Ես տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի: Այսօր՝ հուլիսի 13-ին Լոռիում «ՍՄԱՐԹամեջ»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Գարո Արմենին և բոլոր նրանց, ովքեր Թումանյանի ծննդավայրում վերածնունդի նման անկյունաքար են ստեղծել:
«Յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը: Վերջերս ես արձանագրել եմ, որ մեր հեղափոխությունը ևս ունի իր տնտեսական հիմքը, որովհետև իրականում ՀՀ-ում հեղափոխությունը սկսել է շատ ավել վաղ, քան այն տեղի է ունեցել: Իրականում Հայաստանի խորքում տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք շատերի համար աննկատ են եղել կամ չեն ընկալվել որպես հեղափոխական: Դրանք ստեղծել են հեղափոխության տնտեսական հիմքը: Իմ կարծիքով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ կոռուպմացված տրամաբանության շրջանակում:
Ես տեսնում էի, որ Հայաստանում տեղի են ունենում նախաձեռնություններ: Ամենակարևոր նախաձեռնությունը, որ հեղափոխական նշանակություն է ունեցել, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն էր Հայաստանում անելիքի վերաբերյալ, երբ X պահից մարդիկ հասկացան, որ ոչ թե ուտելիք, գումար, հագուստ պետք է տալ Հայաստանի բնակիչներին, ինչը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, քանի որ այն փրկել է Հայաստանը սովից ու աղետից, այլ զուտ բերագործական տրամաբանությունը պետք է փոխարինել զարգացման տրամաբանությամբ, որ Հայաստանում իրականացնեն նախագծեր, որ կօգնեն մարդկանց»:
Փաշինյանի կարծում է, որ Լոռիում ստեղծված կենտրոնի նման կենտրոնները և հեղափոխությունը երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը՝ բառի բուն իմաստով, սակայն մինչ այդ պետք է մարդիկ փոխեն իրենք իրենց, իսկ կառավարությունը պետք է կարողանա օգնել մարդկանց, ստեղծի պայմաններ, որ մարդիկ հավատան իրենք իրենց, կարողանան իրենք իրենց վրա աշխատել:
«Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռ քայլում ենք հույսի կածաններով, մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի ճանապարհը, մայրուղին: Դրա համար Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Սա է այն ճանապարհը, որով մենք պետք է փոխենք մեր կյանքը»,-ասաց վարչապետը: