ԲՀԿ-ԱԿԱՆ. «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ ինքը վստահ է այն հարցում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ փաստ չի կարող գտնել այն հարցի հետ կապված, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ: Ըստ մեր զրուցակցի` Գ. Ծառուկյանի` գործարարության հետ կապված հայտարարությունները շահարկում են ինքնահաստատվելու համար:

-Պարո՛ն Աբովյան, վերջին օրերին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված խոսակցությունները չեն դադարում այն առումով, որ վերջինս գործարարությամբ է զբաղվում, ու դրա պահամր պետք է նրան զրկել պատգամավորական մանդատից: Մեր տեղեկություններով` այդ հարցը քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախօրեին տեղի ունեցած նիստում: Ըստ Ձեզ` միտում կա՞ ճնշում գործադրելու Գ. Ծառուկյանի վրա:
-Միանգամից ասեմ, որ սա ոչ թե իշխանությունների խնդիրն է, այլ որոշակի քաղաքական ուժեր փորձում են ինքնահաստատվել, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հաշվին` նրա անունը շահարկելով: Ցավում եմ, որ նույնիսկ էլեմենտար գրագիտության եւ օրենքների գիտակցաբար թյուրըմբռնում կա: Փորձում են օրակարգ բերել փաստացի մի հարց, որը չունի ոչ մի հիմնավորում եւ ոչ մի հիմք: Նույնիսկ քննարկել, ինչ-որ լուրջ արձագանքել չի ստացվում մի պարզ պատճառով, որ, ըստ երեւույթի,, խնդիր կա այն ուժերի մոտ, ովքեր փորձում են այդ հարցը շահարկել: Կրկնում եմ, դա ինքնահաստատվելու հարցն է քաղաքական դաշտում:
-Այսինքն` կարծում եք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա գործարար լինելու հանգամանքը քննելու համար ընդամենը ինքնահաստատվո՞ւմ է:
-Այո, քաղաքական դաշտում փորձ է արվում ինքնահաստատվել, դա է հիմնական պատճառը: Իսկ ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա հիշեցնեմ, որ պարոն Ծառուկյանը սեփականատեր է, բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, եւ հաշվի առնելով այդ պարզ, հասկանալի հանգամանքը, կարելի էր ընդհանրապես այս թեմային չանդրադառնալ: Սակայն եթե որոշակի մարդիկ, ուժեր փորձում են շահարկել մի հարց, որն իրականության հետ կապ չունի, ապա ի՞նչ կարող եմ ասել. երկրում է՛լ ավելի լուրջ խնդիրներ կա, որով կարող են զբաղվել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, դատախազությունը եթե ուսումնասիրի ՔՈ-ի ներկայացրած դիմումը, ի՞նչ է բացահայտելու: Մտավախություն չունե՞ք, որ դատախազությանը կկարողանա փաստեր հավաքել Գ. Ծառուկյանի դեմ ու նրան զրկել անձեռնմխելիությունից, քանի որ լրագրողների հետ տարբեր զրույցներում Գ. Ծառուկյանն օգտագործել է արտահայտություններ` իր գործարար լինելու մասին:
-Ես վստահ եմ, որեւէ բան չի լինելու, որովհետեւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե գնում է բառախաղ, բառախաղի միջոցով ինչ-որ որակավորումներ տալ… Գոյություն ունի հստակ օրենք, գոյություն ունի հստակ, օրինական ճանապարհ, որը հաստատում է այս կամ այն պրոցեսի ուղղությունը: Փորձել այնպիսի բառեր վերցնել, բառեր օգտագործել, որը հիմք պետք է դարձնել, դա, ներողություն եմ խնդրում, բայց մանկապարտեզային մոտեցում է, դա ցույց է տալիս ոչ կոմպետենտ լինելը: Ցավոք, ոչ կոմպետենտ լինելն է դա, ես մեծ հարգանքով վերաբերվում եմ բոլոր քաղաքական ուժերին անվերապահորեն, եւ եւս մեկ անգամ օգտագործելով այս ամենը` կոչ եմ անում օրհասական լուրջ խնդիրների վրա սեւեռվել, այլ ոչ թե փորձեն պարոն Ծառուկյանի հաշվին ներխուժել քաղաքական դաշտ: Զավեշտալին այս պատմության մեջ այն է, որ ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչ է իրականում կատարվում: Միգուցե ողջամտություն լինի, եւ մարդիկ հասկանան, որ պետք է ավելի լուրջ, ավելի օրհասական հարցերով զբաղվեն:
-Բայց Գ. Ծառուկյանի գործարար լինելու հանգամանքը իշխանությունների ներսում եւս քննարկման առարկա է դարձել: Սա ե՞ւս Ձեզ չի անհանգստացնում:
-Գիտեք, ես առայժմ զերծ կմնամ քաղաքական որեւէ գնահատականներից: Զարգացումները ցույց կտան, թե ինչ է կատարվում, որովհետեւ, ըստ զարգացումների, դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել: Ասեմ ավելին` իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ հայտարարություն էր արել, որ իրենց օրակարգում նման հարց չկա: Տեսնենք, կլինեն փաստեր` կտեսնենք: Համենայնդեպս, այժմ ես զերծ եմ մնում որեւէ բան մեկնաբանելուց:

