«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ Պատգամավորը «լկտի սուտ» որակեց՝ ասելով, թե լրատվամիջոցներն են մանիպուլացրել իր ասածը․ «Երկու հանդիպում ենք ունեցել, առաջինը՝ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի հետ, որը նաեւ գլխավորում է «Եդինայա Ռոսիայի» խմբակցությունը, մյուս հանդիպումը՝ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության հետ։ Յուրաքանչյուրը երկուական անգամ շնորհակալություն են հայտնել թե՛ Վրաստանում մեր պատվիրակության դիրքորոշման համար, թե՛ ԵԽԽՎ-ում մեր քվեարկության համար»։
Դիտարկմանը՝ շնորհակալությունը հատկապես Ռուբինյանի հետ-առաջ քվեարկության մասո՞վ էր, թե՞ Իգիթյանի չմասնակցության, պատասխանեց․ «Շփոթվելը բոլորին պարզ է եղել, Ռուսաստանի հարցի քվեարկության ժամանակ կոլեգա է մոտեցել Ռուբինյանին, ինչ-որ բան են քննարկել, եւ մեխանիկորեն դեմ է քվեարկել։ Հաջորդ օրը Ռուսաստանի հետ կապված քվեարկություն է եղել, եւ հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով կողմ է եղել»։ Իսկ Իգիթյանի չմասնակցությո՞ւնը։ «Ես տեղյակ եմ, որ վատ է զգացել եւ չի մասնակցել։ Այնպես որ, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի լավ են, քան երբեւէ եղել են»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում