Վերջին շրջանում ավտոմեքենաների գները բավականին բարձրացել են: Ըստ մասնագետների` հիմնականում թանկ վաճառվում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանից անցած տարվա ընթացքում արտահանվել է 531 հատ մարդատար ավտոմեքենա, մինչդեռ 2017 թվականի արտահանված մեքենաների թիվը 323 էր: Ի դեպ, կարծիք է հնչում, թե Հայաստանից մեքենա արտահանվում է հիմնականում դեպի Ղազախստան, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանից անցած տարվա ընթացքում Ղազախստան մարդատար մեքենա չի արտահանվել. փոխարենը 205 հատ ավտոմեքենա արտահանվել է դեպի Չինաստան, իսկ 107 հատ` Ռուսաստան: Միայն 82 հատ մարդատար ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է դեպի Վրաստան, 60 մեքենա` Արաբական Միացյալ Էմիրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 5 հատ ավտոմեքենա արտահանվել է դեպի Թուրքիա: Սակայն տարօրինակն այն է, որ դեպի Գերմանիա անցած տարվա ընթացքում արտահանվել է թվով 23 մարդատար ավտոմեքենա այն դեպքում, երբ շատերը Գերմանիայից են ավտոմեքենա ներկրում Հայաստան. չէ՞ որ ավտոմեքենա արտադրող հայտնի եւ խոշոր ընկերությունները Գերմանիայում են: Ի դեպ, 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունից Գերմանիա արտահանվել է 19 հատ ավտոմեքենա: Բացի այս, նշենք, որ ՀՀ-ից 12 հատ ավտոմեքենա արտահանվել է նաեւ Լիբիական Արաբական Ջամահիրիա:
Մյուս կողմից` նկատենք, որ 2018 թվականին Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան 2017 թվականին. այսպես, պաշտոնական տվյալներով` 2018-ին ներկրվել է 65 հազար 11 հատ, իսկ 2017-ին` 37 հազար 71 հատ ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն անցած տարի 28 հազար 500 հատ ավտոմեքենա ներկրվել է Գերմանիայից, իսկ, ահա, 2017-ին Գերմանիայից ՀՀ ներկրվել է 12 հազար 300 ավտոմեքենա: Ճապոնիայից անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 17 հազար 500 ավտոմեքենա, իսկ Թուրքիայից` 164 հատ: Ռուսաստանի Դաշնությունից 683 հատ ավտոմեքենա է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն: Ի դեպ, նկատենք, որ 2017 թվականի համեմատ` անցած տարի ՌԴ-ից ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների թիվը նվազել է 56-ով:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով` թանկանում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից. «Օրինակ` ճապոնական որոշ մոդելներ կան, տղաները Էմիրատներում գնում էին 2000 դոլարով, հիմա 4 հազար դոլարով են ձեռք բերում: 7 տեղանոց մեքենաները երկու անգամ են թանկացել: Ներքին շուկայում եւս ավտոմեքենաների գները բարձրացել են 30 տոկոսով»: Բայց մասնագետը մեզ հետ զրույցում նկատեց, որ հիմնականում ղազախներն են մերոնցից մեքենա գնում: «Գալիս գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, իրենք էլ են առեւտրի մեջ, իրենք էլ են մեքենա ներկրում ու ծախում: Շունը տիրոջը չի ճանաչում: Մեր քաղաքացիների անունով գրանցվում են ու ձեռնարկատիրությամբ են զբաղվում, մեզ հետ միասին գալիս են, Վրաստանից մեքենա են բերում: Մարդիկ 100 դոլար վճարում են մեր բնակիչներին, գրանցվում են իրենց տան վրա ու գնում, մեքենա են բերում: Գնացե՛ք Վանաձորի մաքսատուն ու կտեսնեք, թե ինչ հերթեր են, ու բոլորը ղազախներ են, ռուսներ: Մեր հետ մրցակցում են»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի ստեղծվել է «Ավտոներկրող-10» ՍՊԸ-ն, որտեղ գրանցված են 6000 քաղաքացի: Ընկերությունը դարձել է խոշոր հարկատու: Շուտով կհայտնվի նաեւ հազար խոշոր հարկատուների տասնյակում:
Ի դեպ, նկատենք, որ մարդիկ սկսեցին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ՝ 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է` ըստ շարժիչի հզորության: Արդյունքում 4-5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը: Մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը կբարձրանա, ընդ որում` երեք տարեկան եւ ավելի մեքենաներինը` կտրուկ: Այս նորմերը նպատակ ունեն խրախուսել ԵՏՄ անդամ պետությունների արտադրանքի վաճառքը: Բայց փաստ է, որ անցած տարվա ընթացքում, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից ավտոմեքենաների ներկրման ծավալները 2017թ.-ի համեմատ նվազել են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