Կարկուտը վնասներ է հասցրել Մարտունու տարածքի մի շարք համայնքների տնտեսություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքների տնտեսություններ վնասներ են կրել հունիսի 27-ին տեղացած կարկտի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Կարկտի պատճառած վնասների մասին ահազանգել են Մարտունու, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի, Ծովասարի, Ձորագյուղի համայնքապետարաններից:

Ըստ ահազանգողների՝ կարկուտը վնասել է պտղատու եւ դեկորատիվ ծառեր, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Ուժեղ քամին Մարտունի քաղաքում, Մարտունի-Վարդենիս մայրուղու եզրին գտնվող ծառը ջարդել ու շպրտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա՝ քաղաքացուն պատճառելով որոշակի նյութական վնաս:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների օգնությունը: Այս պահի դրությամբ դեռ չենք ստացել համապատասխան ակտերը, ուստի չենք կարող գնահատել վնասների հնարավոր չափերը: Առայժմ տեղում աշխատում են ստեղծված հանձնաժողովները: Վնասների մոտավոր չափերի մասին պատկերացում կկազմենք առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:




Լրահոս