«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ժամանակ մարզպետ աշխատած անձանց մեղադրյալի աթոռին նստեցնելու օպերացիան մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանի առաջ է կանգնել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը:
Այս արարքի համար նախաքննական մարմինը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը շահերին հակառակ օգտագործելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի («Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը») հատկանիշներով:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` եթե դատարանը նրան առավելագույն պատիժ սահմանի, ապա Սահակյանը ազատազրկման կդատապարտվի 7 տարի ժամկետով: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը Սարգիս Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Հավելենք, որ Սարգիս Սահակյանը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբայրն է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում