Շրջակա միջավայրի նախարարությունը սոցցանցի էջում տեղեկատվություն է ներկայացրել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և իրականացված քայլերի վերաբերյալ: Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։
Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․
– Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ
– Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,
– Գյուղատնտեսությունը և անասնապահությունը, – Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ,
– Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ
– Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները
– Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբևէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³)
– Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը: Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ. 1. Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման և Սևանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով,
2. Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,
3. Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
4. Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի և ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի և հատակային նստվածքների 1D մոդելավորում։
5. Նախարարությունը Հունիսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում և սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլատկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում և ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, և այլն։
Աշխատանքներին կներգրավվեն՝
• Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոն, լճերի հետազոտությունների բաժին, • Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտ (Վառնեմյուդ, Գերմանիա), • Գերմանիայի Երկրի ուսումնասիրության և շրջակա միջավայրի ծառայությունների ընկերություն (EOMAP GmbH Seefeld), • ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ, • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն, 6. 5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերվող բնապահպանական խնդիրների լուծման համար, 7. Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։ 8. Հստակեցվել է մինչև 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ և նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։ 9. Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։ – Սևանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող՝ նախարարության պահանջով իրենց սպասարկման և ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։