«ԸՆՏԱՆԻՔՈՎ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ ՉԵՆՔ ԸՆԿՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն է: Մենք անդրադարձել ենք կարիերային, ընտանիքին վերաբերող թեմաների: Գրիգորը խոսել է իր հաղթահարած դժվարությունների եւ բնավորության առանձնահատկությունների մասին:

-Գրիգո՛ր, թեթե՞ւ ապրող մարդ եք, թե՞ խորամուխ եք լինում մանրուքների մեջ:
-Թեթեւ ապրող եմ:
-Ի՞նչ եք կարծում, ավելի կարեւոր է փո՞րձը, թե՞ աշխատասիրությունը:
-Առանց աշխատասիրության հնարավոր չէ առաջ շարժվել, իսկ փորձն ավելի պրոֆեսիոնալ է դարձնում մասնագետին:
-Թշնամիներ ունե՞ք:
-Ոչ, համենայնդեպս, ես այդպես եմ կարծում (ծիծաղում է): Ո՞ւմ եմ նեղացրել որ…
-Ինչպե՞ս եք վարվում էներգետիկ վամպիրների հետ:
-Նրանց հետ դժվար է, բայց տարիների ընթացքում իմունիտետ եմ ձեռք բերել:
-Երեւանում կոնկրետ որտե՞ղ եք սիրում զբոսնել:
-Ոչ հաճախ եմ զբոսնում, բայց կարեւորն այն է, որ ընտանիքիս հետ լինեմ, տեղը կապ չունի:
-Ունա՞կ եք նայելու Ձեր վախերին:
-Միանշանակ: Եթե չնայես, խնդիրների առաջ կկանգնես: Պետք է նայել եւ առաջ շարժվել, հաղթահարել դրանք:
-Երբեք չեք հասցնում…
-Բավականաչափ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Բայց ինքս ինձ խոստացել եմ, որ այդ բացն անպայման լրացնելու եմ:
-Օրվա մեջ մի փոքրիկ հատված անպայման տրամադրում եք…
-Ֆիլմեր դիտելուն: Այդպիսով փորձում եմ ինչ-որ չափով լրացնել նաեւ ընթերցանության բացը:
-Ձեր կյանքի ամենադժվար փուլը ո՞րն եք համարում:
-Ամուսնությունը: Դա նոր փուլ էր, որը ռադիկալ փոփոխություններ մտցրեց կյանքիս որակի, ապրելակերպիս մեջ: Առաջին երեխայիս ծնունդի հետ կապված փուլը եւս բարդ էր: Փառք Աստծո, խոչընդոտները միասին հաղթահարեցինք, եւ հիմա շատ գոհ եմ:
-Ձեր կինը միշտ ասում է, որ…
-Որոշ բաներ ականջիս հետեւ եմ գցում, բայց իրականում այդպես չէ, պարզապես ես ամեն բան հերթականությամբ եմ անում:
-Ափսոսում եք, որ…
-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Աստծուն շնորհակալ եմ նաեւ իմ կյանքի դժվարությունների համար: Եթե ամեն բան հեշտ տրվեր, հետաքրքիր չէր լինի:
-Զարմանում եք, երբ…
-Մարդիկ նախանձում են, իրենց անհաջողությունները բարդում են ուրիշների վրա, դիմացինից պահանջում են ավելին, քան նա պարտավոր է:
-Ո՞րն է Ձեր սիրելի թատրոնը Երեւանում:
-Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, բայց բոլոր թատրոններն էլ ունեն իրենց հետաքրքրությունը: Թեեւ ասեմ, որ հաճախ չեմ լինում թատրոններում: Երբեմն հանդես եմ գալիս նաեւ որպես դերասան: Թերեւս, ամեն բեմ իր առանձնահատկությունն ունի:
-Կենցաղում ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում:
-Թեեւ ասացի, որ թեթեւ մարդ եմ, բայց այսպիսի մի պարադոքս կա. շատ լուրջ խնդիրների կարող եմ թեթեւ վերաբերվել, դրանց համար հեշտ լուծումներ գտնել, իսկ մանրուքներից կարող եմ պայթել: Անչափ կարեւոր է նաեւ, թե ինչպիսի օր եմ ունեցել…
-Ո՞վ է Ձեր սիրելի ոճաբանը:
-Մենք ընտանիքով ոչ մի տեսակի բրենդային հագուստի հետեւից չենք ընկնում, թեեւ կան մարդիկ, որ իրենց կյանքի իմաստը դրա մեջ են տեսնում: Կարելի է հագնվել գեղեցիկ եւ ճաշակով, լինել ինքդ քո ոճաբանը:
-Ումի՞ց եք միշտ սովորում:
-Բոլորից էլ փորձում եմ սովորել: Սոկրատեսն ասել է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Դասավանդում եմ մեր դերասանական ստուդիայում եւ հաճախ սովորում եմ նաեւ երեխաներից, կլանում եմ այն, ինչ իրենք են մատուցում: Սովորելը կարեւորագույն բաղադրիչ է իմ կյանքում:
-Ո՞րն է Ձեր տարերքը՝ օ՞դը, ջո՞ւրը, հո՞ղը, թե՞ կրակը:
-Հողը: Այն կարծես ամուր կանգնելու երաշխիք է: Ի դեպ, համաստեղծությամբ այծեղջյուր եմ, եւ հողը հենց իմ տարերքն է:
-Ի՞նչն է Ձեզ դարձնում երջանիկ:
-Իմ ընտանիքը, երեխաներիս առաջընթացի ամեն քայլը: Ընդհանրապես, տղամարդու կայացման ճանապարհին մեծ դերակատարում ունի կինը, որը կարող է բարձրացնել եւ, հակառակը, տապալել ամուսնուն: Կինս միշտ բարձրացնողի դերում է: Այդ առումով եւս երջանիկ եմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է
Ըստ Le Parisein-ի` քաթարական «Qatar Sports Investments» հիմնադրամը գուցե այլեւս չֆինանսավորի ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային թիմին: Պատճառը փարիզյան թիմի, մեղմ ասած, վատ ելույթներն են Եվրոպայում: Բացի այդ, Փարիզյան թիմն անդադար հայտնվում է սկանդալների կենտրոնում, որն էլ պատիվ չի բերում Քաթարին: Հավելենք, որ «ՊՍԺ»-ն այս տարի դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից` պարտվելով «Մանչեստեր Յունայթեդին»:
Թիմը նաեւ չի կարողացել դառնալ Ֆրանսիայի գավաթակիր, իսկ ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը հարվածել է երկրպագուի, ինչն էլ առ այսօր շարունակվում է քննարկվել ու քննադատվել համացանցում:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս