ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` ՕՀ միջոցառումն իրականացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են դրա վերաբերյալ տեղեկություններ, ստորագրում են այն իրականացրած պաշտոնատար անձինք, հայտնեք, թե նման արձանագրություն կազմվել է արդյոք, թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման արձանագրություն կազմվել է , եւ դա հանդիսացել է դեպքի վայրի զննության արձանագրությունը, քանի որ այդ ժամանակ արդեն հարուցվել էր քրեական գործ, եւ օպերատիվ քննչական խմբի կողմից համատեղ իրականացվել է դեպքի վայրի զննություն:
ՀԱՐՑ. Եթե, ինչպես պնդում եք, ոստիկանության նպատակն է եղել հրապարակում հավաքված քաղաքացիներին դուրս բերել, որպեսզի կատարվի զննություն, այդ ինչո՞ւ քաղաքացիներին հետապնդեցիք մինչեւ Մատենադարան, Հյուսիսային պողոտա, հրապարակ եւ Մ.Մաշտոցի պողոտա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցուցարարները, բացառվում է, որ հետապնդած լինեն, հնարավոր է, որ հետապնդած լինեն այն անձանց, ովքեր դիմադրություն են ցույց տված եղել ոստիկանությանը, եւ հետապնդման խնդիրը եղել է տեղում հայտնաբերել նման անձանց եւ ձերբակալել:
ՀԱՐՑ. Եթե ոստիկանությունը պետք է կատարեր մենակ տեղանքի զննություն, ապա ինչո՞ւ էիք նախապես ուժերը բաշխել այնպես, որ շրջապատեք Ազատության հրապարակի տարածքը. հետագայում երեք կողմից ոստիկանները մտել են հրապարակ, որպեսզի ժողովուրդը կարողանա դուրս գա տարածքից: Նման պլանավորված ու ինտենսիվ գործողությունները եւս չեն վկայում այն մասին, որ իրականում ոստիկանության նպատակը հրապարակը մաքրելն էր ժողովրդից ընդհանրապես, այլ ոչ թե ինչ-որ գործողության կատարման համար, ինչը ենթադրում է ժամանակավոր ժողովրդի դուրս բերումը տարածքից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման հարցին առարկայական կարող է պատասխանել միջոցառումը ղեկավարած Սաշա Աֆյանը, նա է ոստիկանության ուժերը տեղաբաշխել, եւ նա կարող է ասել դրա նպատակը: Իսկ բուն նպատակը եղել է տեղանքի հետազոտումը:
ՀԱՐՑ.Ի՞նչ է Ձեզ հայտնի 29.02.2008 թվականի ոստիկանության ՔՀՎԳ պետի առաջին տեղակալ Հ. Թամամյանի՝ ՔՀՎԳ պետ Հ. Միլիտոնյանին հասցեագրված միջնորդությանը, որով թույլատվություն է խնդրվել իրականացնել տեղանքի հետազոտում, ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման որոշման մասին ինձ ոչինչ հայտնի չէ, եւ, կրկնում եմ, օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար, եւ դրանից առաջ որոշումը կայացնելը պարտադիր պայման չէ:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռեւս փետրվարի 29-ին՝ Ձեր կողմից ոստիկանության տեղակալների, գլխավոր վարչությունների եւ ծառայության պետերի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, Դուք հանձնարարել եք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ցրել ցուցարարներին եւ արգելել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: Հանձնարարության կատարումը հանձնարարել եք Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին: Արդեն մարտի 1-ի առավոտյան ՊՊԾ գնդի անձնակազմը մուտք է գործել Ազատության հրապարակ եւ բռնի ուժի կիրառմամբ դուրս բերել ցուցարարներին Ազատության հրապարակից: Տեղին է նշել, որ նաեւ նախորդ օրը՝ 29.02.2008թ-ին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած ելույթի ժամանակ, արդեն իսկ կանխորոշել էր ցուցարարներին ցրելու հանգամանքը, քանի որ հայտարարել է, որ ոստիկանական գործողությունները կիրառելով՝ հնարավոր է մաքրել հրապարակը: Պետք է նաեւ նշել, որ բացակայում է որեւէ տեսանյութ առ այն, որ ոստիկանությունը հրապարակային դիմել է ցուցարարներին՝ հայտարարելով հրապարակում տեղանքի հետազոտում իրականացնելու մասին, սակայն առկա են անհերքելի ապացույցներ՝ ցուցարարներին հրապարակից դուրս բերելուց հետո նրանց Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում հետապնդելու մասին, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ իրականում 01.03.2008թ-ին՝ առավոտյան, ոստիկանությունը Ազատության հրապարակ գնացել է ոչ թե տեղանքի հետազոտում կատարեր, այլ ի սկզբանե նպատակադրված է եղել ցրել ցույցը եւ կանխել հետագա հնարավոր ցույցերը: ԶԼՄ-ներում հետագայում բազմիցս հիշատակվել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառման իրական նպատակը ոչ թե զենք-զինամթերքի հայտնաբերումն է եղել, այլ ցուցարարներին Ազատության հրապարակից բռնությամբ հեռացնելը, ընդդիմադիր կարեւոր գործիչներին մեկուսացնելն ու ձերբակալելը: Նշվել է նաեւ, որ ոստիկանության ծառայողները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծի են ենթարկել նրանց եւ, ի վերջո, ազատել են նրանցից հիշյալ հրապարակը: Ի՞նչ կարող եք հայտնել այդ կապակցությամբ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է իմ կողմից ցույցը ցրելու հրահանգ տալուն, ապա դա միանշանակ բացառում եմ: Որեւէ դեպքում Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին կարգադրություն չեմ տվել ցրել Ազատության հրապարակի ցույցը, հնարավոր եմ համարում, որ ոստիկանների հետ բախումից հետո ՊՊԾ գունդը մտել է հրապարակ բախումը հանդարտեցնելու, ցուցարարներին այնտեղից դուրս հանելու համար: Ենթադրում եմ, որ Երեւան քաղաքի ՊՊԾ գնդին հանձնարարված է եղել շրջափակել Օպերայի տարածքը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հայտարարությանը, ապա այդ ելույթի մասին լսում եմ առաջին անգամ: Իսկ ինչ վերաբերում է տեսանյութերի բացակայությանը, ապա իմ կողմից հանձնարարությունը եղել է, որ 02-ը տեղում նկարահանումներ կատարի, սակայն ներկայումս որտեղ են այդ տեսանյութերը, չգիտեմ: Ես հիշում եմ, որ նկարահանվել էին այդ դրվագները, երբ հրապարակում Աֆյանը մոտենում է բեմում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հայտնում է այցի նպատակի մասին, եւ որքան հիշում եմ, բարձրախոսով Սաշա Աֆյանը անգամ դիմել էր ցուցարարներին, սակայն տեղի էր ունեցել բախում: Հիշում եմ նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր դիմել ցուցարարներին՝ ասելով՝ «մեր ոստիկաններն են, սպասեք, տեսնենք՝ ինչ են ուզում», սակայն նրանք Տեր- Պետրոսյանին անգամ չեն լսել:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 18:00-ից, Շահումյան հրապարակում եւ հարակից տարածքներում գտնվող ոստիկանության ուժերի ղեկավարումը հանձնարարվել է ոստիկանապետի տեղակալ Սաշա Աֆյանին: Մաշտոց պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում ղեկավարած ուժերի ղեկավարումը հանձնարարվել է Արմեն Երիցյանին, իսկ ոստիկանության զորքերն էլ՝ Գրիգոր Գրիգորյանին: Ձեր հրահանգով հանձնարարվել է Սաշա Աֆյանին Ազատության հրապարակում գտնվող ոստիկանական ուժերի մի մասին հետ տեղափովել Շահումյան հրապարակի տարածք, թույլ չտալ ժողովրդի շարժը դեպի Հանրապետության հրապարակ, իսկ Արմեն Երիցյանին, Գրիգոր Գրիգորյանին Ազատության հրապարակում գտնվող մնացած ուժերով տեղափոխվել Մաշտոցի պողոտա եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ՝ չթույլատրելով ժողովրդի շարժը դեպի Պարոնյան փողոց, Ազգային ժողով եւ ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ կասեք այդ մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ.Այդ ամենը ճիշտ է եւ համապատասխանում է իրականությանը, նշված միջոցառումները իրականացվել են ոստիկանության կողմից, որպեսզի թույլ չտրվի մասսայական անկարգությունների ծավալումը Երեւան քաղաքի տարբեր փողոցներում: Միայն նշեմ, որ արդեն երեկոյան ոստիկանության ողջ ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին:
ՀԱՐՑ. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դուք շարունակել եք պաշտոնավարել մինչեւ 2008 թ. մայիսի 29-ը: Հայտնեք, ի պաշտոնե ի՞նչ տեղեկատվություն եք ստացել 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ եւ ի՞նչ տվյալներ ունեք, որոնք կարող են նպաստել այդ դեպքերի բացահայտմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշեմ, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ այդ օրը, Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հանգամանքներով չեմ հետաքրքրվել, տեղեկացել եմ այնքանով, որքանով ինձ զեկուցել է օպերատիվ գծով իմ տեղակալ Արմեն Երիցյանը, իսկ ոստիկանության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվություն փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Հավելյալ մանրամասնությունների՝ մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքերի վերաբերյալ չեմ տիրապետում: Նշված դեպքերի բացահայտման աշխատանքները ղեկավարել եւ կոորդինացրել է անձամբ Արմեն Երիցյանը, որից հետո արդյունքների մասին զեկուցել է ինձ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ-Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում եւ հարակից տարածքներում, մասնավորապես Պարոնյան եւ Լեո փողոցներում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանական ուժերը համալրվել են դիպուկահարներով, թե ոչ: Եթե այո, ապա ո՞ր հատվածներում են նրանք տեղակայվել եւ ի՞նչ առաջադրանք են կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը դիպուկահար չի ունեցել, միայն ոստիկանության զորքերն են դիպուկահար ունեցել, եւ այդ կապակցությամբ հիշում եմ, որ Գրիգոր Գրիգորյանը Տիգրան Աբգարյանի՝ հրազենային վնասվածք ստանալուց հետո զեկուցեց, որ տեսել են քաղաքացիական հագուստով անձի, ով եղել է զինված, եւ իրենց դիպուկահարը կրակել եւ ոտքից վնասազերծել է այդ անձին: Այդ ժամանակ իմ կարգադրությունն է եղել վերցնել նշված անձին զենքով հանդերձ, սակայն ասացին, որ չեն կարողացել հայտնաբերել այդ անձին: Այլ դիպուկահարներ ոստիկանությունը չի ունեցել այդ օրը ծառայության մեջ:
ՀԱՐՑ. Դուք մինչեւ 2008 թ. մայիսի 29-ը շարունակել եք զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը, որից հետո մինչեւ 2014 թ. զբաղեցրել եք այլ բարձրաստիճան պաշտոններ: Նման պայմաններում սույն քրեական գործի հետ որեւէ առնչություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Մասնավորապես, հանդիպումներ, շփումներ կամ քննարկումներ ունեցե՞լ եք արդյոք քննչական խմբի քննիչների, այլ պաշտոնատար անձանց կամ գործող անցնող անձանց հետ: Եթե այո, ապա ո՞րն է եղել նման հանդիպումների անհրաժեշտությունը, ումի՞ց է բխել նախաձեռնությունը, հանդիպումների ընթացքում ի՞նչ հարցեր, խնդիրներ են քննարկվել, եւ ի՞նչ լուծումներ են տրվել դրանց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ոստիկանապետ՝ որեւէ հանդիպման կամ քննարկման չեմ մասնակցել սույն քրեական գործի շրջանակներում: Արդեն իսկ նշել եմ, որ մարտի մեկին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հանգամանքները, 10 սպանությունների հանգամանքները եւ դրանք կատարողների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումների ղեկավարումը իրականացրել է Արմեն Երիցյանը, ով ստացված արդյունքների մասին զեկուցել է ինձ, եւ հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին: Իսկ ինչ վերաբերում է այլ պաշտոններ զբաղեցնելուն, ապա այդ ժամանակ նույնպես որեւէ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետել:
ՀԱՐՑ. Ճանաչե՞լ եք արդյոք ներկայումս հանգուցյալ Գեւորգ Մհերյանին: Եթե այո, ապա վերջինս 2008 թվականի ընթացքում ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել վերջինիս հետ, սույն քրեական գործի առնչությամբ որեւէ հարցի քննարկում ունեցե՞լ եք նրա հետ, թե՞ ոչ: Արդյոք այդ քննարկումները բխե՞լ են Ձեր եւ Գեւորգ Մհերյանի զբաղեցրած պաշտոնների գործառութային պարտականություններից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանաչել եմ, Գեւորգ Մհերյանը 2008 թ. մարտի 1-ին զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնը, որից հետո տեղափոխվել եւ նշանակվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնին, այդ ժամանակ արդեն ոստիկանապետ էր նշանակվել Ալիկ Սարգսյանը: Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ Գեւորգ Մհերյանի հետ որեւէ քննարկում կամ հանդիպում չեմ ունեցել:
ՀԱՐՑ.Առաջարկում եմ հայտնել 2008 թ. մարտի 1-ին եւ եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինչ տեսակի, այդ թվում հրազենային սպառազինությամբ են ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել հասարակական կարգի պահպանությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություների ժամանակ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, ովքեր մասնակցել են հասարակական կարգի պահպանությանը, զինված են եղել միմիայն պաշտպանողական միջոցներով, հատուկ միջոցներով՝ մահակ, վահան, գլխարկ, զրահաբաճկոն եւ այլ հատուկ միջոցներով, իսկ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատը զինված է եղել նաեւ անգնդակ փամփուշտներով: Իմ կողմից արգելված է եղել անգամ, որ ոստիկանության ծառայողները իրենց հետ վերցնեն տաբելային ատրճանակները. միայն մարտի 1-ի գիշերը, երբ մասսայական անկարգություններ են սկսվել, թույլատրել եմ, որ միայն ստորաբաժանման ղեկավարները իրենց հետ կրեն տաբելային ատրճանակները: Որեւէ դեպքում ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ զորքերը, մարտական փամփուշտներ չեն կիրառել, եթե նման դեպեր եղած լինեին, ապա այդ մասին ինձ զեկուցած կլինեին, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը իմ հրամանը խախտեր: Ավելացնեմ նաեւ, որ հատուկ միջոցների եւ անգնդակ փամփուշտների կիրառման համար ես կարգադրել եմ ծառայողական քննություն իրականացնել, իսկ Գրիգոր Գրիգորյանն ինձ զեկուցել է, որ ստիպված է եղել անգնդակ փամփուշտներով օդ կրակել, որպեսզի փորձեին զսպել ցուցարարներին:
ՀԱՐՑ.Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռեւս 2008 թ. փետրվարի 22-ին Ձեր կողմից ստորագրվել է թիվ 313-Ա հրամանը, որով ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ ՈԶ շտաբի պետի տեղակալ՝ նույն ինքը՝ օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ: Նշված խումբը տեղակայվել է ՈԶ թիվ 1033 զորամասում եւ հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի եւ ծառայության նկատմամբ: Ձեզ եմ ներկայացնում հիշյալ հրամանի քաղվածքը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ուսումնասիրեցի Ձեր կողմից ներկայացված թիվ 313 Ա հրամանի քաղվածքը, սակայն այն ինձ համար անծանոթ է, եւ չեմ կարողանում հիշել, թե նման հրաման ես ստորագրել եմ, թե ոչ, քանի որ ներկայացված քաղվածքում բացակայում է իմ ստորագրությունը: Բացի այդ, նշված հրամանի վերջնամասում առկա է ամսաթիվ, որտեղ ձեռագիր գրված 22 թվանշանը նման չէ իմ ձեռագրին:




Լրահոս