«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաեւ մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից: Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել եւ, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարեւոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, եւ, հետեւաբար, չեն արձագանքել ելույթներին: Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին եւ Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել արդբեջանական հարձակմանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարցակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին եւ մասնավոր հանդիպումներ են ունեցել, եւ անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից եւ նման կարեւոր նիստերը բաց թողելու փաստի առիթով:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել մենք` այդ թվում նաև ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք : Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում