ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված` Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել: «Նրանց ուղարկե՛ք Հոլանդիա։ Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ։ Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա: Եւ, ահա, բրիտանական հեղինակավոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը: Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, եւ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում` հատկապես հեղափոխությունից հետո, հայ-հոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են:
Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբերվում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան` դրսում լուրջ են ընդունում եւ նույնիսկ վիրավորվում են:
Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը:
Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը:
Եւ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնարավոր բացասական հետեւանքները միջպետական հարաբերություններում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ: Ինքնաբացարկի հիմքերի թվում նաեւ նշված է դատավորի կանխակալ վերաբերմունքը «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»: Դատավոր Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է: Ու Գրիգորյանն այս առումով կարող է կաշկանդված լինել, երբ, որպես պաշտպան, դատարանում ներկայանա իր նախկին ղեկավարը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գազալցակայաններում սեղմված գազի գինը թակացել է շուրջ 100 դրամով: Նախկինում այն վաճառվել է 200 դրամով, որոշ գաղալցակայաններում` 210, սակայն երեկվանից սեղմված գազը վաճառվում էր 300 դրամով: Բանն այն է, որ երեկվանից գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Բազմիցս խոսվել է այն մասին, որ գազալցակայաններում հաճախորդներին խաբում են, եւ այս փոփոխությունը, ըստ էության, արվում է նման բաներից խուսափելու համար: Ընդ որում՝ պարզվում է` 300 դրամը միջին գինն է, եւ գազը կարող է հասնել նույնիսկ 320 դրամի: «Ոնց հաշվում ենք, 300 դրամից ցածր չի կարող լինել, որովհետեւ այդպես դա չի համապատասխանի 200 դրամի ինքնարժեքին: Նույնիսկ 300 դրամն է խնդիր առաջացնում մեզ համար: Եթե հաշվենք՝ մեկ խորանարդը 0.71 կգ է, հաշվարկ ենք անում եւ գալիս ենք նրան, որ միջին գինն է 300 դրամը: Ամեն դեպքում, կարող են ասել, որ գազը չի թանկացել»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց գազալցակայաններից մեկի աշխատակիցը:

 

 

 

Եթե տարեցտարի ավելանում է Հայաստանից ծիրանի, խնձորի, սերկեւիլի, դեղձի ու սալորի արտահանման ծավալները, միանգամայն կարելի է տրամաբանական համարել: Ի վերջո, Հայաստանում այս մրգերի պակաս չկա: Բայց, արի ու տես, Հայաստանը սկսել է արտահանել նաեւ մերձարեւադարձային մրգեր, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017թ. Հայաստանից արտահանվել է 124.3 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2018թ. այդ թիվը հասել է 524 տոննայի: 2018թ. ՀՀ-ից արտահանվել է նաեւ 4.4 տոննա բանան, մինչդեռ նախորդ տարի բանան չի արտահանվել: Նկատենք, որ 2017թ. համեմատ 2018թ. ընթացքում ավելացել են նաեւ մերձարեւադարձային մրգերի ներկրման ծավալները:

 

 

 

ԿՈՏՐԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ
Հաջողության լինում են ոչ միայն ջենթլմենները, այլ նաեւ կուսակցությունները, բայց միշտ չէ, որ ջենթլմենները նաեւ կուսակցական են լինում, իսկ կուսակցականները՝ ջենթլմեններ: Հաջողության կուսակցություններ, որպես կանոն, համարվում են իշխանություն, անդամների ու համակիրների մեծ բանակ ունեցող քաղաքական ուժերը: Ժամանակին այդպիսին էր, օրինակ, Կոմկուսը, եւ «պարտիական» լինելը կարիերայի սանդուղքով բարձրանալու եւ հաջողության հասնելու փորձված միջոց էր: Երբ խորհրդային տարածքում ավարտվեց «հաջողության կուսակցության» տոտալ իշխանության էպոխան, պարտիականներն այդժամ այլ՝ նորահայտ կուսակցություններում հանգրվանածներն էին, օրինակ՝ ՀՀՇ-ում: Երբ 2017թ.-ի ԱԺ ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին երկու-երեք ամսում 11 հազար մարդ է անդամագրվել ՀՀԿ-ին, դժվար էր պատկերացնել, որ բոլոր անդամագրվածները, որոնց մեծ մասը, ըստ մամուլի, «Գազպրոմ-Արմենիայի» եւ ՀԷՑ-ի աշխատակիցներն էին, կարդացել են ՀՀԿ-ի կանոնադրությունն ու կուսակցական են դարձել հանուն գաղափարի: /Ակնայտ էր, որ անդամագրումը եղել է ոմանց «թանկագին խաթեր համար»/: Այսինքն` այն, որ անխտիր բոլոր ՀՀԿ-ականները չէ, որ «ազնիվ պիոներականներ» են ու «գաղափարի մեռած» մարդիկ, քաջ գիտակցում էր նաեւ ՀՀԿ վերնախավը, եւ մասնավորապես` Սերժ Սարգսյանը: Նա, ի դեպ, մինչ այս ՀՀԿ համագումարներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե անդամագրումներին զուգահեռ իրենց շարքերը զտվել են «ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, բաց տեքստով հայտարարել էր, որ իր ղեկավարած ուժը ոչ միայն ազնիվ գաղափարակիրների, այլ նաեւ մասնավոր շահեր հետապնդողների, այսինքն՝ ֆիկտիվ ՀՀԿ-ականների թաքստոց է ծառայել: Հեղափոխության ու դրան հաջորդած օրերին ականատես եղանք մի տեսարանի, երբ ոմանք ցուցադրաբար պատռում ու անարգում էին իրենց ՀՀԿ-ական անդամատոմսերը, շատերն էլ սուսուփուս էին լքում ՀՀԿ-ն: Արդյոք երբեմնի «հաջողության կուսակցության» «ջենթլմենները» հենց այդ ֆիկտիվ, այսինքն՝ ապագաղափարական, մասնավոր շահերի համար «Հանրապետական մտածները» չէին, որոնք փորձության ժամին առանց խղճմտանքի լքեցին նավը: Եւ քանի որ հաջողության կուսակցության էստաֆետն այժմ ՔՊ-ն է ստանձնել, մեծ է ռիսկը, որ այժմ էլ այն կարող է անձնական շահերի սպասարկման տանիք դառնալ շատերի համար: Ուստի պետք է կոտրել այն կարծրատիպը, ըստ որի՝ կարիերա անելու ու հաջողության հասնելու համար պարտադիր է իշխող ուժին անդամագրվելը, հատկապես որ հաջողությունը հարափոփոխ երեւույթ է:




Լրահոս