 

 

 

ԲԻԶՆԵՍՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Նախօրեին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հայցով: Տեսակետ կա, որ ՔՈ-ի քայլը «պատվեր» է, ավելին` Գ. Ծառուկյանի գործունեության հետ կապված ճնշում է փորձում գործադրվել:

Ըստ տարածված հայտարարության` ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով, օրենքով նախատեսված կարգով, անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ:
Նույն հիմքով դիմում է հղվել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրանքով իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է` Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերն այս հարցերի շուրջ զրուցել է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ, որն հայտարարեց, թե այն հայտարարությունները, որ իրենք ակտիվ գործունեություն չեն իրականացնում ու Գագիկ Ծառուկյան անձին «թիրախավորել» են` ինչ-որ շահեր հետապնդելով, իրականության հետ կապ չունեն, քանի որ իրենք շատ ակտիվ գործունեությամբ են զբաղված ու երեւէ որեւէ մեկին չեն թիրախավորել:
«Մեզ համար անձը բացարձակ որեւէ կապ չունի. եթե Նիկոլ Փաշինյանը զբաղվի գործարարությամբ կամ ցանկացած այլ պատգամավոր, մենք նույն հայտարարությամբ հանես գալու ենք, նույն դիմումը ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Ըստ Սահակյանի` պետք չէ ուրիշի «ականջներ» փնտրել` իրենց հայտարարության հետ կապված: «Մեր կուսակցության հիմնադրման էությունը, իմաստը նա է, որ պետք է տարանջատել բիզնեսը. ի՞նչ պատվերի մասին կարող է խոսք լինել: Սա մեր արժեքների ու գաղափարախոսության հետ է կապված»,- եզրափակեց ՔՈ կուսակցության ղեկավարը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՉԵՆ ԿԱՆՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանին ՀՀ քննչական կոմիտեից մինչ օրս հարցաքննության չեն հրավիրել։ Ինչպես հայտնի է, 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները: Եվ, ահա, քրեական գործը հարուցվել է, սակայն նախկին գյուղապետին հարցաքննության չեն հրավիրել։ Մենք տեղեկացանք, որ լարված իրավիճակից հետո այժմ գյուղում հանգիստ է, սակայն ցուցարարների երեխաների մեծ մասը շարունակում է բացակայել եւ չհաճախել նախկին գյուղապետի դստեր տնօրինած դպրոցը։ Ցույցեր եւ լարված իրավիճակ այլեւս չկա։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս հանձնարարել է «քարտեզագրել» մայրաքաղաքի՝ բնակարանային գողությունների համար ամենառիսկային գոտիները, վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգություն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Երեւանի բազմաբնակարան շենքերի մուտքերում կոդավորված փականներով դռներ են տեղադրվում: Սակայն նկատենք, որ բնակիչներից շատերը պնդում են՝ կոդավորված փականներով դռները չեն օգնի գողությունների դեպքերը կանխելու համար: Ըստ բանկիչների` ենթադրյալ հանցագործը կսպասի այնքան ժամանակ մինչեւ շենքի մուտքը բացվի, եւ նա կմտնի շենք ու իր գործը կանի: Մեզ հայտնի դարձավ, որ բնակիչների այս մտահոգությունը կիսել են նաեւ համատիրության ղեկավարները, եւ հիմա բանակցություններ են ընթանում` բացի կոդավորված փականներից տեղադրվեն տեսանկարահանող սարքեր եւս: Ու եթե որեւէ շենքում գողություն լինի, ապա տեսաձայնագրությունների միջոցով ավելի հեշտությամբ հնարավոր կլինի բացահայտել դրանք:

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ` ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտոնություն տալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, այս տարվա մայիսի 15-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծվող ապրանքների` մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով: Նշենք, որ նախկին պատգամավորին պատկանող կոնյակի գործարանը գտնվում է Երեւան-Սեւան ավտոմայրուղու հարակից տարածքում` հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:




Լրահոս