ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահանման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8.6 տոկոսով, ներմուծմանը` 3.1 տոկոսով: Թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց տնտեսագետ Գագիկ Մակարյանից:

-Պարո՛ն Մակարյան, ի՞նչն է արտահանման ծավալների նվազման պատճառն այն դեպքում, երբ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով:
-Ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման ծավալների անկումն ունեցել են իրենց օբյեկտիվ պատճառները: Հիմնական խնդիրներից մեկը Վերին Լարսի վատ ճանապարհային անցումն է: Այդ ամիսներին շաբաթը մեկ մի քանի օրով փակվում էր այդ ճանապարհը: Ավելին ասեմ` ունեցել ենք արտահանում, որը 10 օր մեքենան գնալուց է ուշացել Վերին Լարսում` կանգնելով այդ խցանումների եւ վատ ճանապարհային պատճառներով. հերթեր էին առաջացել, եւ մեկ շաբաթ էլ` վերադառնալուց հետո: Այսինքն` արտահանման ծավալների վրա առաջին գործոնը, որն ազդել է, եղել է Վերին Լարսի փակումը: Այս տարի շատ կատաստրոֆիկ էր, եւ բավականին արագ էր փակվում: Արտահանման ծավալների նվազման երկրորդ պատճառը լեռնարդյունաբերական ոլորտում արձանագրված որոշակի անկումն է, որը կապված է հանքարդյունահանող գործարաններից երկուսի փակման հետ: Եւ եթե հաշվենք, որ այդ մետաղների մեջ էլ գերակշռող բաժինն ընկնում է պղնձին եւ ոսկուն, ապա պղնձի հետ կապված խնդիրներ ունեցանք, հենց այդ պատճառով արտահանման ծավալները նվազեցին:
-Իսկ ներմուծման ծավալների` 3.1 տոկոսի չափով նվազման պատճառը ո՞րն է:
-Ձեռնարկատիրական ոլորտում որոշակի արտադրություններ, շինարարական եւ այլ ոլորտներում առանձնապես չեն գեներացվել, եւ պասիվ վիճակը չի բերել ներմուծման ծավալների ավելացմանը: Տնտեսական աճը հարաբերական թիվ է, որովհետեւ այդ 6.5 տոկոսը ոչինչ չասող է: Նախորդ տարի 2018 թվականի հունվարն էր, որը ժառանգություն էր ստացել 2017 թվականից: Այսինքն` 2017 թվականի իներցիոն վիճակը փոխանցվել էր 2018թ.-ին, դրա համար էլ 2018թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ակտիվ չէր: 2018 թվականը մեզ համար եղավ հեղափոխությունից հետո ավելի ոգեշնչված եւ ակտիվ տարի, եւ 2019 թվականի սկիզբը, ես կարծում եմ, որ տնտեսական ակտիվությունը, 2018 թվականի համեմատ, պայմանավորված է հենց դրանով:
-Պարո՛ն Մակարյան, գյուղատնտեսական սեզոնի բացումը հնարավո՞ր է` արտահանման մասով դրական տեղաշարժ առաջացնի:
-Վերին Լարսի մասով, եթե եղանակը բարելավվի, խնդիր չի առաջանա: Բայց կարող է առաջիկայում այլ խնդիրներ ծագեն արտահանման մասով, հատկապես` արտահանող ընկերությունների վիճակով պայմանավորված: Մենք գիտենք, որ «Սպայկա»-ի հետ կապված հետագա գործունեության մասով ինֆորմացիա չկա առանձնապես` իրենք ակտիվությունը շարունակելու են պահել, թե ոչ, իրենց կնքած պայմանագրերը փորձելու են իրականացնել, թե ոչ: Չնայած հայտարարում էին, որ չի տուժի, բայց բոլոր դեպքերում, «Սպայկա»-ն մեծ ծավալների է տիրապետում եւ նաեւ մեծ թվով պայմանագրեր ունի` դրսի հետ կապված: Այսինքն` իր կնքած այդ պայմանագրերի չկատարելը էականորեն կազդի ցուցանիշների վրա: Անգամ եթե Վերին Լարսը բաց էլ լինի, եւ «Սպայկա»-ն պասիվ դիրքորոշում ունենա, իմ կարծիքով, դա բացասական կազդի ցուցանիշների վրա:
-Ա՞յլ խնդիր:
-Ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում էլ մենք խնդիրներ ունենք` նախորդ ժամանակներից եկած: Հիմա էլ են մնացել` սերմերի բերքատվության, տարբեր միջատների, կրծողների, հիվանդությունների հետ կապված: Ես կարծում եմ, որ դա էականորեն կազդի, որովհետեւ գյուղացիները առանձնապես չեն կարողացել դրա դեմ պայքարել: Բացի այս, նախորդ տարիներին գյուղացիներին մատչելի գներով ե՛ւ սերմացու, ե՛ւ ազոտական պարարտանյութ, ե՛ւ դիզվառելիք էր բաշխվում, իսկ այս տարի այդ մշակույթը չկա: Ենթադրում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում մենք ավելի նվազում կունենանք:
-Պարո՛ն Մակարյան, տեղյա՞կ եք` արտահանումների մասով պետական ինչ ծրագրեր կան:
-Արտահանման ոլորտի ծրագրերը նույնն են մնացել, դեռ մի բան էլ կպակասեն: Մենք ունենք արտահանման ոլորտում աջակցության մի քանի մեխանիզմներ. առաջինը այն է, որ կա արտահանման ապահովագրական հիմնադրամ, որը ապահովագրում է արտահանումը` ուսումնասիրելով այն հաճախորդին, որին դու պետք է վաճառես, որպեսզի այդ հաճախորդի հետ խնդիրներ չլինեն: Արտահանման մյուս գործիքակազմերի մասին նշվել է կառավարության ծրագրի մեջ: Բավականին մեծ թվեր է գրվել, էական տարբերություն դեռ չենք նկատում: Եւ որպեսզի արտահանումն էականորեն փոխվի, մենք ապրանքատեսականու դիվերսիֆիկացիա չենք կատարել: Այսինքն` Հայաստանում նոր տիպի ապրանքատեսակներ չեն ստեղծվել. նույն կոնյակները, նույն պահածոները, նույն ադամանդը, վերամշակված ոսկերչական իրերը: Բայց վերջին ժամանակաշրջանում հագուստի արտահանումը 80-90 դոլարի հասնող ծավալներ ունի: Մյուս կողմից` Հայաստանում տեքստիլն է արագ զարգանում, անգամ պատվերներ կան Ռուսաստանից, Եվրոպայից:
-Տեսակետ է շրջանառվում, որ ռուսական իշխանությունների ընկերներին Հայաստանը նեղացրել է, եւ ռուսական կողմը Վերին Լարսում արհեստական խոչընդոտ է ստեղծում` հասկացնելով իրենց վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ:
-Ռուսական կողմը կարող է միշտ էլ խնդիրներ առաջացնել` կապված քաղաքական իրավիճակների հետ, ընդ որում` դա չկապելով որեւէ անձի հետ, այլ ուղղակի կապված քաղաքական իրավիճակների հետ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ ՀՀ-ի ինքնուրույն լինելու ձգտումը իրենց կարող է գրգռել եւ առաջացնել նման խնդիրներ: Մենք գիտենք, որ քաղաքական խնդիրների ներքո իրենք տնտեսական սանկցիաներ միշտ էլ կիրառում են: Մյուս կողմից` նաեւ ասեմ, որ ռուսական կողմը շատ պատահական է դա անում` սննդամթերքի մեջ ինչ-որ բան հայտնաբերելը: Քանի որ մերոնք շատ դեպքերում լուրջ պատրաստված չեն գնում, հաճախ պատահական, անորակ. հետո մենք գիտենք, որ կան դեպքեր, երբ փորձել են արտահանել այլ երկրների ծագմամբ ապրանքներ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

«ԹՌՉՈՂ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ» ՃԱԽՐԱՆՔԸ

Կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի «Այաքս»-«Տոտենհեմ» առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն առավելությամբ, որն այս զույգի բացահայտ ֆավորիտ է դարձնում հենց ամստերդամցիներին:

Երբեմնի «հոլանդական մեքենան» կարծես կրկին գործի է դրել իր «շարժիչը» եւ սկսել «վրաերթի» ենթարկել Եվրոպայի ուժեղագույններին: Եթե խմբային փուլում «Բավարիայի» դեմ երկու հրաշալի հանդիպումները շատերը համարեցին պատահականություն, եթե «Ռեալին» շրջանցելը համարեցին մադրիդյան թիմի «կիսատ» լինելու արդյունք, ապա «Յուվենտուսի» դեմ առաջին եւ պատասխան խաղերը, ինչպես նաեւ «Տոտենհեմի» դեմ «առաջին ռաունդում» հաղթանակը պարզ ցույց են տալիս, որ հոլանդական թիմի հաջողությունները կիլոմետրերով հեռու են պատահականություն կոչվածից: Արդեն կարելի է ասել, որ «Ամստերդամյան հեքիաթը» տարածվել է ողջ Եվրոպայով, եւ էական չէ, թե ինչով կավարտվի այս պատմությունը` գավաթի նվաճմա՞մբ, թե՞ ոչ:
«Հասարակ ֆուտբոլը ամենաբարդն է»,- մեկ անգամ ասել էր համաշխարհային ֆուտբոլի եւ «Այաքսի» լեգենդ Յոհան Կրույֆը: Այնպիսի տպավորություն է, որ հոլանդացիները իրենց խաղը կառուցում են հենց այս խոսքերի շուրջ: Էրիկ Տեն Հագը կառուցել է մի թիմ, որին ծնկի բերելը գնալով դառնում է անհնարին: Բարձր ճնշում, կայծակնային հակագրոհներ եւ հզոր հենակետ. «Այաքսը» այս հասարակ, բայց չափից դուրս բարդ ֆուտբոլով արդեն իր գլխից բարձր է ցատկել եւ դեռեւս վայր ընկնելու միտում չունի. «Թռչող հոլանդացիները» ճախրում են` ակումբային ամենահեղինակավոր տիտղոսին ընդառաջ: «Այաքսը» ֆանտաստիկ է այս մրցաշրջանում, փառահեղ ֆուտբոլ է խաղում, բայց կարելի է ընգծել նաեւ այն փաստը, որ հաջորդ մրցաշրջանում այս թիմը ուղղակի կարող է կազմալուծվել: Արդեն հաջորդ մրցաշրջանից Ֆրենկի դե Յոնգը հանդես կգա «Բարսելոնայում», ամենայն հավանականությամբ, թիմը կլքեն նաեւ Ներեսը, Դե Լիգտնու Զիեխը, հնարավոր է` թոփ ակումբ տեղափոխվի նաեւ գլխավոր մարզիչ Էրի Տեն Հագը:
Թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում «Այաքսի» հետ, ցույց կտա ժամանակը, իսկ հիմա ուղղակի պետք է վայելել եւ ապրել հոլանդական թեժ եւ անկանխատեսելի ֆուտբոլով, որն էլ մեզ այա տարի իր ողջ շքեղությամբ մատուցում են «ամստերդամյան նվագախմբի» տղաները:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս