ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կեղծ դիմում՝ Դավիթ Սանասարյանին. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է`պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սակայն քրեական գործով տեւական ժամանակ է, ինչ լռություն է:

Ըստ ԱԱԾ-ի`քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ու մինչ ԱԱԾ-ն քննում է այս քրեական գործը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Մասնավորապես, նախաքննական մարմինը Էդվարդ Բալաբեկյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա Ա.Արզումանյանի հետ միասին դիմում է ներկայացրել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ հայտնել, որ Չարենցավան քաղաքի Ա.Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-Ի տնօրեն Գ.Մովսիսյանը կատարել է մի շարք ապօրինություններ. յուրացրել է մարզադպրոցի գույքը,այդ թվում` սպորտային կոշիկիներ, գնդակներ, հագուստներ, նոր մասնաշենքի շինարարությունից կատարել է շինարարական նյութերի գողություն,մարզադպրոցի խոտածածկ հատվածից հանվել է մոտ 600մ ջրի խողովակ,ստացել է վառելափայտ գնելու համար գումարներ, սակայն վառելափայտ չի գնվել: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել միջին ծանրության հանցագործություն կատարելու համար:

Ըստ էության, ՊՎԾ-ն այս դիմումը ուղարկել է իրավապահներին, որոնք էլ քննել են ու հասկացել, որ քաղաքացիներ Էդվարդ Բալաբեկյանի եւ Ա.Արզումանյանի կողմից ներկայացված դիմումը կեղծ է: Ասել է թե`քաղաքացիները մարզադպրոցի տնօրենին անհիմն մեղադրել են ապօրինությունների համար, մինչդեռ նման բան չի եղել, ինչի պատճառով էլ սուտ մատնության համար հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, դժվար է ասել:

Հավելենք, որ այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս