս փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ:
Բայց, արի ու տես, ՀՀ վարչապետը անում է ճիշտ հակառակը եւ փորձում է նպաստել այս սպորտաձեւի զարգացմանը: Հատկանշական է շեշտել, որ այսպիսի բան Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որը առանձնացրել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա նաեւ նշել է, որ այս ամենը անհրաժեշտություն էր. «Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ շախմատիստը պատրաստվում է Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին: Պատշաճ մասնակցելու համար անհրաժեշտություն է առաջացել Շախմատի ֆեդերացիային հատկացնել այդ գումարը: Արոնյանը մեծ հավակնություններ ունի ու կարող է Մագնուս Կարլսենի հետ պայքարել չեմպիոնի կոչման համար»:
Այս ամենը ապացույց էր նաեւ, որ Հայաստանում իրոք տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, եւ այստեղ տեղ չունեն ոխակալությունը, կեղծիքն ու խաբեությունը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

654.8 ՄԼՆ ԴՐԱՄ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել: Նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ՀՀ ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ եւ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու դիտավորությամբ, անձամբ, ինչպես եւ կազմակերպության մյուս աշխատակիցների ներգրավմամբ խախտել են հիշյալ որոշմամբ սահմանված, բաժանորդների հետ կնքված 2016-2019թթ. ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:
Բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել են ընդհանուր 654.800.000 դրամով, ինչը ջրօգտագործողների եւ կազմակերպության համար առաջացրել է ծանր հետեւանքներ: Առերեւույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրգործ: Քննությունը շարունակվում է:

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթացն Արմավիրի մարզում իրականացվելու է Ակնալիճ եւ Տարոնիկ համայնքներում: Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը հայտարարել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց. այն մեկնարկել է Արմավիրի մարզից:
Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանի խոսքով` չեն պատրաստվում Մանվել Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ, կարծում է, ներկայացնելու դեպքում կպարտվեն. Գրիգորյանը համարվում է օրինական ձեռք բերող, բացի այդ` խնդիրն այն է, որ հողերն Ակնալիճից տարիներ առաջ են օտարվել:




Լրահոս