Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանում սպանվել է «օրենքով գող»:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, վարչության օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի և Նորայր Հարությունյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկը:




Լրահոս