Արդեն տևական ժամանակ է՝ ահազանգվում է այն մասին, որ կապուտակ Սևանը կանաչում է: Խնդրի մասին բարձրաձայնվեց նաև խորհրդարանում: Մասնավորապես, երկու օր առաջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ մինչև հիմա որևէ օղակ չի պատասխանել՝ Սևանա լճում ձկները թունավոր են, թե ոչ: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ Սևանում այս վիճակը միանգամի՞ց է ստեղծվել:
Մինչ տարբեր մասնագետներ, սրտացավ քաղաքացիներ և պաշտոնյաներ բարձրաձայնում և ահազանգում են, թիվ մեկ պատասխանատուները Սևանա լճի ձկների պես լուռ էին, այդ թվում նախորդ տարի ի նշան անվտանգության՝ Սևանա լճում լողի տեսքով ֆլեշ մոբ իրականացրած նախարար Արսեն Թորոսյանը:
Եվ ահա, այսօր վերջապես ՀՀ առողջապահության նախարարությունը խոսեց՝ քաղաքացիներին հորդորելով խուսափել կապտականաչ ջրիմուռների հատվածում լողալ: Իսկ թե ինչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր արդեն իսկ «հասցրել են» լողալ, դժվար է ասել: Այդուհանդերձ, նախարարությունը հավելել է, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Իսկ որն է լինելու ստեղծված պայմաններում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քայլը: Հարցի պատասխանը ստանալու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ, ով, պարզվեց, դեռևս չի ծանոթացել նախարարության հայտարարությանը՝ միաժամանակ նշեց, որ քանի դեռ սատկած ձկներ չեն հայտնաբերվել, Սևանա լճում առկա ձկներից փորձանմուշներ վերցնելու իմաստ չկա:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն կախված ձկների սատկած լինել-չլինելու հանգամանքից, պարզ կլինեն նաև տեսչական մարմնի հետագա քայլերը, Ավետիսյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ հարցը կքննարկի նաև նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հ.Գ. Մնում է սպասել, թե ինչ «ճակատագրական» որոշում կկայացնեն երկու պաշտոնյաները, և մնում է անպատասխան մեկ հարց ևս՝ փողոցներում և առևտրի կետերում այս օրերին վաճառվող ձկնամթերքը որքանո՞վ են անվտանգ:
Տաթև Հարությունյան